Չենք կարող խոսել, որ մեզ չեն աջակցում, այս իշխանությունն է որոշել, որ Հայաստանին պաշտպանություն պետք չէ. Միքայելյան
Ներքաղաքական
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարում էր, թե բացառված չէ, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում կարող է կայանալ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները Իլհամ Ալիեւի հետ՝ Շառլ Միշելի, Էմանուել Մակրոնի եւ Օլաֆ Շոլցի մասնակցությամբ: Փաշինյանը նշել էր, որ այդ օրը փաստաթուղթ չի ստորագրվի, միեւնույն ժամանակ, պնդել. «Ասել ենք՝ մենք շարժվում ենք «Խաղաղության օրակարգով», հնարավորինս արագ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր»: Այս մասին «Իրավունքը» զրուցել է «Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ հետ։
— Եթե այդ «խաղաղության պայմանագիրը» միջազգային կարգավիճակ ստանա, Հայաստանի համար այն ի՞նչ գին կարժենա:
— Նախ սկսենք հավանականությունից, որ այդ պայմանագիրը կստորագրվի: Այս խոսակցությունները, որ չի ստորագրվելու, Փաշինյանը ուղղում է երրորդ կողմերին, սա արտացոլում է որոշակի դիվանագիտական առեւտրի առկայությունը եւ որոշակի գործընթաց, որը արտահայտում է նաեւ Ադրբեջանի զորքերի տեղաշարժով, որով Ալիեւը փորձում է Փաշինյանի վրա ճնշում գործադրել: «Խաղաղության պայմանագիր» կոչվածը առհասարակ խաղաղությանը միտված չէ, Ադրբեջանը դրա տակ հասկանում է առաջխաղացում, նախ լեգիտիմացում այն ագրեսիվ պատերազմի, որը վարել է 2020թ.–ին: Այսինքն՝ Արցախի օկուպացված տարածքների ճանաչումը իր կազմում հայկական կողմից: Բացի այդ, Ադրբեջանը արդեն կարողացել է Փաշինյանից բանավոր, նաեւ գրավոր ցանկանում է ստանալ Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում: Ադրբեջանը նաեւ ուզում է լրացուցիչ տարածքային զիջումներ, որոնք վերաբերում են, այսպես կոչված, անկլավներին` այն տարածքներին, որոնք ադրբեջանական ԽՍՀՄ–ի կազմում են եղել: Բայց այն գործընթացը, որ Հայաստանին կփոխհատուցվի Խորհրդային Հայաստանի տարածքում եղած տարածքները, այդ թվում` այն տարածքները, որոնք Ադրբեջանը գրավել է 90–ականներին եւ այն տարածքները, որոնք Ադրբեջանը գրավել է 2021թ.–ից սկսած, դրա մասին խոսք չի գնում: Այսպիսով` սա եւս պետք է հաշվի առնել, բացի այդ, Ադրբեջանը ուզում է այս բանակցությունում ստանալ «Զանգեզուրյան միջանցք», որը ենթադրում է տարբեր ձեւաչափերով Սյունիքի վրա վերահսկողություն: Եվ այստեղ մի ճանապարհի մասին չէ խոսքը, «Զանգեզուրի միջանցքի» տակ Ադրբեջանը հասկանում է երեք ավտոճանապարհ, մեկ երկաթգիծ, մեկ նավթամուղ, մեկ գազամուղ: Սա ներառում է ամբողջությամբ «Զանգեզուրի միջանցքի» տակ: Բացի այդ, Ադրբեջանը այստեղ հավանաբար մտցնելու է կետեր Հայաստանի ապազինման մասին, եւ այդ ամեն ինչը, իհարկե, ստեղծելու է պայմաններ, որպեսզի Ադրբեջանը հետագայում վարի ագրեսիվ պատերազմ Հայաստանի նկատմամբ:
— Ստացվում է, որ ոչ մի պահանջ Հայաստանը չի ներկայացնելու, այլ պահանջ է ներկայացնելու միայն Ադրբեջանը՝ Թուրքիայի «քավորությա՞մբ»:
— Փաշինյանի օրոք բացառվում է, որ Հայաստանը պահանջատերի դերում հանդես գա:
— 2020թ.–ի 44–օրյա պատերազմից հետո Հայաստանը հնարավորություններ ունե՞ր վերադառնալու բանակցային սեղանի շուրջ, որտեղ Արցախը չէր դառնա ադրբեջանական:
— Ցանկացած պարագայում մենք ունենք գործընկեր, թե` չունենք, կամ ո՞վ է մեր գործընկերը, առաջին գործոնը պետք է լիներ Հայաստանի անվտանգային համակարգի եւ բանակի վերականգնումը, այդ ուղղությամբ որեւէ քայլ չի արվել: Հիմա կասեն՝ Հնդկաստանից ինչ–որ զենք է ձեռք բերվել, դա համակարգային քայլ չէ եւ Հայաստանի պաշտպանվածությանը շատ քիչ օգուտ է տվել առայսօր: Որպեսզի բանակը մարտունակ լինի, դրա համար առաջին հերթին պետք է կարգուկանոն, ենթակառուցվածքներ, ավելի բարձրացված որակի սպայական կազմ, Պաշտպանության նախարարության, որպես պաշտպանական համակարգի ինստիտուտ, արդյունավետ աշխատանք եւ լիքը այլ բաներ, որտեղ ինչ-որ էլեմենտ կարող է հանդիսանալ զենք–զինամթերքը: Այդ խնդիրը չլուծված՝ մի ինչ–որ զենք է գնվում ու հայտարարվում է, որ դրանով հարցը լուծված է, ո՛չ, իհարկե, ահավոր ծուլացած է այսօրվա դրությամբ հայկական բանակը, եւ առաջին անգամ 2023թ.–ին տեսել ենք, որ հայկական բանակը ժողովրդի վստահությունը չի վայելում: Համակարգային խնդիրը եղել է այն, որ Հայաստանը իր անվտանգությամբ չի զբաղվում, մնացածը, որ ինչ–որ մեկը պետք է ապահովեր մեր անվտանգությունը, ինքնին անգրագիտություն է:
— Հայաստանը ունե՞ր հնարավորություններ ստանալու ռազմական աջակցություն ինչ–որ երկրից:
— Դեռ 2021թ.–ի սկզբից Հայաստանը ուներ առաջարկներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, որոնք պատրաստ էին Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերել: Երկու առաջարկից էլ հրաժարվել է Փաշինյանը: Բացի այդ, մենք ունեցել ենք 2021թ.–ի արդեն սեպտեմբերին ռազմական աջակցության առաջարկ Իրանից, որը եւս մերժվել է, եւ այսպիսով` մենք չենք կարող խոսել, որ մեր գործընկերները մեզ չեն աջակցում, մենք միայն պետք է խոսենք, որ այս իշխանությունը որոշել է, որ Հայաստանին պաշտպանություն պետք չէ: Կան աշխարհում բազմաթիվ երկրներ, որոնք շահագրգռված են Թուրքիայի համաշխարհային ամբիցիաների զսպումով, բայց այս իշխանությունը այս ձեւից հրաժարվել է եւ հակառակը, ամեն ձեւով աջակցում է թուրքական ծրագրերի իրականացմանը, ըստ այդմ` հնարավոր չէ ակնկալել, որ մենք կարող ենք որեւէ դիվանագիտական հաջողություն ունենալ: Եթե Հայաստանը լքում է Արցախը, եթե Հայաստանը իր կողմից ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը արդեն միջնորդն ասել է, որ առաջին անգամ է դա տեղի ունեցել` ի հակառակ նրան, թե ինչ է հայտարարում այսօրվա գործող իշխանությունը, ապա պարզ է, որ Հայաստանի կարողությունը այդ ուղղությամբ, փաստորեն, սահմանափակում է: Հիշեցնեմ, որ Արցախի պաշարումը տեղի է ունեցել Փաշինյանի՝ Պրահայում արված հայտարարություններից եւ պայմանավորվածություններից հետո, իսկ ամբողջական պաշարումը տեղի է ունեցել Փաշինյանի՝ Հայաստանի խորհրդարանում ապրիլի 18–ին արված հայտարարություններից հետո, դա Բաքուն ազդանշան է ընկալում: Ներկայիս իշխանությունը համամասնակից է Արցախի շրջափակմանը, եւ խոսել այստեղ Հայաստանի անկարողության մասին, որպես երկիր, չի կարելի, բայց` այո՛, իշխանությունը անկարող է կամ ավելի շուտ մասնակցում է այս գործընթացին: Փաշինյանը բացահայտ ասել է, որ եթե մենք անօգուտ փորձենք պաշտպանել Արցախը ու դրա փոխարեն ջանքերն ուղղենք «խաղաղության պայմանագիր» կնքելուն, ապա ավելի մեծ հաջողություն ենք ունենալու: Այսինքն՝ նրա համար հաջողությունը Ադրբեջանին ամեն ինչ հանձելն է, այլ ոչ թե Արցախը պաշտպանելը: Այո՛, Փաշինյանը ամբողջությամբ հրաժարվել է հայկական պահանջատիրությունից, ցեղասպանության հարցից, ամեն ինչից, եւ դրա արդյունքն է այսօրվա իրավիճակը: Հիշեցնեմ նաեւ, թե ինչ է ասել պաշտոնական Բաքուն, թե` իրենք ավելի շատ են պաշտպանում Արցախը, քան` Փաշինյանը:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ