Եռաբլուր. Ալլա Հակոբյան
ՏեսանյութերԿատարում՝ Ալլա Հակոբյան
Խոսքերի հեղինակ՝ Ալլա Հակոբյան
Երաժշտության հեղինակ՝ Ալլա Հակոբյան
ԵՌԱԲԼՈՒՐ
1.
Աստիճաններ դամբանատուն` վերին դաս հրավիրող….
Եկեղեցի հողից ելնող` խաչով երկինք սլացող….
«Մահն իմացյալ` անմահություն», — սյուները գլխահակ՝
Հավերժության դարպասներին կանգնած պատվո պահակ….
Հայուհիներ` թագադրված արծաթափայլ վշտով….
Ադամանդներ դարեր ի վեր ծով աչքերից հոսող...
Մարգարիտներ հողը սնող` մայր-հողը պարարտող….
Հողից աճած, հողից կառչած կորյուններ պարգեւող….
Արծաթափայլ ճերմակ վարսեր քողի պես տատանող
Հեկեկացող, հեծկլտացող քամին ձեզ զուգակցող,
Սեգ լեռներից բեկոր հատած` տապանաքար դարձրած,
Սեւ տարեթիվ, բողբոջախաչ վրան փորագրած….
Հայուհիներ` թագադրված արծաթափայլ վշտով….
Ադամանդներ դարեր ի վեր ծով աչքերից հոսող...
Մարգարիտներ հողը սնող` մայր-հողը պարարտող….
Եւ կորյուններ ազգին ծնող….
2.
Չափասահուն ձեր քայլվածքին` զանգեր համահնչող….
Դողդողացող եւ կոշտացած մատներ խաչակնքող….
Ծեր իմաստուն չորցած շուրթեր` աղոթքը կրկնող,
Հայացքն հառած լուրթ երկնքին` լուռ պատասխան սպասող….
Հայուհիներ` չինար ծառեր` մայրեր մեր սիրասուն,
Ուռենու պես` կորագլուխ, կեռվել եք սիրասուգ,
Կռանահարված հայուհիներ` քարի մոտ կռացած,
Սիրտն ալետանջ եւ կարևեր հոգու խորքում թաքցրած….
Դողդողացող ծեր մատներով տապանաքար լվացող`
Ծով աչքերից հեղեղի պես հոսող արցունքներով…
Ծանր վշտից ազնվափայլ մայրեր ալեզարդված….
Սաղարթը ձեր ընդմիշտ թախծի ճերմակ ձյունով ծածկված….
Հայուհիներ` չինար ծառեր` մայրեր մեր սիրասուն,
Ուռենու պես` կորագլուխ, կեռվել եք սիրասուգ,
Կռանահարված հայուհիներ` քարի մոտ կռացած,
Ընդմիշտ ճերմակ ձյունով ծածկված….
3.
Հայ արծիվներ Եռաբլրում մայր-հողն իր գիրկն առած….
Հայտնի-անհայտ քաջ հերոսներ` մայր-հողն ազատագրած….
Ազնվադեմ հայ զավակներ` մայրեր դիմավորող,
Զգոն, մշտարթուն արծվի հայացք` մայր-հողը լուռ հսկող….
Հայուհիներ` թագադրված արծաթափայլ վշտով….
Դարեր ի վեր տառապանքի ճանապարհով քայլող,
Հողից ելնող եկեղեցում անվերջ մոմեր վառող….
Հույսը սրտում դողդողացող մատներ խաչակնքող….
Արծաթափայլ ճերմակ վարսեր` քողի պես տատանող,
Հեկեկացող, հեծկլտացող քամին ձեզ զուգակցող,
Սեգ լեռներից բեկոր հատած` տապանաքար դարձրած,
Սեւ տարեթիվ, բողբոջախաչ վրան փորագրած….
Զգոն, մշտարթուն հայ արծվիներ` մայր-հողը լուռ հսկող….
Նոր սերունդներ, նոր կորյուններ` առյուծներին փոխող….
Ազատ, անկախ Մայր-Հայաստան, քեզ կյանքն ենք մեր տվել
Եւ հավիտյան այստեղ լռել…
Եւ հավիտյան այստեղ լռել…
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ