Վախի մթնոլորտը մեզ կործանման կտանի. ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Մշակութային«Իրավունքը» զրուցել է ռեժիսոր, «Գոյ» թատրոնի տնօրենի ժամանակավոր պարտականությունները կատարող ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ:
— Ներկա էի «Գոյ» թատրոնի ներկայացմանը, որն անցավ հանդիսատեսի ծափերի ներքո: Այսօր Ձեր հանդիսատեսից ուզում են խլել արվեստը վայելելու այդ երջանիկ պահերն ու միավորել թատրոնը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ, որի համար դատական պրոցեսների մեջ եք: Բացի դրանից, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, որպեսզի պահպանեք «Գոյը»:
— Միավորմանը մենք դեմ ենք: Կարծում եմ` դատական որոշումը կլինի հօգուտ մեզ, մեր հանդիսատեսի:
— Այսինքն` հավատո՞ւմ եք «Գոյի» դատական պրոցեսների հաղթանակին:
— Միանշանակ, եթե չհավատայինք, այդ գործով չէինք զբաղվի:
— Թատերարվեստի մարդիկ սատարո՞ւմ են թատրոնին, Ձեր կողքի՞ն են:
— Որոշ մարդիկ` այո, որոշ մարդիկ` ոչ:
— Շա՞տ են, թե՞ քիչ Ձեզ սատարող թատերարվեստի բնագավառի ներկայացուցիչները:
— Ցավոք սրտի, քիչ են:
— Ինչո՞ւ են անտարբեր, ի վերջո, միավորման անվան տակ փակվում է մշակութային օջախ:
— Մարդիկ վախենում են: Այսօր երկրի ինչ-որ հատվածներ ենք կորցնում, կորցրինք Արցախը, ո՞վ ձայն հանեց: Բնականաբար, ոչ ոք: Ավելի շատ վախ կա մարդկանց մեջ: Շատերը վախենում են իրենց պաշտոններից, ոմանք էլ` չգիտես ինչից: Իսկ այդ վախի մթնոլորտը մեզ կտանի կործանման: Լռելով` ոչ մի բանի չենք հասնի: Իսկ մենք այսօր խոսում ենք եւ կարծում, թե խոսելով կհասնենք դրական արդյունքների:
— Վախերով ապրող արվեստագետները մի օր կգա՞ն այն գիտակցման, որ իսկական հային վայել չէ նման լուռ պահվածքը:
— Մենք բազմիցս դիմել ենք, ասել ենք` միացեք մեզ, վաղը այս ամեն ինչը ձեր դուռն է գալու: Բայց մարդիկ, ցավոք սրտի, չեն արձագանքում այս ամենին: Նույնը կարելի է ասել թատերական գործիչների մասին, որոնք չեն պաշտպանում թատրոնին, այնինչ գոնե իրենք պարտավոր են:
— Ի՞նչ եք կարծում` ԿԳՄՍ-ն բյուջեն տնտեսելո՞ւ համար է ուզում «Գոյ» թատրոնը միավորի, թե՞ սա ծրագիր է:
— Ես չեմ կարծում, որ իրենք չգիտակցված ինչ-որ բան են անում: Նրանք գիտակցաբար վերացնում են մշակույթը, կրթությունը, այն ամենը, ինչը կարող է պետությունն ամրապնդել:
—Նժդեհի մասին պատմող ներկայացումից այս ամենը սկսվեց, ի՞նչ եք կարծում, սա զուգադիպությո՞ւն էր:
— Այսօր մենք խաղում ենք Նժդեհ, իսկ վաղը խոսում են միավորելու մասին: Պետք է ուղղակի հիմար չլինել եւ տրամաբանելով հասկանալ` շատ հնարավոր է, որ զուգադիպություն չէ:
— Եթե հետահայացք նետենք պատմությանը, կհիշե՞ք մի դեպք, երբ Մշակույթի նախարարությունը արվեստի օջախներ է փակել:
— Ես նման բան չեմ հիշում, որ եղած լինի: Միացման այդ ֆիկտիվ խոսակցությունների վերաբերյալ թատրոնների մի օրինակ ունենք, որն այսօր Կամերային երաժշտական թատրոնն է: Կարծես թե, միացրին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, բայց ո՞ւր է այսօր Կամերային երաժշտական թատրոնը, չկա... Երբ վերցնում ենք մեր եւ Կամերային երաժշտական թատրոնների որոշումները, երկուսն էլ նույն հիմքերով են: Կարդում ենք` ինչ հոդվածներով է վերակազմավորվել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ, հետո մեր թատրոնի մասին որոշումն ենք կարդում եւ, համեմատելով, տեսնում ենք մեր ճակատագիրը:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ