Եթե հայ զինվորը և զինվորականը իմանա, որ իր թիկունքը ամուր է և պետությունը միասնական, իրեն ոչինչ չի կարող հաղթել․Ինչ է կատարվել սեպտեմբերի 13-14-ին ՀՀ արեւելյան սահմանագծում
Հանդիպում
Սեպտեմբերի 13-14-ը ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանին առկա ռազմական գործողությունների վերսկսման առաջին իսկ օրը, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, իր առանձնակի կամավորական գումարտակի վաշտով ռազմական գործողությունների թատերաբեմ՝ արևելյան սահմանագիծ մեկնեց կամավորական վաշտի հրամանատար Վան Ահարոնյանը Ինչ էր կատարվում այդ օրերին սահմանում, ինչպես են տղաները դիմակայել թշնամու օդային հարվածներին մեզ հետ զրույցում պատմեց հենց Վանը, նախ նկատելով․
-Մեր հրամանատարության գլխավորությամբ շատ արագ կազմակերպվեց կամավորական առանձնակի գումարտակ։ Գումարտակը անմիջապես տեղակայվեց հայ-ադրբեջանական սահմանի արևելյան սահմանագծում, տրվեց հստակ խնդիրներ, որը պատվով և պատասխանատվությամբ կատարվել է։ Իրավիճակը հաճախ սրվել է հակառակորդի կողմից, սակայն իրավիճակը ամբողջությամբ միշտ գտնվել է և գտնվելու է մեր զինված ուժերի վերահսկողության տակ։
Վանը փաստում է․
-Հինգերորդ սերնդի պատերազմը ունի ռազմավարական հստակ կանոններ։ Մեր հրամանատարությունը գործել եւ գործում է գրագետ։ Ես վստահ եմ, որ քաղաքական բարենպաստ պայմանների և ազգային համախմբման պայմաններում, որը վստահ եմ կլինի մոտալուտ ժամանակահատվածում, մենք շատ ցավոտ կզարմացնենք մեր հակառակորդին, և կհիշեցնենք նրանց, որ մենք՝ մենք ենք, իսկ իրենք՝ իրենք են, ոքեր փախչում էին մեր առջևից։
Ճիշտ կառավարման պարագայում մեր զորքը մարտի դաշտում կարող է հրաշքներ գործել, ընդամենը պետք է զարթնեցնել հայ զինվորականի պայքարող և չհանձնվող գենետիկ հիշողությունը։ Եթե հայ զինվորը և զինվորականը իմանա, որ իր թիկունքը ամուր է և պետությունը միասնական, իրեն ոչինչ չի կարող հաղթել։ Սա ոչ թե ասում եմ զգայական առումով, այլ սառը հաշվարկներ հաշվի առնելով։ Որպեսզի ոչ մեկի առանձին պահվածքը չառանձնացնեմ ամբողջություն, ընդհանուր կարող եմ գնահատական տալ, որ մեր զինված ուժերը ոչնչից չեն վախենում, պատրաստ են պատռել յուրաքանչյուր թշնամու, ու թող ոչ մեկ հանկարծ չփորձի կասկածի տակ դնել մեր գիտելիքներն ու ունակությունները։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ