Կատուները կրկնօրինակում են միմյանց դիմախաղը․ հետազոտություն
ՀասարակությունԱմերիկացի հետազոտողները, ովքեր նախկինում կատուների մոտ հայտնաբերել էին դեմքի գրեթե 300 արտահայտություն, շարունակել են ուսումնասիրել Felis catus-ի դիմային ազդանշանները։ Իսրայելցի գործընկերների հետ համատեղ աշխատանքում մասնագետները բացահայտել են նոր մանրամասներ սիրված ընտանի կենդանիների դիմախաղի մասին, հաղորդում է Naked Science-ը։ Գիտնականներին այս հարցում օգնել են արհեստական բանականության գործիքները։
ԱԲ գործիքը, որը նախապես ուսուցանվել էր նախորդ հետազոտության տեսագրություններով, կիրառվել է կատվային դիմախաղը վերլուծելու համար 48 «կողմնորոշիչների» միջոցով․ դրանք վիրտուալ թվային կետեր են կենդանիների դեմքերի առանցքային հատվածներում, որոնց փոփոխություններն էլ տալիս են կատուների «դիմային արտահայտությունների» հարյուրավոր տարբերակներ։
Արդյունքում գիտնականներին հաջողվել է պարզել, որ փոխազդեցության դեպքերի մոտ 22%-ում կատուները կրկնօրինակում էին միմյանց դիմախաղը, հաճախ մեկ վայրկյան տարբերությամբ։ Երբ նման կրկնօրինակում էր տեղի ունենում, դեպքերի մեծամասնությունում դրան հետևում էր բարեկամական շփում՝ խաղեր, միմյանց լիզելը կամ միասին զբոսնելը, Science ամսագրին տված մեկնաբանության մեջ պատմել է հետազոտության համահեղինակներից մեկը՝ Թեդդի Լազեբնիկը (Teddy Lazebnik)։ Նա ավելացրել է, որ ԱԲ-ն առանցքային դեր է խաղացել հայտնագործության մեջ, քանի որ դիմախաղի թեթև փոփոխությունները հազիվ նկատելի էին անզեն աչքով, նույնիսկ երբ կատուներին հետևում էին փորձագետները։