ՊԱՀՊԱՆԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՉԷ՞ ՈՐ ԱՅՆ ՁԵՐ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԹԻԿՈՒՆՔՆ Է
Արխիվ 16-20Եվ այսպես, ս.թ. մարտի 13-14-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը: Համատեղ նիստի օրակարգն ընդգրկում էր հարցերի լայն շրջանակ, որոնք այս փուլում խիստ հրատապ նշանակություն ունեն: Հիմնովին քննարկվեցին հայ-ռուսական ռազմավարական երկխոսության հարցերը` խորհրդարանական չափման դիտանկյունով, գլոբալ անվտանգության հիմնախնդիրները եւ տարածաշրջանային մարտահրավերները: Մանրամասն դիտարկման ծիրից դուրս չմնացին եվրասիական ինտեգրման խնդիրները եւ այդ գործընթացում հանրային դիվանագիտության դերը, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցության հեռանկարները: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հաստատված ավանդույթի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ Արտաշես Գեղամյանը համատեղ նիստի մասին իր տպավորությունները կիսեց «Արմենպրեսի» թղթակցի հետ:
ՀՀ Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովների և ՌԴ Դաշնային ժողովի կոմիտեների համատեղ նիստերի անցկացման գործելակերպը, իմ կարծիքով, լիովին արդարացված է: Օրինակ, այն բոլոր հարցերը, որոնք խիստ հուզում են մեր քաղաքացիներին, մանրամասն վերլուծվում են համատեղ նիստերում, դիտարկվում են առկա խնդիրների լուծման այլընտրանքային ուղիները: Միևնույն ժամանակ, ուզում եմ գոհունակությամբ նշել անկեղծության և փոխադարձ վստահության մթնոլորտի մասին, որում անցկացվում են համատեղ նիստերը: Հույս ունեմ, որ ասվածի ապացույցը կլինի ռուսաստանցի և հայ խորհրդարանականների համատեղ նիստի ելույթների հրապարակումը:
Այսպես, «Հայ-ռուսական ռազմավարական երկխոսություն. խորհրդարանական չափում» հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Ձեր խոնարհ ծառան, որի տեքստը ներկայացվում է ստորև:
Արտաշես Գեղամյանի ելույթը «Հայ-ռուսական ռազմավարական երկխոսություն. խորհրդարանական չափում» հարցի քննարկման ժամանակ (13 մարտի 2018թ.)
Նախ ցանկանում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստին մեծ ուշադրություն է հատկացվում հայկական մամուլի կողմից: Մասնավորապես, մեր նիստի նախօրեին «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունն այս թեմային է անդրադարձել «Մտորումներ Եվրասիական տնտեսական միության կայացման գործում հանրային դիվանագիտության դերի մասին» հրապարակմամբ, և այսօր Հայաստանում շատ տարածված «Новое Время» թերթը նույնպես, ինչպես և շատ ծանրակշիռ հայալեզու «Հայոց աշխարհ» թերթը, դիմել են մեր համատեղ նիստի թեմային: Ես հաճույքով վերցրել եմ այդ թերթերի մի քանի լրակազմ, որպեսզի ձեզ փոխանցեմ` ի հիշատակ:
Հարգարժան գործընկերներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողներին բովանդակալից ելույթների համար: Միևնույն ժամանակ, կուզենայի մի ցանկություն հայտնել, թեև չգիտեմ` որքանով այն կարժանանա Ձեր հավանությանը: Այսպես, 2018թ. սկզբից աշխարհը մտել է իր զարգացման շատ վտանգավոր փուլ, և սա, ցավոք, չափազանցություն չէ: Դրա համար բավական է ուշադիր ծանոթանալ «ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությանը», «ԱՄՆ նոր միջուկային դոկտրինին», ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսի զեկույցին և, վերջապես, ուշադիր կարդալ Ռուսաստանի նախագահի Ուղերձը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին: Էլ չեմ ասում այն մտքերի մասին, որոնք հնչել են Վլադիմիր Սոլովյովի, ըստ իս, զարմանալի հաջողված «Աշխարհակարգ 2018» և Արկադի Կոնդրաշովի «Պուտին» ֆիլմերում: Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, կուզենայի հատկապես նշել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի վերջին հայտարարությունը, որը նա արել է բրիտանական խորհրդարանում տառացիորեն երեկ: Վերոնշյալ բոլոր նյութերը և փաստաթղթերը թույլ կտան մեզ հասկանալ, թե ինչ բարդ վիճակում է գտնվում արդի աշխարհը: Այս առնչությամբ կուզենայի անպայման հիշատակել նաև Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ելույթը վերջերս Մյունխենում կայացած անվտանգության համաժողովում: Նշեմ, որ Դուք ևս փայլուն գնահատական եք տվել մեր նախագահի ելույթին, հարգելի Կոնստանտին Իոսիֆովիչ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հարցազրույցում: Եվ ահա, վերոնշյալ նյութերում պարունակվող գնահատականների և եզրահանգումների համատեքստում, ըստ իս, մենք շատ ճիշտ կվարվենք, եթե մեր քննարկումները ծավալենք անվտանգության հարցերի շուրջ: Մանավանդ որ Հայաստանն ու Ռուսաստանը եզակի ռազմավարական, ռազմաքաղաքական դաշնակիցներ են և մերձավորագույն տնտեսական գործընկերներ: Նման մոտեցումն, իմ կարծիքով, խիստ հրատապ է այն գնահատականների համատեքստում, որոնք տվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիմիր Սոլովյովի հարցազրույցում («Աշխարհակարգ 2018»), որում, կրկնում եմ, հնչել են մեզ զգաստացնող գնահատականներ: Ինչ նկատի ունեմ: Վլադիմիր Ռուդոլֆովիչ Սոլովյովը հարցազրույցի ժամանակ դիմեց Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին հարցով, թե Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ-ի հանդեպ չարակամորեն տրամադրվածներն անում են ամեն բան, որպեսզի ինչ-որ կերպ հեռացնեն Ղազախստանն ու Բելառուսը, իսկ վերջին ժամանակներս` նաև հատկապես Հայաստանը Ռուսաստանից, և միևնույն ժամանակ հարցրեց, թե ինչպիսին է լինելու Ռուսաստանի արձագանքը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատասխանը կտրական էր: Կարծում եմ, որ մենք պետք է անպայման արտահայտենք մեր մտքերն այս առումով, ստուգենք մեր մոտեցումները` Հայաստանի և Ռուսաստանի դաշնակիցների շարքերում երկպառակության ամեն տեսակ ջատագովների, մեր բարին չկամեցողների նմանատիպ հավակնությունների հանդեպ համաձայնեցված հակազդեցություն մշակելու նպատակով: Ավելին, անհրաժեշտ է դարձել մեր հետագա աշխատանքը կառուցել հենց այս հանգամանքների հաշվառմամբ: Կասկածներ չի հարուցում նաև այն, որ ներդաշն աշխատանքի պարագայում մենք հաջողությամբ կլուծենք այս խնդիրը, մանավանդ որ այսօր մեր բանավեճին, մեր նիստի աշխատանքին մասնակցում է նշանավոր դիվանագետ Սերգեյ Իվանովիչ Կիսլյակը, որը 2008-2017թթ. եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպանը: Նա կարող է պատմել իր փորձի մասին և մեր քննարկումն ուղղորդել ժամանակի թելադրանքին հարիր հուն, և դրանում պախարակելի ոչինչ չկա:
Ահա մի քանի մտքեր, որոնցով կուզենայի կիսվել Ձեզ հետ:
Շնորհակալություն:
Ես ելույթ ունեցա նաև օրակարգի երկրորդ` «Գլոբալ անվտանգությունը և տարածաշրջանային մարտահրավերները» կետի վերաբերյալ: Ստորև ներկայացվում է այդ ելույթի տեքստը:
Արտաշես Գեղամյանի ելույթը «Գլոբալ անվտանգությունը եւ տարածաշրջանային մարտահրավերները» հարցի քննարկման ժամանակ (13 մարտի 2018թ.)
Հարգելի գործընկերներ, շատ կարճ ելույթ եմ ունենալու: Բոլորովին վերջերս, Մյունխենի անվտանգության համաժողովում, որն անցկացվում էր «Մինչև անդունդի եզրը և հե՞տ» կարգախոսով, ելույթ ունեցավ մեր նախագահը և պատասխանեց բանավեճի մասնակիցների հարցերին: Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ելույթի վերաբերյալ «Եվրասիա գրուփ» հետազոտական կազմակերպության հիմնադիր նախագահ Յան Բրեմերը նշել է, որ «Սերժ Սարգսյանի ելույթը կրում էր բացառապես դրական լիցք, և բոլորին հասկանալի դարձավ, որ Հայաստանի նախագահը փորձում է լցնել անդունդը Բրյուսելի և Մոսկվայի միջև»: Դրանով իսկ նա փաստեց, որ Բրյուսելի և Մոսկվայի, ինչպես նաև Մոսկվայի և Վաշինգտոնի միջև անդունդ կա: «Փոքր, դեպի ծով ելք չունեցող երկրի համար դա իսկապես մեծ մարտահրավեր է: Նախագահ Սարգսյանը ցույց տվեց այն, ինչը հաճախ մոռացվում է Բրյուսելում և Վաշինգտոնում. որ Հարավային Կովկասի, Կենտրոնական և Հարավային Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրները մեծ տերությունների հետ իրենց հարաբերություններում բախվում են դժվար և հաճախ հարկադրված ընտրության հետ: Այս իրավիճակում նրանք պետք է գտնեն բացառիկ ուղիներ արտաքին աշխարհի հետ իրենց հարաբերությունները պահպանելու համար»,- հենց այսպես է գնահատվել ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ելույթը: Կարծում եմ, բանավեճի մասնակիցները համակարծիք էին, որ մեր նախագահի ելույթը բացառիկ կառուցողական էր: Ինչպես և Սերժ Սարգսյանի նախորդ ելույթները, նրա մյունխենյան ելույթը նույնպես աչքի էր ընկնում անկեղծությամբ, թափանցիկությամբ: Հատկապես կարևոր է նաև այն, որ Հայաստանը, Ռուսաստանի ռազմավարական գործընկերը լինելով, երրորդ երկրների հետ իր հարաբերություններն այնպես է կառուցում, որպեսզի, նախ, նրանք նոր գլխացավանք չդառնան մեր ռազմավարական դաշնակցի համար, ինչպես նաև չվնասեն այլ պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին: Ավելին, իր արտաքին քաղաքականությունում Հայաստանը ջանում է համատեղ գործունեության ինչ-որ ընդհանուր ուղղություններ, շփումների հաստատման ուղիներ գտնել համաշխարհային քաղաքականության ուժի ամենատարբեր կենտրոնների միջև: Եվ հավանաբար, այդ առկա դրական փորձը մենք ձեզ հետ միասին պետք է իմաստավորենք: Ի պատիվ մեր հարգարժան Կոնստանտին Իոսիֆովիչի` նա, որպես Հայաստանի նախագահի մասնակցությամբ կայացած բանավեճի մոդերատոր, ինքնաբերաբար եկավ նույն եզրահանգման, ինչ և ամերիկացի քաղաքագետը: Եվ ահա թե ինչ է ասել նա. «Ես արդեն սոցիալական ցանցերում ներկայացրել եմ կայացած բանավեճին տված իմ գնահատականը, և ես անկեղծորեն երախտագիտություն եմ հայտնել Սերժ Ազատովիչին փայլուն ելույթի համար, բանավեճին շատ կառուցողական ներդրում ունենալու, կշռադատված, հավասարակշռված և խիստ պատասխանատու վերլուծության համար, թե ինչ է տեղի ունենում և՛ հենց Հայաստանում, և՛ տարածաշրջանային հարաբերություններում, և՛ ավելի գլոբալ համատեքստում, որտեղ Հայաստանն, անշուշտ, ունի իր ակնառու և ստեղծարար դերը»: Եվ քանի որ Հայաստանին` հանձին իր քաղաքական ղեկավարության, հաջողվում է շփումներ և կամուրջներ հաստատել մեծ տերությունների, ամենատարբեր երկրների գլոբալ տնտեսական և ռազմաքաղաքական միավորումների միջև, գուցե մենք է՞լ մտածեինք և հանրային դիվանագիտության միջոցով արդեն առկա դրական փորձը դարձնեինք ոչ միայն մեր ռուսաստանցի գործընկեր խորհրդարանականների սեփականությունը, այլև այն տարածեինք սահմանի այն կողմում` լինի դա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, թե Արևմտյան Եվրոպայի երկրներում: Կարծում եմ, որ նման մոտեցումն արդարացված կլինի, և դա մեր միջխորհրդարանական համագործակցության շատ պատկառելի ու պատշաճ ներդրումը կլինի միջազգային հարաբերությունների արդի փուլի գլոբալ մարտահրավերների և սպառնալիքների հաղթահարման գործում:
Ահա այսպիսին է իմ կարծիքը, հարգելի գործընկերներ, խնդրում եմ ընդունեք սա որպես ոչ մեծ ակնարկ, իբրև փոքրիկ նշում:
Շնորհակալություն:
Ուզում եմ նաև նշել, որ օրակարգի երրորդ հարցի («Եվրասիական ինտեգրացիան և ժողովրդական դիվանագիտությունը») վերաբերյալ հայկական կողմից որպես զեկուցող հաստատված էր Ձեր խոնարհ ծառան: Թե ինչի մասին էր ելույթս և որքանով էր այն արդիական` թող դատի ընթերցողը: Ելույթի տեքստը ներկայացվում է ստորև:
Արտաշես Գեղամյանի ելույթը «Եվրասիական ինտեգրացիան եւ ժողովրդական դիվանագիտությունը» հարցի քննարկման ժամանակ (13 մարտի 2018թ.)
Կոնստանտին Իոսիֆովիչը մտահոգություն հայտնեց, թե Հայաստանը հանկարծ լոյալ չվերաբերվի նրան, ինչն այժմ տեղի է ունենում Մեծ Բրիտանիայում` կապված ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ: Եթե պատահաբար գտնվեն մարդիկ, ովքեր լոյալ կվերաբերվեն անգլիական իշխանությունների կողմից իրականացվող հակառուսական գործողություններին, ապա ես նրանց խորհուրդ կտայի կարդալ Ֆեյսբուքի իր էջում Կոնստանտին Իոսիֆովիչի այսօր արած գրառումը: «Դատարանների թագուհի» Բրիտանիայի համար սա լիակատար դեգրադացիա է. մեղսունակության տոտալ կանխավարկած, երբ ապացուցում են ոչ թե դատարանն ու դատախազը, այլ մեղադրյալը, որին թույլ չեն տալիս ոչ ապացուցել, ոչ մասնակցել դատավարությանը: Նույն ալգորիթմն է ընդունվել «ռաշագեյթի» վճռով ԱՄՆ-ում և «Բոինգի» գործով Նիդեռլանդներում»,- Ֆեյսբուքում գրել է Կոնստանտին Իոսիֆովիչ Կոսաչովը: Շատ համոզիչ է: Եվ սա` բնավ ոչ այն պատճառով, որ հյուրընկալությունից ելնելով պետք է հաճոյախոսություններ անել, այլ որովհետև հենց այդպես էլ կա իրականում: Մենք հերթական անգամ դառնում ենք երկակի չափորոշիչների կիրառման վկաները: Արդյո՞ք պատահական է սա: Իհարկե, պատահական չէ: Եվ ինչո՞ւ են մեր ռուսաստանցի գործընկերների մեջ մեր հաշվով նման երկյուղներ առաջացել: Գուցե Դուք հիանալի հասկանում եք, որ լայնորեն ծավալված հակառուսական տեղեկատվական պատերազմում թիրախ լինելու է ոչ միայն ինքը` Ռուսաստանը, այլև, առաջին հերթին, Ռուսաստանի ամենահուսալի ռազմավարական դաշնակիցներն ու գործընկերները: Չէ՞ որ համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների հայտնի ստրատեգները խնդիր են առաջադրել. ռուսական սահմանների ողջ պարագծով ստեղծել անվստահության իրադրություն, անկայունության և քաոսի գոտի: Ահա այս նպատակին հասնելուն էլ ուղղված է ծավալվող հակառուսական տեղեկատվական պատերազմը: Բնավ պատահականորեն չէր, որ մեջբերեցի Մյունխենի անվտանգության համաժողովում մեր նախագահի ելույթին տրված գնահատականները, որովհետև դրանցում նա մատնանշում է միջազգային լարվածության մեղմացման, համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների միջև կառուցողական երկխոսության հաստատման ուղիները: Մենք համոզված ենք, որ նրա խոսքերին կանսան Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական համայնքում, իսկ այնտեղ ապրում է ավելի քան մեկուկես միլիոն հայ, Ռուսաստանի հայկական համայնքում, որտեղ ապրում են երկուսուկես միլիոն մեր հայրենակիցներ, Իրանի հայկական համայնքում, որը 250 հազարանոց հայկական համայնք ունի: Այսինքն` մեր առջև միանգամայն որոշակի խնդիր է դրված. ճակատագրի բերումով Հայաստանի սահմաններից դուրս հայտնված մեր հայրենակիցների միջոցով ցույց տալ, որ աշխարհի երկրների գլխին կախվել է Դամոկլյան սուրը, այո՛, ոչ միայն Ռուսաստանի և ոչ այնքան Ռուսաստանի, որքան ողջ Երկիր մոլորակի վրա: Ինձ թվում է, որ հենց սրան պետք է ուղղվեն Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանականների ջանքերը, և սա միանգամայն հասկանալի է, որովհետև մենք` խորհրդարանականներս, մեր գործողություններում շատ ավելի ազատ ենք, քան մեր երկրների կառավարական գործիչները: Եվ ահա, վերադառնամ այն փաստաթղթերին, որոնք տառացիորեն վերջին չորս ամիսների ընթացքում ընդունվել և հրապարակվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որոնք են. 2017թ. դեկտեմբերի 18-ին հրապարակված Ազգային անվտանգության ռազմավարությունը, 2018թ. փետրվարի 13-ին հրապարակված Ազգային հետախուզության զեկույցը, որի նոր տարբերակը հրապարակվել է 20 օր անց, ինչպես նաև ԱՄՆ նոր միջուկային դոկտրինը, որը ԱՄՆ Կոնգրեսին է ներկայացվել 2018թ. փետրվարի 2-ին: Ես մանրամասն ծանոթացել եմ այս փաստաթղթերին, ինչպես նաև վերլուծական նյութերին և մեկնաբանություններին, որոնք հրապարակվել են ռուսական էլեկտրոնային ԶԼՄ-ներում` այս փաստաթղթերի հետ կապված: Այսպես, ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցում Ռուսաստանի մասին 34 հիշատակում կա, ընդ որում` ամենաանախորժ ձևով. իբր Ռուսաստանն ապակառուցողական երկիր է, որից պատերազմի սանձազերծման վտանգ է բխում: Ընդ որում, 7 դեպքում Ռուսաստանը հիշատակվում է Չինաստանի և երկու դեպքում` Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Իսկ Ռուսաստանի մասին հիշատակումներից մեկում` 32-ում, խոսվում է նաև Հայաստանի մասին: Հայաստանը հիշատակվում է Ադրբեջանի հետ կապված: Միևնույն ժամանակ, նշվում է, որ Ռուսաստանն Ադրբեջանին արդիական զենք է մատակարարել, և դա հղի է նրանով, որ Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել` դրանում ներքաշելով նաև Հայաստանի դաշնակցին` Ռուսաստանին: Այսինքն` նշմարվում է գործողությունների հայտնի մարտավարությունը: Ուրեմն այսպես, սկզբում ապակայունացման ստրատեգները պատրաստում են հակամարտող կողմերի հանրային կարծիքը վտանգավոր այն իրադարձությունների սպասման շուրջ, որոնք իրենք արդեն նախապատրաստել են, որոնք արդեն նախօրոք հնչեցվել են: Խոսքը Անդրկովկասի տարածաշրջանում, ասել է թե` Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու հնարավորության և հավանականության մասին է: Սա, արևմտյան վերլուծաբանների կարծիքով, միաժամանակ կխփի երկու թիրախի. մի կողմից` Իրանին, Իրանի հյուսիսում, այսպես կոչված Հարավային Ադրբեջանում (որին հավակնում է ափշերոնյան սուլթանը) իրավիճակի ապակայունացման ճանապարհով: Այնուհետև կկատարվեն արցախա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմանում, իսկ հետո արդեն Հարավային Կովկասի ողջ պարագծով իրավիճակի ապակայունացման գործողություններ` այնտեղ ապակայունության գոտի ստեղծելու նպատակով: Մեր տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ ստեղծելով, ըստ այս մտահղացման հեղինակների կարծիքի, դրանով իսկ կշեղեն Ռուսաստանի ուշադրությունն այս ուղղությամբ: Դուք, Կոնստանտին Իոսիֆովիչ, շատ ճիշտ նշեցիք ռազմական գործողությունների կտրուկ ակտիվացման մասին, որոնք հիմա տեղի են ունենում Ռուսաստանի հարավային մատույցներում, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում: Այնուհետև, ապակայունացումը կամ միաժամանակ, կամ հնարավորինս կարճ ժամկետում կտեղափոխվի միջինասիական հանրապետությունների կողմը` Կենտրոնական Ասիայի տարածաշրջան, գործընթացին աֆղանստանցի մոջահեդների ներգրավմամբ: Այնտեղ` աֆղանստանյան սահմանին այժմ արդեն պարեկում են առանց տարբերանշանների թռչող օբյեկտներ. հավանաբար, որոշակի երկրների հրահանգիչներն են մարզում իրենց «ձեռնասուն» ԻԼԻՊ-ականներին: Եվ այսպես, խնդիր է դրված Ռուսաստանի հարավային սահմանների ողջ պարագծով, ներառյալ և՛ Հարավային Կովկասը, և՛ Կենտրոնական Ասիայի երկրները, ստեղծել անկայունության, քաոսի գոտի, ապակայունացնել այնտեղի իրավիճակը: Եվ այս ամենը տեղի կունենա Սիրիայում, Արևելյան Գուտայում չթուլացող լարվածության պայմաններում: Ուստի, ես հատուկ ուզում եմ հիշեցնել լրջագույն նախազգուշացման մասին, որն այսօր հնչեցրեց Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը` ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից Դամասկոսի արվարձանում Սիրիայի կառավարական զորքերի դեմ հնարավոր գրոհի հետ կապված: Բանակի գեներալը պարզապես հայտարարեց, որ Ռուսաստանն անպատիժ չի թողնի ԱՄՆ հնարավոր հարձակողական ռմբահարությունները Դամասկոսի շրջանում, որովհետև այնտեղ են գտնվում ռուսաստանցի զինվորական հրահանգիչներ, հումանիտար օգնություն ցուցաբերող ռուսաստանցի զինծառայողներ, խորհրդականներ ՌԴ-ից: Այսինքն` Մեծ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն այժմ չափազանց լարված է: Եվ եթե Վոլֆգանգ Իշինգերը Մյունխենի անվտանգության համաժողովի կարգախոս է ընտրել «Մինչև անդունդի եզրը և հե՞տ» բառերը` հարցական նշանով ավարտելով դրանք, ապա այժմ այդ հարցական նշանը պետք է փոխարինել բացականչականով:
Չեմ թաքցնի, որ, ելույթիս պատրաստվելով, շատ եմ մտածել այն բանի շուրջ, թե որն է այն ֆենոմենը, որը Ռուսաստանի, Հայաստանի և առհասարակ նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների բնակչության համար անսասան է դարձնում բարեկամական հարաբերությունները մեր ժողովուրդների միջև, ինչն է մեզ մերձեցնում, և ինչն է, որն անհնար է որևէ կերպ սասանել: Եզրակացությունը մեկն է, և դա, իմ կարծիքով, մեր հայրերի ու պապերի` Հայրենական մեծ պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ համատեղ պայքարի մեջ է, և անգամ դրա ավարտից 73 տարի հետո, եթե որևէ մեկը փորձի շահարկել հայ-ռուսական ինչ-որ տարաձայնություններ, ինչ-որ հակասություններ որոնել, ապա վերջնարդյունքում դա կտապալվի, ֆիասկո կկրի: Մենք սրբորեն հարգում և միշտ հիշում ենք մեր հայրերի ու պապերի պատգամները, չենք մոռանում, թե ինչպես են նրանք անձնուրաց վայր դրել իրենց գլուխները` հանուն դարչնագույն ժանտախտից, կամ ժամանակակից տերմինաբանությամբ` ազգային բացառիկության վայրի դրսևորումներից մարդկության փրկության: Ահա, հիմա էլ նույն փորձանքն է կախվել որքան Ռուսաստանի, նույնքան էլ Հայաստանի և ողջ աշխարհի վրա: Եվ պետք է, որպեսզի Ռուսաստանի նախագահի զգուշացումը, որն արտահայտել է («Աշխարհակարգ 2018»-ի հարցազրույցում) պարզ ու հասկանալի նախադասությամբ` «ինչի՞ է պետք աշխարհն առանց Ռուսաստանի», սթափեցնի պատերազմի ջատագովների տաք գլուխները: Ուրեմն, մենք պետք է հանրային դիվանագիտությունն այնպես վարենք, որպեսզի հասարակության ճնշման տակ ոչ մեկին և աշխարհի ոչ մի երկրում թույլ չտրվի հատել այն սահմանը, այն վերջնագիծը, որից այն կողմ պատերազմն է: Ես նկատի ունեմ նրանց, ովքեր, իրենց հաշիվ չտալով իրենց գործողությունների աղետալի հետևանքների մասին, ոչ ճիշտ եզրակացություններ կանեն երեք բավական տագնապալի փաստաթղթերի բովանդակությունից` ԱՄՆ միջուկային նոր դոկտրինից, Ազգային անվտանգության ռազմավարությունից և ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցից: Մեր այս երկյուղները և տագնապները հարկ է մեր գործընկերների միջոցով հասցնել Սփյուռքի հայկական և ռուսական համայնքներին, մյուս երկրների բնակչության լայն շերտերին, որպեսզի մեր աշխատանքն ուղղվի հետագա առճակատման վտանգի մեղմմանը, խորհրդարանական մակարդակով ողջ աշխարհի համար անվտանգության հնարավոր լուրջ սպառնալիքների բացատրմանը: Հարկ է այս աշխատանքին ներգրավել ամենատարբեր երկրների քաղաքական էլիտաների հնարավորինս լայն շերտերին: Եթե կարողանանք նման աշխատանք կազմակերպել, ուրեմն մեր ավանդը կներդնենք պատերազմի սպառնալիքի, միջազգային իրավիճակում քաոսի սպառնալիքի կանխման պայքարում: Համոզված եմ, որ նման աշխատանքը կմերձեցնի շատ ու շատ պետությունների խորհրդարանականներին, որոնց թանկ է աշխարհի ճակատագիրը: Այդժամ միանգամայն այլ լույսով կընկալվեն մշակութային փոխանակումները մեր երկրների միջև:
Այսօրվա նիստի ելույթս պատրաստելիս` չեմ թաքցնում, շատ նյութեր եմ կարդացել, որոնք ինձ համար խիստ օգտակար էին: Բավական կառուցողական առաջարկություններ կային ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահին առընթեր Ինտեգրացիոն ակումբի 2017թ. Ամենամյա զեկույցում` «Եվրասիական վեկտորը ապագայի ինտեգրացիան է» կարգախոսով: Օգտակար շատ բան եմ քաղել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի աշխատակից Կ.Պ. Բորիշպոլեցի «Հանրային դիվանագիտությունը ԵԱՏՄ տարածքում. երևույթի և զարգացման միտումների ընկալումը» հոդվածից: Հետաքրքիր շատ մոտեցումներ էին ներկայացված «Հանրային դիվանագիտության տարածաշրջանային չափումը եվրասիական վեկտորն է» Միջազգային կլոր սեղանի (որը տեղի է ունեցել 2017թ. մայիսի 29-ին, Եվրասիայի ժողովուրդների վեհաժողովի 1-ին համագումարի շրջանակներում) նյութերում: Այսինքն, եթե մենք կարողանանք այս ճիշտ ժամանակին տեղի ունեցած համաժողովների և հանդիպումների նյութերում պարունակվող հիմնական մտքերը հասցնել լայն զանգվածներին, ապա, վստահ եմ, որ այս ամենը միանգամայն նոր լույսով կընկալվի ԵԱՏՄ անդամ պետությունների բնակչության կողմից: Միևնույն ժամանակ, եթե մենք ցույց տանք, որ արդի փոթորկահույզ աշխարհում մենք բոլորս գտնվում ենք նույն նավում և այդ նավը ոչ թե Ռուսաստանն է կամ Հայաստանը, այլ ողջ Երկրագունդը, Երկիր մոլորակը, ապա մեր կողմնակիցների թիվն անհաշիվ կաճի: Այս մասին էլ ասվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին Ռուսաստանի նախագահի հղած Ուղերձում: Ելնելով սրանից` մեր հանդիպումը հրատապ է, որն, իմ կարծիքով, ինչպես և նախորդ անգամներին, աչքի է ընկնում բացառիկ անկեղծությամբ և վստահելիությամբ: Մենք մեր ելույթներում խոսեցինք մեր ամենացավոտ խնդիրների մասին, և Դուք, թանկագին ռուս գործընկերներ, լսեցիք մեզ: Երբ Արմեն Գևորգովիչը ելույթ էր ունենում, ես մտովի հարց էի տալիս. կա՞ն արդյոք այլ խորհրդարաններ, որոնց պատգամավորներն ու սենատորները կարողանան այսքան անկեղծ մակարդակում խոսել իրենց տագնապների և հոգսերի մասին: Չեմ ուզում ինչ-որ բան չափազանցել, բայց հիմա ասելու եմ այն, ինչում համոզված եմ. խփում են Հայաստանին, բայց նշանառության տակ Ռուսաստանն է: Մասնավորապես, Ստոկհոլմի Խաղաղության և հակամարտությունների խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի վերջերս հրապարակած թվերը մեզ լրջորեն տագնապեցնում են: Դրանք բավական տագնապեցնող են: Դուք միայն տեսեք: Հաշվետու ժամանակաշրջանում (2015-2017թթ.) Ռուսաստանն Ադրբեջանին է վաճառել 36 միավոր «հՏսվՓպտԴՍե TOS-1A ծանր հրանետ, 40 միավոր ըՁՀ-82A, 800 միավոր հակատանկային «Քրիզանթեմ» կոմպլեքսի հրթիռ (ըԾկ-3-ի հիմքի վրա), որոնք հայտնի են որպես «տանկային մարդասպաններ»: Էլ չեմ ասում Իսրայելի կողմից Ադրբեջանին արդիական սպառազինությունների վաճառքի մասին: Սպառազինությունների այս տագնապալի մրցավազքի մասին, չեք պատկերացնի, ներողություն ժարգոնի համար, ինչ խանդաղատանքով ու կայֆով է գրում ադրբեջանական մամուլը: Այսինքն` այդ երկիրն իր բնակչությանը պատրաստում է պատերազմի: Վտանգը հենց դա է: Ավաղ, այդպես է. Ադրբեջանն իր բնակչությանը պատրաստում է պատերազմի Արցախի և Հայաստանի դեմ: Իրադարձությունների նման զարգացմամբ շատ ուրախ են նրանց ավագ եղբայրները` թուրքերը: Հիմա արդեն Նախիջևանում տեղակայված են Թուրքիայի 3-րդ դաշտային բանակի հարվածային զորամասերը: Էլ չեմ ասում այն վտանգի մասին, որը բխում է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անկանխատեսելի վարքագծից, որն իրեն նորաթուխ խալիֆ, նախկին Օսմանյան կայսրության սուլթանների գործի շարունակող է երևակայում, ընդ որում` նեոօսմանյան իր նկրտումների մասին նա բարձրաձայնում է իր լուր աշխարհի:
Մեզանից յուրաքանչյուրը, անշուշտ, եզրահանգումներ է անում այն տեղեկատվության հիման վրա, որին տիրապետում է: Բայց արդեն պարզ է մի բան, որ համաշխարհային քաղաքականության ուժի առանձին կենտրոններ գործելու են մեն-մի նպատակով` թուլացնել Ռուսաստանը` հանձին նրա արդի աշխարհի առաջատար խաղացողներից մեկին, նոր բազմաբևեռ աշխարհի կերտողին տեսնելով, ինչը խիստ անհանգստացնում է նրանց: Ուստի, նրանց համար չափազանց կարևոր է, որպեսզի Ռուսաստանը, որպես այդպիսին, դադարի գոյություն ունենալ: Եվ դրա համար նրանք կխփեն Ռուսաստանի թիկունքին: Դիմելով Ձեզ` ռուսաստանցի գործընկերներ, հորդորում եմ. պահպանեք Հայաստանը, չէ՞ որ այն Ձեր ամենահուսալի թիկունքն է:
Շնորհակալություն:
Հույս ունեմ, որ ծանոթանալով իմ ելույթների տեքստերին` ընթերցողները տպավորություն կկազմեն մեր բանավեճերի թեմատիկայի և մեր քննարկած հարցերի որակի մասին: Գլխավորն այն է, որպեսզի մեր հետագա աշխատանքում մենք լինենք պահանջկոտ ինքներս մեր և մեր ռուսաստանցի գործընկերների հանդեպ` ի կատարումն մեր համատեղ ընդունած բոլոր պայմանավորվածությունների:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ
www.amiab.am