Երբ ԿԳՄՍ նախարարն ամբողջ ազգին համոզում է, թե ինքն ազգակործան կերպար չէ
Արխիվ 16-20
Չորս կարեւոր գերատեսչությունների նախարարն ամբողջ ազգի առաջ բառացի համոզում է, որ ինքն ազգակործան կերպար չէ, պատմում է, թե մեր եկեղեցին որքան կարեւոր է իր համար, կարծես թե, այս իրողությունները հայ ժողովրդի համար նոր են եւ կարիք ունեն ֆեյսբուքյան ինչ-որ ուղիղ եթերով լրացուցիչ տեղեկացնելու: Ահա այս մասին էր ԿԳՄՍ նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հովհարային անջատումներով կազմակերպված «վերջին օրերի» ուղիղ եթերը։
Մեկ ժամ ոչինչ չասող այս տխուր եթերը ավարտվեց նույն անորոշությամբ։ Միայն պարզեցինք, որ դպրոցների բացվելու ուրախալի լուրը խորը անհանգստություններ են պարունակում, որովհետեւ այդպես էլ պատշաճ չիրազեկեց, թե ինչպիսին է լինելու այդ ընթացակարգը, միայն պարբերաբար շեշտվում էր, որ մատղաշ երեխաները պետք է դիմակ դնեն, ու սա նորմալ է։ Ահա այսպես են աշխատում նախարարությունում նրանք. եթերում են հայտնվում, մեզ ասում են՝ մենք ենք որոշել ու լավ ենք արել եւ վերջ: Իսկ ժողովուրդը պետք է զվարթ կեցվածք ընդունի եւ համաձայնվի։
Օրինակ, արդարացիորեն հարց է առաջանում՝ ինչո՞ւ դպրոցներից հանեցին «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան, շուրջ 6 ամիս այս հարցն է հնչում տարբեր ամբիոններից, իսկ գիտե՞ք ինչ է պատասխանում հայտնի նախարարը, մեջբերենք բառացի. «Մենք հայ եկեղեցու պատմությունը դարձրել ենք հայ ժողովրդի պատմություն եւ դրանով իսկ ավելի ենք արժեւորել եկեղեցին»:
Փաստորեն, ինչպես չէինք կռահել, որ դրա համար են հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, ահա որտեղ է թաքնված կրթական բարեփոխումների «հանճարը»։ Իհարկե, ավելորդ է նշել, որ այս պաշտոնը զբաղեցնող մարդու համար նման պարզաբանումը մեկնաբանության կարիք չի էլ զգում։ Պարզապես, եկեղեցի սիրող նախարարից կարելի էր սպասել, որ նա կարծիք հայտնողներին, խավարամիտ եւ ստախոս անվանելուց առաջ՝ գոնե անդրադարձ կատարեր Մայր Աթոռի կրթական հարցերով հանձնախմբի պաշտոնական տեսակետին կամ ԳՀԽ հայտարարությանը կամ ենթադրենք հոդաբաշխ բացատրություններ տար, թե ինչո՞ւ են նրանք կասկածելի 11 հոգանոց թիմով բոլորիս փոխարեն որոշել, որ մեր երեխաները Հայ Եկեղեցու պատմություն չեն անցնելու, ինչո՞ւ է նախարարությունը իրեն վեր դասում շահառու բոլոր ինստիտուտներից եւ մարմիներից, այդ ո՞ր վստահությամբ է Հարությունյանը հայտարարում, թե իրենք կարող են մեր երեխաների մեջ ազգասիրություն եւ հավատք սերմանել, երբ ամբողջ օրը փնովում ու վատաբանում են բոլոր բնագավառի մասնագետներին, այս ի՞նչ աշխատելաոճ է եւ ո՞ւր է սա տանելու։ Թեպետ վերջին հարցի պատասխանն ակնհայտ է՝ պարզվեց ամենամութ ժամը լուսաբացից առաջ չէ։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ