Iravunk.com | ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2016Թ. ՀՈՒՆՎԱՐ)
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video) «Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելոռուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2016Թ. ՀՈՒՆՎԱՐ)

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2016Թ. ՀՈՒՆՎԱՐ)

 


Հայկ Գաբրիելյան

Թուրքագետ

Թուրքիա-Ռուսաստան

Տնտեսական. Հունվարին Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները շարունակեցին մնալ լարված։ Հունվարի 1-ին ուժի մեջ մտան Թուրքիայի դեմ Ռուսաստանի սահմանած սննդային սահմանափակումները և վիզային ռեժիմը, ինչը խնդիրներ ստեղծեց նաև ավիահաղորդակցության ոլորտում։ Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը Ռուսաստանին մեղադրեց «միջազգային ավիացիոն նորմերը խախտելու» համար՝ «կամայականություն» որակելով թուրքական ավիաընկերությունների անձնակազմերի համար վիզայի անհրաժեշտության հարցը, ինչի պատճառով թուրքական մի շարք ավիաընկերություններ (Pegasus Airlines, Onur Air) ժամանակավորապես դադարեցրին չվերթները Ռուսաստան։

Թուրքական մամուլը հունվարին գրեց, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը չեղյալ է հայտարարել թուրքական մասնավոր ընկերությունների համար 2015թ. տված գազային զեղչը։ Խոսքը թուրքական վեց (Bosphorus Gaz, Enerco Enerji, Batı Hattı, Kibar Enerji, Avrasya Gaz և Shell Enerji Rusya) մասնավոր ընկերության մասին է, որոնք 2015թ. հունվարի 1-ից օգտվել են 10.25%-անոց զեղչից։ Դրանք 2013-ից միասին տարեկան ներկրում են 10 մլրդ մ3 ռուսական գազ։ Հիշեցնենք, որ թուրքական մասնավոր այդ ընկերությունները ռուսական գազ ներկրում են Արևմտյան (Անդրբալկանյան) գազատարով, որը Թուրքիա մուտք գործող 4 հիմնական գազատարներից մեկն է։ Դրանից առաջ թուրքական կողմը գազային զեղչ էր պահանջել Ռուսաստանից, սակայն չստանալով այն՝ չէր երկարաձգել 1986թ. 25 տարով կնքված գազային համաձայնագիրը, որով BOTAŞ պետական խողովակաշարային ընկերությունը տարեկան ներկրում էր 6 մլրդ մ3 գազ։ Ի դեպ, BOTAŞ-ը 2015թ. հոկտեմբերին դիմել է միջազգային միջնորդ դատարան՝ բողոքարկելով ռուսական գազի գինը։

Հունվարին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարեց, թե Ռուսաստանը պատրաստ է «Թուրքական հոսք» գազատարի նախագծի իրագործմանը՝ պայմանով, որ եվրոպացի և թուրք գործընկերները հետաքրքրություն ցուցաբերեն դրա նկատմամբ: Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքն իր հերթին հույս հայտնեց, որ կշարունակվի Ռուսաստանի հետ էներգետիկ, այդ թվում նաև ատոմային նախագծերի իրագործումը:

Հունվարին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե ընդլայնվելու են շինարարական ոլորտում Թուրքիայի դեմ սահմանափակումները։ Ոլորտում ներկայումս աշխատում է 300 թուրքական ընկերություն՝ $50 մլրդ-ի պայմանագրերով։ Պուտինի խոսքերով՝ դրա շնորհիվ Ռուսաստանում կստեղծվի 87.000 աշխատատեղ: Ակնկալվում է, որ 2016թ. ռուսական պատժամիջոցների պատճառով Թուրքիայի տնտեսական վնասները կկազմեն $4 մլրդ։ Թուրքիան, սակայն, մտադիր է ռուսական պատժամիջոցների կապակցությամբ բողոք հղել ԱՀԿ-ին։ Հունվարին Թուրքիայի դեմ պատժամիջոցներին միացավ նաև Աբխազիան։

Հունվարին չկայացավ Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյայի այցը Ստամբուլ՝ ՍԾՏՀԿ նիստին մասնակցելու համար, որտեղ կազմակերպության նախագահությունը կես տարով հանձնվեց Ռուսաստանին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այցը դառնալու է Թուրքիայի կողմից «Սու-24»-ի խոցումից հետո Ռուսաստանից Թուրքիա բարձրամակարդակ առաջին այցը։

Քաղաքական. Հունվարին Ռուսաստանը և Թուրքիան շարունակեցին փոխանակել մեղադրանքներ, որոնք ավելի ու ավելի հնչեղ են դառնում՝ չնայած Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե պատրաստ է ցանկացած ժամանակ հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ռուսաստանին մեղադրեց «սիրիացի փախստականների մահվան» համար, որոնք գրեթե ամեն օր խեղդվում են Էգեյան և Միջերկրական ծովերով Եվրոպա հասնելու փորձի ժամանակ։ ՌԴ ԱԳՆ-ն իր հերթին հայտարարեց, որ ԵՄ-ում ներգաղթյալների հոսքն աճել է Թուրքիայի պատճառով, որն աջակցում է Սիրիայում գործող ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին։ Մեկ այլ դեպքում Դավութօղլուն հայտարարեց, որ եթե Ռուսաստանը չի կարողանում Սիրիայի տարածքում ամբողջովին ոչնչացնել ԻՊ-ին, ապա թող Թուրքիային թույլ տա անել դա: Դավութօղլուի այս խոսքերը կարելի է մեկնաբանել միայն որպես Թուրքիայի կողմից Սիրիա ցամաքային ռազմական ներխուժում ձեռնարկելու ցանկության արտահայտություն, սակայն Ռուսաստանը դարձել է զսպիչ գործոն։ Թուրքիան այդ ներխուժումը ցանկանում է իրականացնել ենթադրաբար ԻՊ վերահսկած Ազեզ-Ջերաբլուս հատվածում (98 կմ)։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր հերթին հայտարարեց, թե «Ռուսաստանը չի պայքարում ԻՊ-ի դեմ և ձգտում է Լաթաքիայում ստեղծել իրեն ենթակա գաճաճ պետություն»: Բացի այդ, նա հայտարարեց, թե «Թուրքիան Ռուսաստանին թույլ չի տա Սիրիայի հյուսիսում կառուցել նոր ռազմակայան»՝ մեկնաբանելով այն լուրերը, որ մոտ 100 ռուս զինծառայողր ու փորձագետ է հայտնվել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Քամըշլը քրդաբնակ քաղաքի շրջանում, որոնց հետաքրքրել է տեղի լքյալ օդանավակայանը։

Ինչ վերաբերում է ռուսական կողմի հայտարարություններին, ապա ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Թուրքիան քողարկված խաղ է տանում տարածաշրջանում՝ հետապնդելով նեղ շահեր, նկատելով, որ Հալեպի նահանգի զինյալները համալրում են ստացել Թուրքիայից։ Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն Թուրքիային կոչ արեց դադարեցնել երկրի քրդաբնակ շրջաններում խաղաղ բնակչության ոչնչացումը։ Պուտինն իր հերթին հայտարարեց, որ «Սու-24»-ի դեպքից հետո ՆԱՏՕ-ում պաշտպանություն որոնելու գործողությունները ստորացուցիչ են Անկարայի համար՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիայի վրա ոչ ոք չի հարձակվել։ Այստեղ պետք է նշել, որ Թուրքիան սիրիական հակամարտության ընթացքում շարունակ փորձել է սահմանային սադրանքների միջոցով ՆԱՏՕ-ին ներքաշել դրանում՝ գործելու համար ՆԱՏՕ-ի քողի ներքո և հետապնդելով նեղ շահեր, սակայն ՆԱՏՕ-ն տուրք չի տվել դրանց։ Թուրքիան այժմ էլ փորձում է ՆԱՏՕ-ին ներքաշել Ռուսաստանի հետ հակամարտությունում (Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիայի օդային տիրույթի խախտումը, ՆԱՏՕ օդային տիրույթի խախտում է, և որ այս իրավիճակում առաջնային պլան պետք է դուրս գա ՆԱՏՕ-ն)։ Արևմտյան մամուլը, փորձագիտական շրջանակները նշում են, որ Թուրքիան հատել է «կարմիր գիծը», դարձել անհուսալի գործընկեր, և թերևս ժամանակն է բարձրացնելու Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու հարցը։ Թուրքիան վերջին շրջանում ՆԱՏՕ-ի համար վերածվել է լուրջ գլխացավանքի։

Հունվարի վերջին Թուրքիան վերստին Ռուսաստանին մեղադրեց իր օդային տիրույթը խախտելու համար, ինչի կապակցությամբ Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը կանչվեց Թուրքիայի ԱԳՆ, իսկ Էրդողանը վերստին Պուտինի հետ հանդիպելու ցանկություն հայտնեց։ Թուրքական կողմի պնդմամբ՝ ռուսական «Սու-34» մարտական ինքնաթիռը, չնայած ռուսերեն և անգլերեն արված զգուշացումներին, խախտել է Թուրքիայի օդային տիրույթը։ Թուրքական կողմն այս անգամ չի հայտնել, թե որ հատվածում է գրանցվել միջադեպը և որքան ժամանակով է խախտվել իր օդային սահմանը։ Ռուսաստանը հերքել է իր ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային սահմանի խախտումը։ Այստեղ, եթե անգամ ընդունենք, որ Թուրքիան ճիշտ է և խնդրին նայենք նրա տեսանկյունից, ապա ծագում են մի շարք հարցեր։

Թուրքիա-ԱՄՆ

2016թ. հունվարը լեցուն էր թուրք-ամերիկյան բարձրամակարդակ շփումներով։ ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբների ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը ժամանեց Թուրքիա, այցելեց Ինջիրլիքի ավիաբազա, հանդիպումներ ունեցավ իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի և Ահմեդ Դավութօղլուի հետ։ Հանդիպումների օրակարգում երկու հիմնական հարց է եղել՝ Բաշիքայի ճամբարում (Իրաք) Թուրքիայի կողմից զորք տեղակայելը, որը հարուցում է ԱՄՆ մտահոգությունը, և ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցությանն (PYD) աջակցելը, որը հարուցում է Թուրքիայի մտահոգությունը։ Բացի այդ, կողմերի ուշադրության կենտրոնում են գտնվել թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը, ռուս-թուրքական լարված հարաբերությունները, ԻՊ-ի դեմ պայքարը։

Հունվարին հեռախոսազրույց տեղի ունեցավ ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Բարաք Օբամայի և Ռեջեփ Էրդողանի միջև, որի ժամանակ նրանք կողմ արտահայտվեցին ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության խորացմանը։ Օբաման դատապարտեց Ստամբուլի և Դիարբեքիրի ահաբեկչական հարձակումները։ Օբաման Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադիի հետ հունվարին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիային կոչ էր արել Իրաքից դուրս բերել իր զորքը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը աջակցում է Իրաքի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և Թուրքիային կոչ էր արել անել նույնը։

Հունվարին հաղորդվեց, որ Էրդողանը մարտի 31-ին մեկնելու է ԱՄՆ՝ մասնակցելու Մերիլենդ նահանգում իսլամա-օսմանյան համալիրի բացմանը։ Հունվարին երկօրյա այցով Թուրքիա ժամանեց ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որն Էրդողանի և Դավութօղլուի հետ քննարկեց ԻՊ-ի դեմ պայքարում ավելի սերտ համագործակցության հնարավորությունները, Թուրքիայի և Իրաքի միջև առաջացած լարվածությունը, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարը։ Բայդենը կրկնեց ԱՄՆ այն դիրքորոշումը, թե PKK-ն և PYD-ը տարբեր բաներ են, մինչդեռ Դավութօղլուն պնդեց, թե «PKK-ն ու PYD-ը նույնն են, երկուսն էլ ահաբեկչական կազմակերպություն են»։

Հունվարին Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարեց, թե ԱՄՆ-ը անբավարար է համարում ԻՊ-ի դեմ պայքարում Թուրքիայի ջանքերը՝ գտնելով, որ այն կարող է անել ավելին՝ կապված Իրաքի և Սիրիայի հետ իր երկար, անպաշտպան սահմանով երկու ուղղությամբ զինյալների շարժի հետ։ Թուրքիան շարունակում է հրաժարվել փակել Սիրիայի հետ սահմանը։

Թուրքիա-ԵՄ

Հունվարին Թուրքիան վիզային ռեժիմ սահմանեց երրորդ երկրներից ժամանող սիրիացիների համար, ինչը, սակայն, չտարածվեց այն սիրիացիների վրա, որոնք հատում են Թուրքիայի հետ ցամաքային սահմանը։ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարեց, որ իրենք պլանավորում են սիրիացի փախստականներին աշխատելու թույլտվություն տալ, ինչը կօգնի նրանց հարմարվել երկրում։ Չնայած այդ ամենին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանս Թիմերմանսը, որը հունվարին այցելեց Թուրքիա, հայտարարեց, որ Եվրոպան գոհ չէ նրանից, թե Անկարան ինչպես է լուծում փախստականների խնդիրները։

Հունվարին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարեց, որ Թուրքիան Եվրոպայի միգրացիոն խնդրի լուծման բանալին է (ի դեպ, Թուրքիան բանալի երկիր են համարում նաև ԻՊ խնդրի լուծման հարցում՝ կապված Սիրիայի սահմանը փակելու հետ). «Մենք ունենք Թուրքիայի կարիքը, եթե ցանկանում ենք այս տարի լրջորեն նվազեցնել Եվրոպա փախստականների հոսքը»։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին անհրաժեշտ համարեց հնարավորինս արագ իրագործել փախստականների խնդրի հաղթահարման վերաբերյալ ԵՄ-Թուրքիա պլանը։

Die Welt-ին տված հարցազրույցում Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտարարեց, թե ԵՄ-ը վտանգավոր կախվածության մեջ է ընկել Թուրքիայից՝ կապված միգրացիոն ճգնաժամի լուծման հետ։

Հունվարին կիպրական մամուլը հայտնեց, որ թուրքերենը կարող է դառնալ ԵՄ 25-րդ պաշտոնական լեզուն։ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը կառավարությանը հանձնարարել է զբաղվել այդ հարցով՝ ԵՄ պատկան մարմիններին դիմելով, որպեսզի թուրքերենն ամրապնդվի որպես կազմակերպության հերթական պաշտոնական լեզու։ Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Մուսթաֆա Աքընջըն ողջունել է այդ նախաձեռնությունը։

Հունվարին Թուրքիա այցելեցին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հահնը։ Նրանք Թուրքիայում քննարկեցին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը, վիզային ռեժիմի ազատականացումը, փախստականների հոսքի խնդիրը, Թուրքիայի քրդաբնակ շրջանների դեպքերը, Թուրքիայում մարդու իրավունքների հարցը։ Խոսելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցային գործընթացի մասին՝ Մոգերինին հայտարարեց, թե վերջին շրջանում բացվել է բանակցային նոր գլուխ, ինչը շատ կարևոր է։ Մոգերինիի խոսքով՝ Թուրքիայի համար Եվրոպան առևտրային ամենամեծ գործընկերն է, և կողմերը կշարունակեն քայլեր ձեռնարկել հարաբերությունների խորացման ուղղությամբ։ 3 մլրդ եվրոյի հետ կապված՝ Մոգերինին հայտարարեց, որ այդ գումարը Թուրքիային կհատկացվի ոչ թե որպես «գրպանի ծախս», այլ նախատեսված կլինի փախստականների կարիքների համար։ Ընդգծվում է, որ Մոգերինին ցանկացել է այցելել Թուրքիայի քրդաբնակ շրջաններ՝ ռազմական գործողությունների գոտի, սակայն նրան թույլ չեն տվել անել դա, և Մոգերինին ափսոսանք է հայտնել այդ կապակցությամբ։

Թուրքիա-Իրան, Սաուդյան Արաբիա

Հունվարին շարունակեցին սրվել թուրք-իրանական առանց այդ էլ լարված հարաբերությունները։ Մինչ այդ իրանական կողմը դատապարտել էր Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը և Իրաքում զորք տեղակայելը, իսկ հունվարին տեղի ունեցավ Իրանի և վերջին շրջանում հարաբերությունները Թուրքիայի հետ սերտացրած Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների սրացում։ Թուրքիայի ԱԳՆ-ն մտահոգություն հայտնեց Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև աճող հակամարտության կապակցությամբ և նրանց հանդարտության, զգուշավորության ու «դիվանագիտական լեզվին» վերադարձ կատարելու կոչ արեց։ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարեց, թե իրենք դեմ են ցանկացած մահապատժի, հատկապես երբ դա ունի քաղաքական շարժառիթներ՝ հավելելով, որ իրենք չեն ուզում, որ Սաուդյան Արաբիան և Իրանը հակամարտեն: Էրդողանն անթույլատրելի համարեց Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա կատարված հարձակումը՝ նշելով, որ Իրանի իշխանություններն անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել դրա պահպանման համար։

Թուրքական մամուլը հայտնեց, որ Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ: Իրանական կողմը, սակայն, հերքեց իր դեսպանին Թուրքիայի ԱԳՆ կանչելը՝ հայտարարելով, որ Անկարայում Իրանի դեսպան Ալիռեզա Բիգդելին ինքն է հանդիպում խնդրել Թուրքիայի ԱԳՆ-ում, որպեսզի ներկայացնի տարածաշրջանի վերջին դեպքերի շուրջ Իրանի դիրքորոշումը։

Հունվարին Մևլյութ Չավուշօղլուն քննադատեց Իրանին՝ հայտարարելով, որ «Իրանի կողմից սիրիական վարչակարգին աջակցելը նպաստում է Սիրիայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի մեծացմանը»։ Էրդողանը նույնպես քննադատեց Իրանին՝ հայտարարելով, թե «Իրանը փորձում է միջդավանաբական ատելությունը վերածել կոնֆլիկտների, միտումնավոր գնում է Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունների սրացմանը, աշխատում է վառել վտանգավոր գործընթացի պատրույգը» (Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիան Իրանին իրեն հակառակորդ չի համարում՝ չնայած Սիրիայի և Իրաքի հարցերում առկա տարաձայնություններին):

Ուշագրավ է, որ Էրդողանը 2015թ. վերջին հայտարարել էր, թե վերջնական չի համարում Իրանի և «վեցյակի» միջև ձեռք բերված «միջուկային» համաձայնագիրը։ Էրդողանի վերջին հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ նա հուսահատ ջանքեր է գործադրում տարածաշրջանում Իրանի ազդեցությունը սահմանափակելու ուղղությամբ։ Էրդողանը տեսել է, որ Թուրքիան մերձավորարևելյան տարածաշրջանում խստապես տանուլ է տվել Իրանի հետ մրցակցությունը, որն այդ ժամանակ գտնվել էր միջազգային պատժամիջոցների տակ, որոնց զգալի մասն արդեն վերացված է, և ակնկալվում է տարածաշրջանում Իրանի ազդեցության կտրուկ մեծացում, ինչը չի կարող չզայրացնել Թուրքիային, ինչպես նաև Սաուդյան Արաբիային։ Իրանի (նաև Սիրիայի և Իրաքի) հարցում ընդհանուր շահեր ունեցող սուննի այս երկու երկրների իշխանությունները միավորել են իրենց ջանքերը և այժմ տարբեր կերպ փորձում են Իրանին ներքաշել սադրանքների մեջ՝ նրան «ագրեսորի» կերպար հաղորդելու համար, որպեսզի փորձեն թույլ չտալ, որ այն վայելի «վեցյակի» հետ միջուկային գործարքի պտուղները։

Թուրքիա-Սիրիա, Իրաքշ

Հունվարին Դավութօղլուն և Չավուշօղլուն հայտարարեցին, թե Թուրքիան դեմ է Ժնևում կայանալիք միջսիրիական բանակցություններին PYDմասնակցությանը՝ ընդգծելով, որ այդ բանակցությունների մասնակիցների խմբերի ձևավորման ժամանակ չպետք է թույլ տալ ահաբեկչական կազմակերպությունների մասնակցությունը։ Չավուշօղլուն հայտարարեց, թե Թուրքիան կբոյկոտի Սիրիայի վերաբերյալ բանակցությունները՝ PYDմասնակցության դեպքում։ Այդ քայլն արդյունք տվեց. PYD-ը չստացավ հրավեր: Հայտարարվեց, որ այն հրավեր կստանա քիչ ավելի ուշ։

Հունվարին հաղորդվեց, թե թուրք զինվորականների խումբը հարվածի է ենթարկվել Սիրիայում ԻՊ վերահսկած գոտուց, ինչից հետո Թուրքիան տանկերով ու հրետանով հասցրել է պատասխան հարված։ Սիրիան բողոք հղեց ՄԱԿ-ին՝ Թուրքիային մեղադրելով վերջին 5 տարում իր սահմանները բազմիցս խախտելու, ագրեսիվ ակցիաներ իրականացնելու, սահմանով աշխարհի տարբեր երկրներից վարձկանների հոսքին նպաստելու համար։ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը հայտարարեց, թե Թուրքիան, իր սահմանները բաց պահելով ահաբեկչական խմբերի առջև, սպառնալիքի տակ է դրել իր իսկ անվտանգությունը՝ այդպես էլ դասեր չքաղելով նրանից, որ ահաբեկիչները հետ են վերադառնում իր մոտ։

Հունվարին հաղորդվեց, որ ԻՊ-ը հարձակվել է Բաշիքայի ճամբարի վրա, սակայն թուրք զինվորականները հետ են մղել գրոհը։ Իրաքյան կողմը հերքել է դա։ Հայդար ալ-Աբադին հայտարարեց, թե Թուրքիան մտադիր է տարածաշրջանի տարածքներում վերստեղծել Օսմանյան կայսրությունը։ Աբադին ընդգծել էր, որ Բաղդադում չեն տեսնում ապացույցներ, թե Թուրքիան պայքարում է ԻՊ-ի դեմ։

Թուրքիա – Եգիպտոս, Իսրայել, Հունաստան

Հունվարին Հունաստանն ու Իսրայելը միացան ԻՊ-ից նավթ գնելու հարցում Թուրքիային մեղադրող երկրների թվին՝ այդ մասին հայտարարություններ անելով պաշտպանության նախարարներ Պանոս Կամենոսի և Մոշե Յաալոնի մակարդակով։ Կամենոսը Թուրքիային մեղադրեց նաև Հունաստանի օդային տիրույթը խախտելու համար։ Հունվարին շարունակվեցին թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները։ Անգամ հաղորդվեց, որ Դավոսի ֆորումի շրջանակներում կարող է տեղի ունենալ Նեթանյահու-Դավութօղլու հանդիպում, որը կդառնա վերջին 7 տարում Իսրայելի և Թուրքիայի առաջնորդների առաջին հանդիպումը։ Չավուշօղլուն հունվարին հայտարարեց, թե հարաբերությունների կարգավորման համար Իսրայելը պետք է կատարի Թուրքիայի 3 նախապայմաններից մնացյալ երկուսը («Մավի Մարմարայի» միջադեպի համար ներողություն խնդրելուց բացի, պետք է վճարի նաև փոխհատուցում և վերացնի Գազայի հատվածի շրջափակումը)։ Իսրայելական մամուլի հաղորդմամբ՝ Եգիպտոսն Իսրայելից պահանջել է պարզաբանել Թուրքիայի հետ հաշտեցման նախագծի մանրամասները։ Եգիպտոսին մասնավորապես հետաքրքրել է, թե Իսրայելն արդյոք պատրաստ է թույլատրել Գազայի հատվածում Թուրքիայի ազդեցության մեծացում։

Հունվարին Եգիպտոսը Թուրքիայից պահանջեց դադարեցնել իր ներքին գործերին միջամտելը, ընդունել ստեղծված ստատուս քվոն և փոխարենն ուշադրություն դարձնել մարդու իրավունքների խախտումների վրա։ Դրանից առաջ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, թե Եգիպտոսի քաղաքական իրադարձությունները ռազմական հեղաշրջման հետևանքն են։ Հունվարին թուրքական մամուլը գրեց, որ Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ անցկացված բանակցությունների ժամանակ Թուրքիայի իշխանությունները մոտեցել են նրան, որ օրինական ճանաչեն Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի կառավարումը՝ պայմանով, որ Եգիպտոսի կառավարությունը չեղյալ հայտարարի «Մուսուլման-եղբայրներ» շարժման անդամների մահապատժի վճիռը։

Թուրքիա-Վրաստան, Ադրբեջան

Հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի ֆորումի շրջանակներում հանդիպեց Դավութօղլուի հետ և քննարկեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն ու փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած այլ հարցեր։ Հունվարին տեղի չունեցավ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որը պետք է անցկացվեր դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի վերջին։ Հաղորդվեց, որ հանդիպումը Թբիլիսիում կկայանա փետրվարի 19-ին։ Ուշագրավ է, որ նույն օրը Թուրքիայի Քայսերի քաղաքում տեղի է ունենալու երեք երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպումը, որին մասնակցելու է նաև այդ երկրները ներկայացնող շուրջ 500 գործարար։ Հունվարին հայտնի դարձավ, որ Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան եռակողմ մեխանիզմի ստեղծման միջոցով մեղմացնում են Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղով բեռնափոխադրումների համար մաքսային ընթացակարգերը։ Բացի այդ, նրանք պետք է հստակեցնեն ԲԹԿ շահագործման պայմաններն ու սակագնային քաղաքականությունը։

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը հունվարին հայտարարեց, թե Թուրքիան պատրաստ է մասնակցել Ադրբեջանում պետական գույքի մասնավորեցման գործընթացին (ավելի վաղ հաղորվել էր, որ Ադրբեջանում կիրականացվի պետական գույքի մասնավորեցման մասշտաբային գործընթաց)։ Բացի այդ, նա հայտարարեց, որ 2016-ը Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում կդառնա էներգետիկայի և տրանսպորտի տարի, և որ ԲԹԿ բացումը տեղի կունենա այս տարի։ Հայտնի է, որ ԲԹԿ ադրբեջանական և վրացական հատվածները պատրաստ են, և որ պատրաստ չէ միայն թուրքական հատվածը։ Ըստ ամենայնի՝ Թուրքիան միտումնավոր է ձգձգում, քանի որ Ադրբեջանը շարունակ չի համաձայնում վերացնել Թուրքիայի հանդեպ միակողմանի վիզային ռեժիմն ու ստորագրել ազատ (արտոնյալ) առևտրի ռեժիմ։ Սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունների, այդ թվում նաև առևտրային, կտրուկ վատթարացումը կարող է Թուրքիային մղել ԲԹԿ իր հատվածի կառուցումն արագացնելուն, որով Ադրբեջանի միջոցով դուրս կգա նաև Կենտրոնական Ասիա։



Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելոռուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода