ՊԵԿ-ը տոտալ թալանով է զբաղված. Պն նախկին շենքի բնակիչները շարունակում են ահազանգել
ՏեսանյութերՈւղիղ 40 օր է, ինչ ՊՆ նախկին շենքի բնակիչները մնացել են անօթեւան եւ արդեն 40 օր է նստացույց են իրականացնում՝ հենց այդ տարածքում: Նրանք շարունակում են ահազանգել, որ իրենց աչքի առաջ «Պետեկամուտների կոմիտեն տոտալ թալանով է զբաղված»:
«Արդեն մի քանի օր է ծառ ու շինանյութ են կրում այստեղից: Բա գոռում էին, թե շենքը պետական սեփականություն է: Ինչի՞ են պետական սեփականությունը տանում, իրենց կնանիքի համար բիսեդկա սարքեն»,- ասաց նստացույց իրականացնող քաղաքացիներից մեկը:
Ի դեպ, հիշեցնենք, որ ոստիկանական ուժերով ՊՆ նախկին շենքից վտարված քաղաքացիները նամակով դիմել էին Պետեկամուտների կոմիտեին, մասնավորապես պահանջելով՝ գոնե ժամանակավոր վերադառնալ իրենց բնակարանները՝ մինչեւ հարցի վերջնական լուծումը՝ զգուշացնելով, որ չեն ընդունելու որեւիցե ժամանակավոր լուծում: Ինչպես նաեւ պահանջել էին իշխանության երեք օղակների՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ոստիկանության եւ ՊԵԿ-ի այս հարցում լիարժեք անգործության եւ այլ բացթողումների շտկում ու քաղաքացիների իրավունքների վերականգնում, իրենցից գողացված ապրանքների վերադարձ:
Եվ թեպետ արդեն մի քանի շաբաթ է պարբերաբար ակցիաներ են իրականացվում ՊԵԿ-ի դիմաց, բայց ներկայացված պահանջների վերաբերյալ որեւէ արձագանք չկա: Սակայն, ՊՆ նախկին շենքի քաղաքացիները ստացել են պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ առ այն, որ իրենք էլ Ներքին գործերի նախարարությունից, Պետական եկամուտների կոմիտեից եւ Միասնական սոցիալական ծառայությունից խնդրում են քննարկել ներկայացված պահանջները եւ արդյունքների մասին տեղեկացնել դիմողներին: Ըստ էության, ստացվում է, որ կառավարության վերին օղակներում չեն շտապում հարցին լուծում տալ եւ գնդակը թողնում են ՊԵԿ-ի դաշտում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ