Բոլորին հայտնի կիթառիստը կյանքի վերջին ակորդը նվագեց՝ աղերսելով օգնություն
Մշակութային
Երեւանյան եւս մի գույն պակասեց… Այլեւս կենտրոնական փողոցներում չենք լսի միայնակ կիթառիստի՝ ԳԵՎՈՐԳ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ կամ հայտնի ԳԵՎԻ նվագը, որը երբեմն գուցե նյարդայնացնում էր, բայց անհերքելի էր, որ որակյալ երաժշտություն էր սփռում իր շուրջ եւ «գժական» էներգիա հաղորդում մայրաքաղաքին:
Կոնսերվատորիայի այգու եւ Օպերայի հարակից տարածքի մոտ՝ ռոքային հագուստներով առանձնացող երաժշտի մշտական դարձած նստարանին երեկ շատ խոնարհված ծաղիկներ կային… Այնտեղ հավաքվել էին մարդիկ, ովքեր անկեղծ սիրել ու գնահատել են նրա արվեստը, հիշում էին, տխրում, ափսոսում: Այո՛, արտիստը միայն հետմահու արժանացավ ծաղիկների, մինչդեռ կենդանության օրոք շատերի համար շարքային մուրացիկ էր, ու քչերը գիտեին, թե ով էր իրականում: Իսկ իրականում նա նոր սիմֆոնիկ ոճի հիմնադիր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Ավետ Տերտերյանի սանն է եղել:
Հանրակրթական դպրոցում Գ. Աղաջանյանի երգ-երաժշտության ուսուցիչն է եղել մեծանուն կոմպոզիտորը: Սակայն, նա այդպես էլ մասնագիտական երաժշտական կրթություն չի ստացել. երկու անգամ ընդունվել, բայց այդպես էլ չի ավարտել Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջը: Այդուհանդերձ, 80-ականների վերջերին հանդես էր գալիս «Սինկոպա», ապա Artemida ռոք խմբերում, որտեղ համագործակցում էր երաժիշտներ Լեւոն Հախվերդյանի (հարվածային գործիքներ), Այծեմնիկ Ղեւոնդյանի (կիթառ) եւ շատ այլ հայտնի անունների հետ: Արդեն 90-ականների սկզբին նա մասնակցում էր բարեգործական համերգների Սյունիքում եւ Արցախում: Գեւորգ Աղաջանյանը նաեւ Մոսկվայում է ելույթներ ունեցել՝ հրավեր ստանալով այնպիսի երաժշտական խմբերի կողմից, ինչպիսիք են «Пантера»-ն, «Воздух»-ը:
2007-ին ջազ, բլյուզ, ռոք նվագող երաժիշտը վերադարձավ Երեւան՝ հույսով որեւէ ակումբում աշխատանք գտնել, մինչդեռ շուրջ մեկ տարի ոլորտում աշխատանք գտնելու ջանքերն անցան ապարդյուն: Նրան ընդունեց միայն փողոցը, եւ իր հանդիսատեսը դարձան երեւանյան անցորդները, որոնց ողորմությամբ էլ ապրում ու զբաղվում իր սիրած երաժշտությամբ: Բայց ճակատագիրն այսքանով չբավարարվեց ու ավելի անողոք գտնվեց: 55-ամյա երաժիշտը տառապում էր քաղցկեղով: Ինքը ծանր վիճակում, կորցրեց նաեւ մորը: Ընդամենը երեք օր առաջ էր սոցցանցում տեսանյութ հրապարակել, չարաբաստիկ քաղցկեղը նրան մաշել էր այնքան, որ խոսքն այլեւս դժվար էր հասկանալ, բայց նա օգնություն էր խնդրում:
«Խնդրում եմ՝ օգնեք, ես կամաց-կամաց մահանում եմ, հիշողության կորուստ է սկսվել ինձ մոտ», - սրանք էին նրա վերջին խոսքերը, որը, որպես տեսաուղերձ, հրապարակել էր իր սոցցանցային էջում: Իսկ ավելի վաղ հղել էր նաեւ իր վերջին մաղթանքը. «Բուժումս շատ ծանր եմ տանում, բայց ցանկանում եմ բոլորիդ՝ ուրախ ժամանց, լավ օր, լավ երեկո…»:
«Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել եւ մանրամասներ պարզել տեղի ունեցածի մասին նաեւ հիվանդանոցում նրա վերջին այցելուից՝ ԷԼԵՆ ԱՂԱՄԱԼՅԱՆԻՑ:
«Գեւորգին մոտ 14 տարի գիտեմ, որպես դրսի երաժիշտ՝ միշտ ժպիտով ու որակյալ երաժշտությամբ: Ցավոք, իր մոտ քաղցկեղ էր, ու օրգանիզմը հյուծվեց: Ես իր վերջին այցելուն էի… Մայրը, ով միշտ իր հետ էր, մահացավ, եւ այդ սթրեսից հետո նա սկսեց վատանալ: Շատ կապված էին… Երեւանը կորցրեց գունապնակի եւս մի գույն»,– ասաց Է. Աղամալյանը:
Այցելության ժամանակ Էլեն Աղամալյանին երաժիշտն անգամ այդ ծանր վիճակում ասել է, որ ուզում է նվագել բոլորի համար, ստեղծագործել եւ բարեւներ է փոխանցել բոլորին:
«Շատ բան իրեն պետք չէր, զուտ ուշադրություն էր ուզում, դրանից թեւեր էր առնում: Կարծում եմ` տվեցի նրան այդ թեւերը: Ու նա առավոտյան ճախրեց, գնաց դեպի հավերժություն»,– պատմեց մեռնող երաժշտին մենակ չթողած անծանոթուհին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ