Ծիծաղելի է. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին հոգեներգործուն նյութեր տալու մասին Փաշինյանի հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանն այն մասին, որ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս տարածաշրջանային էսկալացիա հրահրելու նպատակով:
«Այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է տարածաշրջանում էսկալացիա հրահրելու համար: Հետախուզական տվյալներ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են օգտագործում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն։ Այդ դատավարությունը օգտագործվելու է ՀՀ դեմ»,- նշել էր նա։
Բաքվի պնդմամբ՝ այդ պնդումները «հիմք չունեն և ծիծաղելի են»։
«Ադրբեջանում բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին պնդումները անկախ հետաքննվել են, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից, և մեղադրանքները, ինչպես պարզվել է, կեղծ են: Ակնհայտ է, որ Հայաստանի նման հայտարարությունը ցույց է տալիս, թե որքան նյարդայնացած է այդ երկրի քաղաքական ղեկավարությունը ռազմական հանցագործությունների համար մեղադրվող անձանց նկատմամբ շարունակվող դատավարությունից», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում: