Սա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել Մալխասյան
Ներքաղաքական
«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ հետ
«ՍՐԲԱԴԱՍՎԱԾ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՓԱՅՓԱՅԵԼԸ ՍՈՍԿ ՀՈԳԵՎՈՐ ՊԱՐՏՔ ՉԷ»
— Ըստ Ձեզ` որո՞նք են այն շեշտադրումները, որով պետք է առանձնանար Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, որը ներկայումս բացակայում է պետական մոտեցումներում:
— Որպես վերաբերմունքի արտահայտություն պատմության նկատմամբ՝ անհրաժեշտ է հասկանալ, որ մենք չենք կարող պատմական իրողությունները դիտարկել օրվա իշխանությունների հայտարարությունների լույսի ներքո։ Հատկապես, երբ խոսքը պատմական հարցերի մասին է, մեծ է վտանգը, որ ժամանակավոր քաղաքական օրակարգերի ազդեցությամբ կարող ենք հայտնվել մի վիճակում, որտեղ փաստերը խեղաթյուրվում են, կամ փորձ է արվում մոռացության տալ դրանք։ Այսպիսի մոտեցմամբ վտանգ կա, որ հրաժարվենք մեր պատմական հիշողությունից՝ ի շահ տվյալ պահին քաղաքականապես հարմար դիրքորոշման։ Սակայն պետք է ընդգծել, որ պատմական իրականությունը չի կարող պայմանավորված լինել որեւէ օրվա քաղաքական ցանկությամբ։ Մեր պարտքն է ճանաչել եւ հարգել այն, ինչ եղել է՝ անկախ այսօրվա իշխանությունների դիրքորոշումից։ Հայոց ցեղասպանության փաստը ոչ միայն վիճարկման ենթակա չէ, այլեւ այն խորապես արմատավորված է մեր ժողովրդի հիշողության մեջ՝ որպես մեր ինքնության հիմնասյուներից մեկը։
Մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, շարունակելու է ընդունել եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմական ճշմարտություն։ Այս համոզմունքը բխում է ոչ միայն ազգային ինքնագիտակցությունից, այլեւ` անձնական պատմություններից՝ փոխանցված սերունդներին։ Արեւմտահայության ժառանգների ընտանիքներում ցեղասպանությունը ոչ թե պարզապես պատմական փաստ է, այլ` կենդանի հիշողություն՝ հենված տառապանքի, ցավի ու արյան վրա։ Հենց այս պատճառով էլ կարեւոր է, թե ինչ օր ենք նշում, ինչ ենք հիշում եւ ինչպես ենք ոգեկոչում մեր նահատակներին։ Մասնավորապես, Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը փայփայելը սոսկ հոգեւոր պարտք չէ, այլ՝ պատմական պատասխանատվություն։ Մոտ տասը տարի առաջ՝ երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սրբադասեց նահատակներին, այդ քայլը ոչ թե պարզապես կրոնական արարողակարգ էր, այլ նաեւ` ազգային ինքնագիտակցության խորացում։ Այդ մարդիկ՝ մեր նախնիները, իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հավատքի, հայրենիքի եւ հայկական ինքնության։
Բացի այդ, սխալ է պնդել, թե հայերն ընդհանրապես չեն դիմադրել։ Հայկական ինքնապաշտպանական մարտերը՝ Վանի, Մուսա լեռան, Զեյթունի եւ այլ վայրերի հերոսական պայքարները, ապացուցում են, որ դիմադրություն եղել է։ Սպանդի պայմաններում անգամ հայ ժողովուրդը փորձել է պաշտպանել իր տունը, իր արժանապատվությունը, իր ապագան։ Սակայն, ցավոք, երբ պետությունն է գործում որպես ցեղասպան մեքենա, իսկ իշխանությունն ընկած է կազմակերպված թուրքական վերնախավի ձեռքը, դիմադրությունը հաճախ պարզապես չի բավարարել։ Հետեւաբար, պատմության նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է լինի սթափ, պատասխանատու եւ հիշողության պահպանումը՝ անշեղ։ Միայն այսպես կարող ենք փոխանցել ճշմարտությունը մեր սերունդներին՝ չթողնելով, որ պատմությունը կեղծվի կամ մոռացվի։
— Ուղիղ 10 տարի առաջ նշվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Եթե այսօրվա իրողությունների հետ զուգահեռ անցկացնենք, ի՞նչ պետք է փաստենք:
— Այս տարին, բնականաբար, ձեւավորվել է մի շարք գործոններով, որոնց արմատները հասնում են նախորդ իշխանությունների քաղաքական ոճին։ Հատկապես այդ ժամանակաշրջանում ձեւավորվեց ակնհայտ մի միտում՝ բաց երկխոսություն վարելու քաղաքական տարբեր ուժերի հետ՝ ազգային կարեւոր հարցերի շուրջ։ Այդ երկխոսություններից մեկն էլ վերաբերում էր Հայոց ցեղասպանության թեմային։ Այս համատեքստում կարող ենք հիշատակել նաեւ համահայկական օրակարգի կարեւոր մի փուլ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ընդունված համահայկական հռչակագիրը։
Հիշում եմ, որ շատերը՝ այդ թվում ներկայիս իշխանության որոշ անդամներ, ժամանակին քննադատում էին այդ հռչակագիրը՝ համարելով, թե այն պակաս հայրենասիրական է կամ բավարար չափով ազգայնական շեշտադրում չունի։ Բայց այսօր, երբ ականատես ենք լինում հայտարարությունների, որոնք բացահայտ կերպով նսեմացնում կամ նույնիսկ մերժում են ցեղասպանության փաստը, այդ քննադատությունները առավել քան մտահոգիչ են դառնում։
Ավելին՝ մենք տեսնում ենք քաղաքական քայլեր, որոնց նպատակն է Հայոց ցեղասպանության հարցը դուրս բերել արտաքին քաղաքական օրակարգից։ Այդ մոտեցումը ոչ միայն կասկածի տակ է դնում պատմական ճշմարտությունը, այլեւ հանդիսանում է մեր նախնիների հիշատակը ուրանալու ակտ։ Երբ հայտարարվում է, թե պետք է «հաշվարկել զոհերի թիվը» կամ «մինչեւ վերջ պարզել, թե ով է մեղավոր», սա արդեն կասկածի տակ է դնում արդեն իսկ ապացուցված պատմական իրողությունները։ Սակայն, մենք ունենք հստակ փաստեր, հստակ զոհերի թիվ, եւ գիտենք՝ ով է մարդասպանը։ Իրավագիտության տեսանկյունից նման մոտեցումները հավասարազոր են հանցագործի արդարացման փորձին, ինչը հակասում է ոչ միայն արդարության սկզբունքներին, այլ նաեւ` պատմական հիշողությանը։
«ԹՈՒՐՔԻԱՅԻ «ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ՄԻԱՅՆ ՊԱՏՐՎԱԿ ԷԻՆ՝ ԽԱԲԵԼՈՒ ԵՎ ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼՈՒ ՄԻՋՈՑ»
— Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը շարունակո՞ւմ է մնալ Հայաստանի օրակարգում, թե՞ այլեւս ոչ, եւ ի վերջո, ի՞նչ քայլեր է ձեռնարկում այսօր Երեւանը՝ Ցեղասպանության փաստը Թուրքիայի եւ այլ պետությունների կողմից ճանաչելու ուղղությամբ:
— Վերջին շուրջ երկու տասնամյակների ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը։ Այս տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները սերտ համագործակցել են Սփյուռքի տարբեր կառույցների հետ՝ այդ նպատակի իրականացման համար։ Սակայն վերջերս հայտարարություն է արվել, որ Ցեղասպանության ճանաչման հարցը այլեւս դուրս է բերվել Արտաքին գործերի նախարարության օրակարգից։ Սա հաստատվել է նույնիսկ նախարարի մակարդակով։ Այս հանգամանքը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Արդյո՞ք սա պարզապես հայտարարություն է, թե՞ դա իրական քայլ է՝ փաստաթղթերից հանված եւ որպես ուղղություն այլեւս չառկա։
Եթե իսկապես այդ ուղղությունը պաշտոնապես հանվել է արտաքին քաղաքական օրակարգից, ապա պետք է հարց տանք՝ գործ ունենք արդյոք պատմության մոռացության, թե նույնիսկ ժխտման գործընթացի հետ։ Ցեղասպանության ճանաչման հարցը միայն քաղաքական չէ։ Սա բարոյական, պատմական հիշողության պահպանման, ինչպես նաեւ միջազգային արդարության խնդիր է։ Նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։
Բացի այդ, մենք պետք է դիտարկենք այս հարցն ավելի լայն՝ քաղաքական փաթեթի համատեքստում։ Թուրքիան, ինչպես երեւում է վերջին տարիներին, իր դիրքորոշումը ավելի է խստացրել, օգտագործելով այն փաստը, որ Հայաստանն իր արտաքին քաղաքական դիրքորոշումներում անկայունություն է ցուցաբերում։ Մենք՝ իբր բարի կամքի դրսեւորումներով, հանձնում ենք քարտեզներ Ադրբեջանին, ազատում եւ վերադարձնում ենք բանտարկյալ մարդասպաններին, ուղարկում ենք ադրբեջանցի զինվորներին։ Իսկ ի՞նչ ենք ստանում դրա դիմաց։ Թուրքիան շարունակաբար խուսափում է որեւէ կառուցողական քայլից՝ նույնիսկ խորհրդանշական մակարդակում։
Թուրքիան, մինչդեռ, շարունակաբար առաջ է տանում այն թեզը, թե իբր սահմանները փակ են, որովհետեւ Հայաստանի զինված ուժերը գտնվում էին Արցախում։ Այսօր էլ, երբ Արցախի ամբողջական կորուստն արդեն փաստ է, թուրքական կողմը որեւէ դրական քայլ չի կատարել՝ սահմանը բացելու կամ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Այս ամենը պետք է դիտարկել որպես հստակ վկայություն, որ տարիներ շարունակ Թուրքիայի «պայմանները» միայն պատրվակ էին՝ խաբելու եւ ժամանակ շահելու միջոց։ Այժմ պարզ է՝ մենք պետք է վերանայենք մեր քաղաքական կեցվածքը, հրաժարվենք միայնակ զիջումներ անելու մոտեցումից եւ պահանջենք փոխադարձ քայլեր։
Թուրքիան ոչ միայն շարունակում է ժխտել Ցեղասպանության փաստը, այլ նաեւ որդեգրում է այն թեզը, թե իբր հայերն են մեղավոր։ Չնայած որոշ նրբություններին՝ նման ուղերձները Ցեղասպանության տարելիցին ուղարկելը՝ առանց ուղիղ ժխտման, բայց մեղքը հայերի վրա բարդելով, ցույց է տալիս շարունակական քաղաքականության բնույթը։
Մենք պիտի հարց տանք. երբ Օսմանյան իշխանությունները, երիտթուրքերի հեղափոխությունից հետո, որոշ ժամանակ դրական տպավորություն թողեցին հայերի վրա, նրանք ի՞նչ արեցին հետագայում։ Զորակոչեցին հազարավոր հայերի Օսմանյան բանակ, խոստացան հավասարություն, իսկ հետո գնդակահարեցին, աքսորեցին, ջարդերի ենթարկեցին։ Այսօր նույնպես, հայերը դեռ վստահում են՝ պատրաստ լինելով բարի կամքով քայլեր անել։ Բայց պատասխան չկա։ Թուրքիան չի անում ժեստեր։ Եվ սա չի կարող անպատասխան մնալ։ Միջազգային ճանաչումը միայն արդարության հարց չէ, սա ինքնություն, հիշողություն եւ անվտանգություն է։
— Իշխանության օրակարգում սահմանադրական փոփոխությունների հարցը շարունակում է առաջնային լինել։ Կարելի՞ է սա մեկնաբանել որպես պատմական ժառանգության պահպանման առաջնահերթությունից որոշակի հեռացում:
— Սա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է, որը ենթադրում է այդ պետական ձեւավորման հիմքերի փոփոխություն։ Խոսքը վերաբերում է այն փոփոխությանը, երբ Հայաստանի Հանրապետության կապը կորցնում է իր սկզբնական հիմքը, ինչը, փաստորեն, հանգեցնում է Երրորդ հանրապետության վերացմանը։ Երբ մենք խոսում ենք հռչակագրի մեջ նշված ժողովրդավարական ավանդույթների մասին, ստացվում է, որ ստեղծվում է կապ Առաջին հանրապետության հետ։ Դրան հետեւում է այն, որ հիմնվում ենք Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, որը որոշում էր ԼՂԻՄ-ի ու Խորհրդային Հայաստանի վերամիավորումը։ Այսինքն` Առաջին հանրապետության սկզբունքների հիմքի վրա ստեղծվեց նոր երկիր, որտեղ Ղարաբաղն էլ կապված էր այդ գործընթացին։ Այդ որոշումը, փաստորեն, հիմնադրում է կապը Հայաստանի Հանրապետության հետ, եւ ըստ դրա, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերածվում է Հայաստանի Հանրապետության՝ ստեղծելով նոր ինքնակառավարվող տարածք՝ Արցախի հետ։ Դա նշանակում է, որ Հայաստանի անկախության հիմքում եղել է Արցախը, առանց որի, ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ։ Այս ամենը միտում ունի նաեւ միջազգային ճանաչման գործընթացին, որն էլ պետք է ակտիվորեն իրականացվի։ Եթե դա հնարավոր չէ, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը։ Սա ոչ միայն քաղաքական, այլ նաեւ սոցիալական հարց է՝ սահմանված պետական կետերով։ Անգամ եթե քննարկենք տարբերություն, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության ու Հունգարիայի կամ Ֆինլանդիայի միջեւ, այնպիսի տարբերություններ կան, որոնք անհնար է շրջանցել։
Դեմոնտաժումը ենթադրում է պատմական փոփոխություն՝ ինչ-որ մի պահի, որը որոշակիորեն կթելադրվի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ Եթե մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ է իրոք տեղի ունենում, պետք է հաշվի առնենք, որ այս գործընթացը չի կարող անվերապահորեն հանգեցնել «իրական» Հայաստանի ստեղծմանը, քանի որ այն իրականում մի մղում է դեպի տապալման։ Եթե Երրորդ հանրապետությունը լուծարվում է, ապա հարց է, թե արդյոք հնարավոր է ունենալ չորրորդ Հանրապետության, ինչի մասին որոշ մարդիկ հաստատ պնդում են, չնայած այն ընդամենը մի տեսակ մտացածին, միգուցե զավեշտական գաղափար է։ Շատերը, այդ թվում իշխանությունը եւ ընդդիմությունը, պնդում են, որ այդքան էլ իրական չէ, բայց դա, անկասկած, լուրջ հարցեր է առաջացնում։ Սա ոչ միայն սպառնալիք է Հայաստանի ապագային, այլ նաեւ` անորոշություն՝ ինչպես ճիշտ մոտենալ այս խնդիրներին։ Տարիներ առաջ նման մտքեր արդեն շրջանառվում էին, բայց մեր պատմությունը ու նրանց պատմությունը տարբեր են։ Մենք պետք է անպայման զգույշ լինենք, երբ նման հայտարարություններ են արվում, հատկապես, երբ դա չի համապատասխանում իրականությանը։ Սահմանադրական փոփոխությունները, որոնք այս պահին քննարկվում են, կարող են վտանգավոր լինել Հայաստանի ապագայի համար։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ