Ովքեր են թմրանյութ պահելու մեջ կասկածվող պրոռեկտորն ու ամբիոնի վարիչի պաշտոնակատարը
ՀասարակությունՄամուլում տարածված տեղեկությունների համաձայն, Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պարեկները Նոր Նորք վարչական շրջանի Մինսկի փողոցում հայտնաբերել են կասկածելի վարքագիծ դրսեւորող 2 քաղաքացու: Տեղում վնասազերծել են, եւ պարզվել է, որ վերջիններս նետել են իրենց գրպանից 3 փաթեթ մարիխուանա եւ 2 գլանակ:
Նշված անձինք թմրանյութ պահելու եւ օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, ապա բաց են թողնվել: Դեպքի առթիվ Քննչական կոմիտում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նշանակվել է համապատասխան փորձաքննություն՝ ներկայացված 3 փաթեթի պարունակության բնույթը, տեսակը պարզելու համար։
«Իրավունքին» հայտնի է դարձել, որ վերոնշյալ անձինք են ո՛չ ավել, ո՛չ պակաս Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր, իրավագիտության դոցենտ Սահակ Մանուկյանն ու Փիլիսոփայության եւ պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, փ.գ.թ. Հակոբ Մադոյանը: Համալսարանին մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն, տեղի ունեցածը թեպետ Մանուկյանն ու Մադոյանը փորձում են քաղաքականացնել` պայմանավորված իրենց եւ ռեկտորի վատ հարաբերություններով, սակայն կան նաեւ կարծիքներ, որ նրանցից «հեռու չէ, եւ սպասելի էր»:
Հիշեցնենք, որ Դավիթ Գյուրջինյանը մինչեւ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր նշանակվելը` հայտարարում էր, թե բուհում օդը մաքուր չէ, մթնոլորտը գաղջ է: Փաստորեն, այսպե՞ս էր Գյուրջինյանը պատկերացնում, թե ինչպես «գաղջ» մթնոլորտը փոխի` այն դարձնելով «պայթած», բայց երջանիկ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ