«Մեծագույն հայեր Խաչատրյանն ու Սպենդիարյանն էլ հայերեն չէին խոսում». մեներգիչը՝ Ն. Ղարիբյանին (Տեսանյութ)
Արխիվ 16-20ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով օպերային թատրոնի տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու որոշման դեմ եւ ի զորակցություն մաեստրոյի՝ երեկ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում էին հավաքվել թատրոնի աշխատողները, կոմպոզիտորներ, թատերական գործիչների, թատրոնների, թանգարանների տնօրեններ, գիտաշխատողներ, սփյուռքահայեր եւ պարզապես հանդիսատես:
Կարճ ելույթով հանդես եկավ նաեւ օպերային թատրոնի մեներգիչ ԳՐԻԳՈՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ՝ անդրադառնալով Նազենի Ղարիբյանի այն արդարացմանը, թե «Լեզվի մասին» օրենքի համաձայն՝ թատրոնի տնօրենը պետք է տիրապետի հայերենին, իսկ Օրբելյանը ռուսերեն է հաղորդակցվում:
«Քանի որ շատ շահարկվեց այդ լեզվին չտիրապետելու հարցը, ուղղակի, մեկ նախադասություն կասեմ, որը հույս ունեմ կհասնի տիկին Ղարիբյանին: Մենք գտնվում ենք օպերային թատրոնի փառահեղ շենքում, որը շրջապատված է երեք մեծագույն հայերի արձաններով՝ Հովհաննես Թումանյան, Արամ Խաչատրյան եւ Ալեքսանդր Սպենդիարյան: Ի դեպ, վերջինի անունը կրում է մեր օպերային թատրոնը: Արամ Խաչատրյանը եւ Ալեքսանդր Սպենդիարյանը հայերեն չեն խոսում», - շեշտեց մեներգիչը:
Հիշեցնենք, որ հավաքի արդյունքում բոլորը միահամուռ որոշեցին դիմել ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանին խնդրանքով. նախ չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կ. Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողի հրամանը, եւ երկրորդ՝ աշխատանքից ազատել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Ն.Ղարիբյանին՝ մշակույթի եւ նրա գործիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, օրենքին հակասող հանձնարարականներ ու հրամաններ տալու համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.