Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում տեղի կունենա «Եղբորս» երգի շնորհանդեսը
Մշակութային«Եղբորս». այսպես է կոչվում երգահան Րաֆֆի Ալթունյանի հեղինակած նոր երգը, որը կարոտի ու միաժամանակ հայրենիքին անսահման նվիրումի խոսք է` հանուն զոհված եղբոր։
Երգը կատարում է 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Ներսես Մովսեսյանի եղբայրը՝ Վարդգես Մովսեսյանը, ով բժիշկ է եւ բազմաթիվ կյանքեր է փրկել ռազմաճակատում։
Երգի տեսահոլովակի ռեժիսոր Վահե Յանը հիմքում դրել է զոհված հերոսների լուսեղեն նկարներով ազգային պետության խորհրդանիշները ձեւավորելու միտքը, որտեղ բոլոր հերոսների, Արցախի, հայրենիքի գաղափարը մեկտեղվում է ազգային արժանապատվությունը, հաղթողի համբավն ու պատիվն արթնացնելու հույսով։
Վահե Յանը հենց այն ռեժիսորն է, ով վերջինը տեսավ ամբողջական Արցախն իր աչքերով, զգաց այն իր մարմնի ամեն մի բջիջով եւ նկարահանեց լիամետրաժ վավերագրական ֆիլմ՝ «Արցախ. հավերժի սահմանին»։ Այնպես որ, «Եղբորս» տեսահոլովակը ռեժիսորի կորստի ցավի, ցասման, ազգային արժանապատվության, հայի տեսակի մասին պատմող խոսք է նաեւ։
«Եղբորս» երգի եւ տեսահոլովակի շնորհանդեսը տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը՝ 20։30-ին Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում։
Ցուցադրություններ կկազմակերպվեն նաեւ Արցախի Հաթերք, Վանք, Մարտակերտ (օգոստոսի 13), Ասկերան, Ճարտար (օգոստոսի 14) բնակավայրերում։