Չկա աշխարհում ժողովուրդ, որտեղ մի մասին ենթարկում են ցեղասպանության, մյուսը հանդարտ ապրում է. Հովհաննիսյան
Ներքաղաքական
«Այլընտրանքային նախագծեր» խմբի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ կարծիքով՝ ստեղծված իրավիճակից ելքը պայքարի ինստիտուտ ստեղծելն է: Ըստ նրա` Արցախում կարող է ձեւավորվել այդ ինստիտուտը, բայց նաեւ Հայաստանում պետք է ձեւավորվի:
— Պատկերացրեք` Արցախում գնում է վատագույն սցենար, Հայաստանում հանդարտ ապրել չի լինելու, դժոխք է լինելու, քաոտիկ վիճակ է լինելու, ոչ մեկը չի ճանաչելու փողոցում` ով ում է ինչ անում, չկա աշխարհում պետություն եւ ժողովուրդ, որտեղ մի մասին ենթարկում են ցեղասպանության, մյուս մասը հանդարտ ապրում է: Եթե Արցախում պայքար կա, ազգային վերածնունդ եւ ատամներով պետություն պահելու գործընթաց, այստեղ նույնը պիտի գնա: Ուրախ կլինեմ, որ այդ գործընթացը լինի Սահմանադրության շրջանակում, բայց ոչ մեկը չի երաշխավորում, որ այլ սցենարներ չեն լինի: Նույն Արցախում 30 տարի առաջ գնացին պետական պաշտպանության կոմիտեի տարբերակով ու կարողացան իրավիճակից դուրս գալ: Մենք պետք է սրենք իրավիճակը: Հակառակ դեպքում` քրոնիկ վիճակով Ադրբեջանը գնալու է Արցախի խեղդամահության եւ արագ անցնելու Հայաստանին: Բայց պետք է սրենք իրավիճակը` հաշվարկված, գրագետ քայլերով: