Պետք չէ՛փրփուրներից կախվել. դրանք ոչ մեկի դեռ չեն փրկել. Տեր Զարեհը` Ալենին
Հասարակություն«Այսօր հերթական անգամ Ազգային Ժողովի բարձր ամբիոնն օգտագործվեց մեր ազգին «սորտավորելու» համար` այս անգամ այն «խավերի» բաժանելով։
Անձնավորությունը, որը զբաղեցնում է Ազգային Ժողովի նախագահի բարձր պաշտոնը, առիթն ու հնարավորությունը բաց չթողեց, որպեսզի, կրկին աչքի ընկնի իր ընդգծված հակաեկեղեցականությամբ։ Հոգեւորականներիս վիրավորական բնորոշումներով մեղադրում է, որ մենք գտնվում ենք ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։
Հիշեցնենք Ալեն Սիմոնյանին, որ հոգեւորականները 2018 թվականին ցուցարարների առջեւից էին քայլում, որպեսզի հնարավոր բախումներից զերծ պահեին հասարակությանը, հիշեցնենք նաեւ, որ տխրահռչակ փաստաթղթի ստորագրման արդյունքում խռովված հասարակությունը, երբ պատրաստ էր անսպասելի եւ անկանխատեսելի պոռթկումների, իմիջիայլոց իշխող կուսակցության ներկայացուցիչներից շատերը սարսափած «վախենում էին իրենց քիթները բունկերներից դուրս հանեին», եկեղեցականներն էին իրենց պաշտպանում մարդկանց արդարացված ցասումից։
Որպես հաշտարար, հայրենի սահմաններից ներս, Եկեղեցին միշտ հանդես է եկել խաղաղության անունից, իսկ որպես պայքարի առաջնորդ` արտաքին թշնամիների դեմ ազգային ազատագրական պայքարում։
Հ.Գ. Պետք չէ՛փրփուրներից կախվել. դրանք ոչ մեկի դեռ չեն փրկել։ Ամուր կառչեք ձեզ նետված փրկօղակից, որը զղջումն է եւ ապաշխարհությունը», - գրել է Արժանապատիվ ՏԵՐ ԶԱՐԵՀ քահանա ԱՇՈՒՐՅԱՆԸ։