ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

31.05.2019 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիմա բավականին տարածված է այն կարծիքը, որ ՀՀ իրական վարչապետը ոչ թե Նիկոլն է, այլ ՍՈՐՈՍԻ ԼԱՐԻՍԱՆ, եւ Փաշինյանը հենց նրա մոտ է վարչապետ աշխատում: Այդ կարծիքն ամենեւին էլ զարմանալի չէ, հաշվի առնելով, թե «անցումային արդարադատություն» կոչեցյալն ինչպես է ոտ ու գլխով հենց սորոսականների ձեռքով արվում, իսկ եթե դրան գումարենք նաեւ այն, որ թավշյա քարոզչամեքենան ամեն օր կրկնում է, որ Սորոսն ավելի լավ է, քան ՀՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը, եւ ՔՊCC-ի պատգամավորներն էլ ասում են, թե Սորոսի հիմնադրամով ահագին օգտակար գործեր են արվել, ապա անհնարինը դառնում է ակնհայտ: Ինչեւէ, Սորոսի հիմնադրամին այսօր հետաքրքիր իրադարձություն է սպասվում` քանի որ դատարանները շրջափակելը Օսիպյանը հռչակել էր «ինքնաբուխ», նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանն էլ քննիչի մոտ գնալու փոխարեն որոշել է նույն ժամին ինքնաբուխ շրջափակել հենց Սորոսի հիմնադրամի մուտքը: Դե, դա մեր ստվերային «վարչապետին» անհանգստացրել է, եւ Սորոսի «Բաց հասարակությունների հիմնադրամ»-ի ղեկավար Լարիսա Մինասյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն Նարեկ Մալյանի դեմ` նշելով, որ վերջինս պատրաստվում է արգելափակել Սորոսի գրասենյակի մուտքը: Դե ինչ, այսօր հետաքրքիր ու զարմանալի իրադարձությունների ականատես կդառնանք...

ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք ՏԱՐՈՆ ԱՃԵՄՕՂԼՈՒԻՆ, ով Նիկոլի հրավերով պետք է գար Հայաստան եւ տնտեսական հրաշքներ գործեր: Նրա մասին մոռացել են, սակայն այդ հանրահռչակ տնտեսագետին զարմանալիորեն պահանջվեց ընդամենը մեկ ամիս, որպեսզի որոշի, որ Նիկոլից ինչքան հեռու, այնքան լավ: Այսպես, անցյալ տարվա հունիսի 14-ին նա հայտարարեց. «Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, անհանգստացնող եւ կրիտիկական է»:  «Առաջինն այն է, որ միակ եղանակը` առողջ տնտեսություն կառուցելու համար (որը կառուցողական է, նորարարական, ներառական, հասարակության համար` շահեկան) քաղաքական եւ տնտեսական ինստիտուտների այնպիսի համակարգի ամրացումն է, որն ինքն իրենով ներառական է: Այսինքն, հարգում են մարդկանց ունեցվածքը, իրավունքները, կոռուպցիա չկա, նրանք ստեղծում են արդյունավետ եւ անաչառ դատական համակարգ, ապահովում են հավասար պայմաններ հանրային ինստիտուտների եւ կյանքի այլ ասպեկտների, կրթական ներդրումների եւ այլնի միջոցով, ստեղծում են աշխատանքի, առաջընթացի հնարավորություն»:

ԶԱՐՄԱՆՔ

Դե հանրահայտ է եւ բազում կատակների առիթ է դարձել Նիկոլի կոչը` «ոչխար պահեք»: Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ մեր հրաշագործ վարչապետի հետ կարող է առնչվել ոչ միայն մանր, այլեւ խոշոր եղջերավոր անասունների` ԿՈՎԵՐԻ պահելու գործը: Այսպես, կառավարության վերջին նիստի ժամանակ, երբ բազում փոքր խմբեր եկել էին տարբեր բողոքի ցույցեր անելու, նաեւ հայտնվեց մարդ, ով Նիկոլից շատ գոհ էր: Դա Սպարտակ Հակոբյանն էր, ով ներկայացավ ֆերմեր Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքից: Նա ասաց, որ շատ գոհ է կառավարության եւ դրա ղեկավարի աշխատանքից: «Ես ուզում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին: Երբ ինքը եկավ կառավարության գլուխ, իմ կովերի կաթնատվությունը 10 լիտրից դարձավ 40 լիտր»: Թե հեռակա կարգով վարչապետը ինչպես ներազդեց այդ մարդու կովերի վրա` չենք կարող ասել, բայց զարմանալով հանդերձ, չենք կարող նաեւ չհիշել, թե ինչպես Սովետի օրոք մշտապես  լրատվություն էր հաղորդվում, որ կովերի կաթնատվությունն անընդհատ աճում է: Երեւի թե Նիկոլն ինչ-որ ձեւով ընդօրինակել է ընկեր բոլշեւիկների հնարքները:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА