Սխտորը, կիտրոնը եւ ալկալիական սնունդն անարդյունավետ են. COVID-19-ի դեմ գոյություն չունեն հրաշագործ մթերքներ
Արխիվ 16-20
Այսօր համացանցում կարելի է բազմաթիվ տեղեկություններ տեսնել այն մասին, որ որոշ մթերքներ իբր պաշտպանում են կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվելուց կամ «իմունիտետն ամրապնդում» են: Բայց մասնագետները զգուշացնում են, որ այդպիսի մթերքներ ուղղակի գոյություն չունեն. ոչ մի մթերք չի կարող մարդուն պաշտպանել վիրուսային ինֆեկցիայով վարակվելուց, ավելին՝ ոչ մի մթերք չի կարող «իմունիտետն ամրապնդել»:
Սխտոր
Սխտորն իսկապես որոշ հակաբակտերիային հատկություններ ունի, սակայն վիրուսների դեմ անզոր է: Սխտորը կարող է արդյունավետ լինել այնպիսի բակտերիաների դեմ, ինչպես սալմոնելան եւ ոսկեգույն ստաֆիլոկոկը, սակայն կորոնավիրուսից ոչ մի կերպ չի կարող պաշտպանել:
Կիտրոն
Facebook-ի վիրուսային տեսանյութերից մեկում պնդում կա, որ կիտրոնի կտորներով տաք ջրի գործածումը կարող է օգնել նոր կորոնավիրուսի դեմ պայքարում: Բայց իրականում գիտական ոչ մի ապացույց չկա, որ կիտրոնը կարող է կորոնավիրուսի վրա թեկուզ ինչ-որ կերպ ազդել: Դրանից բացի, կիտրոնի չարաշահումը կարող է մի ամբողջ շարք խնդիրներ առաջացնել, այդ թվում՝ ստամոքսի հետ կապված:
Ալկալիական սնունդ
Եվս մեկ տարածված առասպել է ալկալիական pH-ով, այսինքն՝ 7,0-ից բարձր, մթերքները: Ինչպես նախորդ դեպքերում, ոչ մի ապացույց չկա, որ սնունդն անգամ կարող է ազդել օրգանիզմում pH-ի մակարդակի վրա, էլ չենք խոսում վիրուսային ինֆեկցիաների դեմ դրա «արդյունավետության» մասին: