Զինվոր լինելը հպարտություն է եւ պատասխանատվություն, Հայրենիք պաշտպանելը՝ սրբազան գործ. նորակոչիկները երդվեցին
ՏեսանյութերԲաց երկնքի տակ, նորակոչիկները հավասար ու զգաստ կանգնած՝ սպասում էին իրենց երդման հանդիսավոր արարողությանը։ Շարահրապարը լուռ էր, միայն լսելի էր ծնողների ու հարազատների սրտատրոփ սպասումի, հուզմունքի ու հպարտության շշուկները: Ամեն մի զինվորի վառվռուն աչքերում կարելի էր տեսնել պատասխանատվության եւ պատրաստակամության մեծ զգացում՝ կարգապահությամբ ու անձնվիրաբար ծառայելու Հայրենիքին: Հենց այսպես «Եռաբլուր» զինվորական սրբավայր պանթեոնում՝ ՀՀ օրհներգով ու Տերունական աղոթքով, այսօր տեղի ունեցավ Հայոց բանակի նորակոչիկների երդման արարողությունը:
Զինվորներից առաջին երդվողներից մեկն էլ նորակոչիկ ՍՈԽԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ էր, ով Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ուսանող է:
— Սոխակ, Դուք այսօր կրում եք Հայաստանի զինված ուժերի զինվորական համազգեստ, քիչ առաջ երդում տվեցիք ՝ծառայելու Հայրենիքին, ի՞նչ զգացողություններ ունեք։
— Պատիվ եմ համարում՝ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը։ Զինվորական համազգեստը կրելու եմ պատվով եւ պատասխանատվության բարձր զգացումով։
— Ի՞նչ կցանկանաք ասել այս պահին Ձեր հարազատներին, ընկերներին, հանրությանը…
— Զինվորական պարտադիր ծառայությունը, դա պարտավորություն է, ուստի՝ բոլոր գործերը, ծրագրերը պետք է ստորադասել։ Զինվորական գործը պետք է իմանա յուրաքանչյուր հայ, առավել եւս հայ տղամարդը։
— Քեզ բարի երթ ,անփորձանք ծառայություն, սիրելի՛ հայ զինվոր:
— Շնորհակալ եմ: Այս երկու տարիների ընթացքում զինվորական գործ եմ սովորելու եւ ինձ է վստահվում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը պաշտանելու բացառիկ պատիվը։
ՀՀ Զինված ուժերի N զորամասի հրամանատար, գնդապետ ՊՈՂՈՍՅԱՆԸ շնորհավորելով նորակոչիկներին եւ նրանց ծնողներին՝ զինվորական երդում ընդունելու կապակցությամբ՝ ընդգծեց.
— Յուրաքանչյուր ազգ ու պետություն առաջին հերթին ձգտում է ուժեղ բանակ ունենալ: Բանակը մեր պետության հիմքն է, ուժն ու ոգին: Բանակն է երաշխավորում մեր ժողովրդի ու պետության անվտանգությունը: Բանակն է այն ուժը, որը կարող է եւ պարտավոր է ամուր կանգնել, կասեցնել մեր թշնամու ոտնձգությունները եւ ոչ ոք մեր փոխարեն՝ դա չի կատարելու: Որքան էլ դժվար է ու բարդ, մենք պետք է շարունակենք կատարել Հայրենիքի պաշտպանության սուրբ գործը: Պետք է շարունակենք կատարել մեր զոհված ընկերների անավարտ գործը: Ջանք չենք խնայելու եւ ամենօրյա մեր քրտնաջան աշխատանքով հզորացնելու ենք մեր բանակը:
Որպես զորամասի հրամանատար՝ իմ գերագույն նպատակն է զինծառայողների գիտակցությանը հասցնել այն գաղափարը, որ Հայրենիքի պաշտպանության գործում զինվորագրված մեզնից յուրաքանչյուրն անվերապահորեն սիրի իր ազգը, մայրենի լեզուն, հողը հայրենի: Զինվոր լինելը հպարտություն է եւ պատասխանատվություն, Հայրենիք պաշտպանելը՝ սրբազան գործ: Եվ մենք մեր պարտականությունները կատարելու ենք վեհությամբ ու անսասան հպարտությամբ, ամենայն գիտակցումով, սիրով ու նվիրումով: Զինվորականի համար գերագույն արժեք է երդումը, որը տալիս է իր Հայրենիքի առաջ եւ մեր պարտքն է պահել այդ երդումը՝ անկախ պաշտոնից եւ կարգավիճակից: Միասին շարունակելու ենք ծառայել Հայաստանի Հանրապետությունը՝ մեր փորձն ու գիտելիքները ներդնելով մեր երկրի հզորացման գործում: Մեր բոլոր աշխատանքներն ուղղված են մեկ նպատակի՝ ամուր ու անառիկ պահել մեր երկրի սահմանները: Մեր գործն արդար է, մենք պաշտպանում ենք մեր պապերի սուրբ հողը, մեր պատիվը, մեր հայրենի տունը եւ մեր անկախ երկրում խաղաղ ապրելու իրավունքը:
Այսօր հիշելով բոլոր ժամանակներում զոհված մեր մարտական ընկերներին՝ եւս մեկ անգամ առիթ է հիշատակելու եւ մեր հարգանքի տուրքը մատուցելու մեր ժողովրդի հայտնի ու անհայտ հերոսներին, որոնք իրենց կյանքը դրեցին հանուն հաղթանակների: Մեր խոնարհումն ենք բերում նրանց շիրիմներին եւ նրանց անավարտ գործը զինվորական պատվախնդրությամբ տանելու ենք նորանոր հաղթանակների, քանզի մենք նրանց նկատմամբ ունենք սրբազան պարտք՝ պահելու եւ պաշտպանելու մեր բոլորի հայրենիքը:
ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ, գնդերեց Արժանապատիվ ՏԵՐ ՏՐԴԱՏ քահանա ԳԵՎՈՐԳՅԱՆԸ եւս ընդգծեց, որ երդման արարողությունը տեղի է ունենում նվիրական վայրում, որտեղ ամփոփված են մեր քաջ նահատակների մարմինները, ովքեր իրենց ամենաթանկը՝ կյանքը նվիրեցին Հայրենիքի պաշտպանության սրբազան գործին:
— Նորակոչիները երդվեցին, որեսզի անձնվիրաբար ծառայեն Հայաստանի հանրապետությանը՝ իրենց Հայրենիքին: Շնորհավորում եմ ամենքիս, հատկապես զինվորների ծնողներին: Իրականում պահը հուզիչ է, այսօր նրանց զավակները կյանքի մի նոր փուլ մտան: Ուստի՝ եկեք միասնաբար ամենքս աղոթենք Ամենաբարձրյալին՝ Աստծուն, որ Իր ամենազոր, աներեւույթ աջը միշտ պահապան լինի մեր Հայոց բանակի, մեր սահմանների անխախտության եւ մեր հայ զորականի համար:
«Իրավունք» թերթը Հայաստանի բոլոր զինվորներին ու սպաներին մաղթում է անփորձանք ծառայություն։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
