Ինչը կարող է պատճառ դառնալ` ժողովրդական նոր դժգոհության եւ ներքաղաքական իրադրության սրման
ՆորություններԵկավ տեւական ժամանակ անոնսավորվող եւ քաղաքական ուժերի կողմից խոստացված թեժ աշունը: Ըստ ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ` սա քաղաքական տեխնոլոգիա է եւ, որպես կանոն, քաղաքական թեժացման մասին միշտ խոսում են ընդդիմադիրները, եւ երբեք չի եղել այնպես, որ այդ մասին խոսի իշխանությունը, սակայն թեժ աշուն կամ թեժ այլ եղանակի մասին խոսելիս չի կարելի պնդել, որ դրանք փաստազուրկ են, ինչի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ:
– Պարոն Քեռյան, Ձեր դիտարկմամբ` ներքաղաքական առումով ի՞նչ կարելի է սպասել, այսպես կոչված, թեժ աշնանից:
– Ըստ էության, թեժ աշուն ասելով` ընդդիմությունը մինչ ակցիաներ, գործողություններ իրականացնելը փորձում է հասարակության մեջ տպավորություն ստեղծել, որ իրենք սպասում էին, եւ ահա հարմար պահը եկել է, նոր եղանակ է, ու իրենք կդիմեն վճռական քայլերի: Իհարկե, դրա համար կա որոշակի հիմք, օրինակ, կորոնավիրուսի դեմ պայքարի որոշ անհաջողությունները, մասնավորապես այն, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է մահերի եւ վարակվածների քանակով, լինելով պատերազմական վիճակում` մեր երկիրը նույնիսկ ենթարկվում է տնտեսական որոշակի շրջափակման խստացման եւ, բնական է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում առաջանում են լուրջ տնտեսական դժվարություններ: Իմ կարծիքով` ընդդիմությունը հաշվարկ է անում կորոնավիրուսի դեմ մղած պայքարի ոչ փայլուն արդյունքների եւ տնտեսական գործունեության շուրջ դժվարությունների վրա: Սակայն ամենագլխավոր կռվանը ներդրումների բացակայությունն է, ինչը կարող է առաջացնել ժողովրդական նոր դժգոհություն եւ սրել ներքաղաքական իրադրությունը: Իսկ եթե կառավարությանը հաջողվի առաջիկա ամիսներին որոշակի միջոցառումներով մեղմել տնտեսական դժվարությունները եւ ապահովել սոցիալական վիճակը, ինձ թվում է` ոչինչ էլ չի լինի: Միայն մի բան կարող է իրավիճակը թեժացնել, եթե արցախյան ճակատում լինեն ռազմական գործողություններ, որոնց հանդեպ հասարակությունը գերզգայուն է: Սահմանում յուրաքանչյուր սրացման, զոհի, պատերազմի վտանգի մասին լուրը կարող է քաղաքական անկայունության պատճառ դառնալ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Գ. Քեռյանի հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք քիչ անց: