Ղրիմն իրականում գողացել էին Ռուսաստանից. Կոնստանտին Զատուլին
ՏեսանյութերԻնչպես արդեն նշել էր «Իրավունքը», Մոսկվայում տեղի ունեցած Յալթայի միջազգային համաժողովին մասնակցում էր ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԸ: Նա ասաց, որ առաջին անգամ է մասնակցում Յալթայի միջազգային համաժողովին:
— Չստացվեց, որ Յալթայում մասնակցեի այս համաժողովին, եւ հիմա այն հյուրընկալվեց Մոսկվայում: Ուզում եմ ասել, որ հաճախ չէ մարդու կյանքում լինում նման երջանկություն` տեսնել պատմական արդարության վերականգնում: Նրանք, ովքեր Խորհրդային միության փլուզումից հետո` 90-ական թվականներին, սկսեցին պայքար Ղրիմը վերադարձնելու համար, իհարկե, չէին կարող 100 տոկոսով համոզված լինել, որ մեր սերնդի կենդանության օրոք այն տեղի կունենա: Լինելով վստահ, որ այն, միեւնույնն է, կյանքի է կոչվելու, չգիտեինք, թե` երբ: Եվ ահա 2014 թվականին Ղրիմը եւ Սեւաստապոլը վերադարձան հայրենի նավահանգիստ, ինչպես ասում է մեր նախագահը: Վստահ եմ, որ Ղրիմի բարեկամները կիսում են մեզ հետ այս ուրախությունը: Ես դեռ դպրոցական տարիներից եմ ծանոթացել Ղրիմի հետ, երբ այն Խորհրդային միության կազմում էր, ու չէի հասկանում, թե ինչու Ղրիմը Ռուսաստանի կազմում չէ: Ղրիմն իրականում գողացել էին Ռուսաստանից, բայց այսօր Ուկրաինայից լսում ենք ձայներ, թե վերադարձրեք մեր Ղրիմը, մեր Յալթան, մեր ծովը, մեր Սեւաստոպոլը: Այդ երբվանի՞ց էին այս տարածքները դարձել ինչ-որ մեկինը, երբ դրանք հարյուամյակներով եղել են Ռուսաստանի մաս, եւ այս երջանկությունն այսօր մեզ հետ է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Մոսկվա-Երեւան