Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ) Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգեր Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Օրվա խորհուրդ Ֆրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո Նիկոլյանի Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ» Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա «Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԱՅՐԻ՛Կ

Արխիվ 16-20

2002թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ Սիլվա Կապուտիկյանը, Արմեն Գալոյանը, Գալուստ Գալոյանը, Սերգեյ Համբարձումյանը, Էմիլ Գաբրիելյանը եւ Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ Սլավիկ Պարոնյանը (2013-ից` ՀՀ ժողովրդական նկարիչ) միջնորդությամբ դիմեցին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին եւ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին` Մաշտոցի պողոտայի 39/12 շենքի պատին հայտնի կուսակցական, պետական գործիչ Մամիկոն Արտաշեսի Գեղամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցնելու մասին: Հաշվի առնելով Երեւան քաղաքի Խորհրդի 23.09.2002թ. N 13/1 որոշումը` 2002թ. սեպտեմբերի 26-ին Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն ընդունեց N 1655 Ա` «Մամիկոն Գեղամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման թույլտվության մասին» որոշումը, որում ասվում է. «թույլատրել կուսակցական, պետական գործիչ Մամիկոն Արտաշեսի Գեղամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրումը Մաշտոցի պողոտայի հ. 39/12 շենքի պատին»: Գրանիտե հուշատախտակին գրված է. «Այս տանը 1947-2002թթ. ապրել է հայտնի պետական եւ կուսակցական գործիչ Մամիկոն Արտաշեսի Գեղամյանը»:
Մամիկոն Գեղամյանի ծննդյան 100-ամյակի նախօրեին «Իրավունքը» հրապարակում է նրա որդու` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանի առանձին հուշերն իր հոր մասին:

ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Նախ մի քանի խոսք Գեղամյանների տոհմի մասին: Վստահություն ներշնչող պատմական արխիվները վկայում են. «Գեղամյաններ. ազնվականական տոհմ XVIII-XIX դարերում, Երևանի խանությունում: Նրանց կառավարման ներքո են գտնվել Կոտայքի և Գեղամա գավառների մի շարք գյուղեր: Ունեցել են հայկական հետևակային գնդի հրամանատար-հազարապետի կարգավիճակ: Մասնակցել են ազգային-ազատագրական շարժումների: 1780 թվականին Արարատյան դաշտավայրի հայ բնակիչների անունից նրանք դիմել են ռուսական կառավարությանը խանական լծից իրենց ազատագրելու խնդրանքով: 1804 թվականին, ռուսական զորքի մի ձախողված արշավանքից հետո, Հովհաննես և Բարսեղ Գեղամյաններն (Ա. Գեղամյանի նախնիները հայրական կողմից) իրենց հպատակների հետ վերաբնակվել են Ջավախքում, ստացել ռուս ազնվականների կոչում: Մի քանի տարի անց բոլորը հիմնականում վերադարձել են Հայաստան և` նույն նախկին դիրքով… Մի մասն էլ տեղափոխվել է Վրաստան, հաստատվել Ախլցխայում և ստացել ռուս ազնվականի կոչում»…

2018թ. հունվարի 14-ին լրանում է Խորհրդային Հայաստանի հայտնի կուսակցական, պետական գործիչ Մամիկոն Արտաշեսի Գեղամյանի` իմ հոր ծննդյան 100-ամյակը: Խոստովանում եմ, որ ինձ համար շատ դժվար է գրել այս տողերն իմ սիրելի, հարազատ ու թանկագին հոր մասին: Եվ բնավ ոչ այն պատճառով, որ նրա կյանքում քիչ են եղել վառ, հիշատակելի փուլեր և իրադարձություններ: Ո՛չ, ո՛չ, ուղիղ հակառակը: Մեր օջախում` Արթիկում, Լենինականում և Երևանում, մեր մեծ ժամանակակիցների հետ տեղի ունեցած հանդիպումների, զրույցների հիշատակումն իսկ մի քանի էջ կլցներ: Պահի նրբությունն այն է, որպեսզի հանկարծ որևէ հիշարժան դրվագ չմոռանամ նրա կյանքից և դրանով իսկ ակամա նեղացնեմ մեկնումեկին, կամ էլ տխուր հիշղությունների գիրկը չնետեմ նրա իսկ ժամանակակիցներին, ովքեր, ավաղ, արդեն շատ քիչ են մնացել: Հուշեր գրելու դժվարությունը շատ բանով պայմանավորված է նաև նրանով, որպեսզի աշխարհում և միջազգային հարաբերություններում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների ֆոնին նկարագրելով 1940-60-ական թթ. իրադարձությունները` չկորչի 1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակից հետո այդ բարդ և միևնույն ժամանակ վեհ տասնամյակների ստեղծարար հերոսականությունը: Հիշելով իմ ծնողների և նրանց ժամանակակիցների պատմությունները` ես ակամա մտորում էի. որտեղի՞ց էին նրանք, հաճախ` անոթի, քաղում թվում է, թե անսպառ հոգեկան կորովը` օրական 12 ժամ աշխատելով իրենց վստահված տեղամասերում: Ի՞նչն էր նրանց առաջ մղում: Գուցե պարտքի զգացողության գիտակցո՞ւմը իրենց ավելի քան 200 հազար հայրենակիցների առջև, ովքեր չվերադարձան Հայրենական մեծ պատերազմի մարտադաշտերից: Իսկ գուցե ցանկությո՞ւնը` հավասարվելու Խորհրդային Միության 104 հայ հերոսներին, կամ էլ` Փառքի ասպետ 27 հայ շարքային զինվորներին: Կամ գուցե ցանկությո՞ւնը` արժանի լինել Հաղթանակի մարշալի` Խորհրդային Միության մարշալ Գեորգի Կոնստանտինովիչ Ժուկովի` հայերի մասին ասած խոսքերին. «Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայերը` սկսած շարքայինից և վերջացրած մարշալով, քաջարի մարտիկների չխամրող փառքով անմահացրին իրենց անունները»:
Եվ այսպես, Մամիկոն Արտաշեսի Գեղամյանը 1937թ. գերազանցությամբ ավարտելով Ախալցխայի (Ջավախք) միջնակարգ դպրոցը, հարցազրույցով (գերազանցիկ շրջանավարտներն այդ տարիներին բուհ ընդունվելիս քննություններ չէին հանձնում) ընդունվեց Լենինգրադի Ն.Կ. Կրուպսկայայի անվան կոմունիստական քաղլուսավորության ինստիտուտ: Երրորդ կուրսն ավարտելուց հետո, ՌԿ(բ)Կ (Համառուսաստանյան կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության) անդամ և ուսման գերազանցիկ լինելով, Մամիկոն Գեղամյանը 1940թ. սեպտեմբերին կուսակցական հավաքով դառնում է ՌԿ(բ)Կ Կենտկոմին առընթեր Բարձրագույն կուսակցական դպրոցի (ԲԿԴ) ունկնդիր, քաղաք Մոսկվա: Նշենք, որ այդ ժամանակ դա միակ բարձրագույն կուսակցական-քաղաքական ուսումնական հաստատությունն էր ԽՍՀՄ-ում, որը պատրաստում և վերապատրաստում էր ԽՄԿԿ-ի և Սովետների ղեկավար կադրերին: Հատկանշական է նաև այն, որ այդ ուսումնական հաստատության հիմնադրման տարեթիվը 1939 թվականն էր: Նշեմ, որ այն տարիներին ՌԿ(բ)Կ Կենտկոմին առընթեր ԲԿԴ-ի ունկնդիր էր Խորհրդային Հայաստանի ականավոր պետական և կուսակցական գործիչ, մեծ ինտելեկտուալ, հանրագիտարանային գիտելիքների տեր Հրանտ Մարտինի Մարտիրոսյանը` հորս և մեր ընտանիքի մերձավոր բարեկամներից մեկը: ՌԿ(բ)Կ Կենտկոմին առընթեր ԲԿԴ-ում ուսումն ավարտելուց հետո ԽՄԿԿ Կենտկոմի համապատասխան բաժնի որոշմամբ (ԲԿԴ շրջանավարտներն աշխատանքի էին նշանակվում համաձայն ԽՄԿԿ Կենտկոմի կազմակերպչա-կուսակցական աշխատանքի գծով քարտուղարի որոշման) Մամիկոն Գեղամյանն աշխատանքի է ուղարկվում Խորհրդային Հայաստան և նշանակվում Հայաստանի Կոմունիստական կուսակցության Ղափանի շրջկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի պաշտոնում, որտեղ աշխատում է 1942թ. սեպտեմբերից մինչև 1943թ. օգոստոսը, իսկ հետո տեղափոխվում է կուսակցության Երևանի քաղկոմ` պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի պաշտոնն ստանձնելով: Ընթերցողը կարող է հարց տալ. այդ ինչո՞ւ էլիտար և ողջ երկրում միակ` ՌԿ(բ)Կ Կենտկոմին առընթեր ԲԿԴ-ի շրջանավարտին չուղարկեցին ռազմաճակատ, այլ աշխատանքի գործուղեցին Խորհրդային Հայաստան: Ի՞նչ է, տեղի կադրերը չէի՞ն բավականացնում: Բնավ ոչ: Ինչպես պարզվեց ավելի ուշ, Ռուսաստանից Հայկական ԽՍՀ կուսակցական կադրեր ուղարկելը հեռահար նպատակներ էր հետապնդում: Արդեն Հայրենական մեծ պատերազմի տարիներին երկրի քաղաքական ղեկավարությունը մշակել էր ռազմավարական պլաններ` կապված պատմական արդարության վերականգնման հետ, համենայնդեպս մեզ` հայերիս համար:
Խոսքը Էրիվանի նահանգի Սուրմալուի գավառը, որը 1828-1918թթ. մտնում էր Ռուսական կայսրության, իսկ ավելի ուշ` Հայաստանի Հանրապետության կազմի մեջ (1918-1920թթ., Իգդիր վարչական կենտրոնով), Խորհրդային Հայաստանին վերամիավորելու մասին է: Եվ ահա, Մոսկվայում թրծված և Խորհրդային Հայաստան գործուղված կուսակցական կադրերը հետագայում պետք է կուսակցական կազմակերպություններ ստեղծեին ազատագրված Սուրմալուի գավառում, էլ չեմ ասում Կարսի նահանգի տարածքի մի մասում: Դրանով իսկ կջնջվեր քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև 1921թ. մարտի 16-ին կնքված և Մոսկվայի պայմանագիր անվամբ հայտնի «բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրի խայտառակ էջը: Երիտասարդ խորհրդային դիվանագիտության կնքած այդ խայտառակ և անհեռատես պայմանագրի հետևանքով Թուրքիային անցան 30 հազար քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով հայկական տարածքներ: Նշենք, որ այդ տարածքները զավթվել էին Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920թթ.) դեմ Թուրքիայի զինված ագրեսիայի արդյունքում, որն ավարտվել էր Մոսկվայի պայմանագրի ստորագրումից ընդամենը երեքուկես ամիս առաջ: Ավաղ, ԽՍՀՄ ղեկավարության այս պլաններին վիճակված չէր իրականանալ: Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումները (1945թ. օգոստոսի 6-ին և 9-ին) ի չիք դարձրին Խորհրդային Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ պատմական արդարության (որը ոտնահարվել էր 1921թ. Մոսկվայի պայմանագրով) վերականգնմանն ուղղված ԽՍՀՄ ռազմավարական ծրագրերի իրագործումը:
Ինչևէ, կյանքը շարունակվում էր: 1945թ. հունիսին Մամիկոն Գեղամյանն ընտրվում է կուսակցության Ստալինյան շրջկոմի (հետագայում շրջանը վերանվանվեց Լենինյան, մեր օրերում` Երևան քաղաքի Շենգավիթի վարչական շրջան) քարտուղար: Այս նշանակման հարցում Մամիկոն Գեղամյանի բախտը բերել էր: Նա պետք է աշխատեր օժտված և Հայրենիքին նվիրված մեծ հայրենասեր Եղիշե Գևորգի Վարդանյանի ղեկավարության ներքո: Ներկայացնեմ Հայկական ԽՍՀ պետական նշանավոր գործիչ Ալեքսան Կիրակոսյանի խոսքերը Եղիշե Գևորգովիչի մասին. «Բնատուր տաղանդը, մարդկային մեծ հմայքը, անմնացորդ նվիրումն իր ժողովրդին և Հայրենիքին նրան (Եղիշե Վարդանյանին) մեծ ճանաչում բերեցին: Եղիշեի անունը ոսկե տառերով կգրվի մայրաքաղաքի շինարարության տարեգրքում» (Եղիշե Վարդանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսավոր ժողովին ունեցած ելույթից): Հայրս հպարտությամբ էր հիշում Եղիշե Գևորգովիչի հետ աշխատած երկուսուկես տարիների մասին: Եվ գլխավոր դասը, որ նա քաղել էր այդ տարիներին և իր հետ տարավ ողջ կյանքի ընթացքում, Հայրենիքին ու հասարակ ժողովրդին ծառայելն էր, անկեղծ ու ազնիվ լինելը, ցանկացած դժվարություն և զրկանք արժանապատվորեն տանելը: Ցավոք, ծնողներս, մայրս` «Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցչուհի» Սոնյա Չամանյան-Գեղամյանը, և հայրս` Մամիկոն Գեղամյանը, այդ տարիներին նաև դժբախտություններ տեսան: Վարակիչ հիվանդություններից շատ վաղ տարիքում մահացան մեր ընտանիքի երկու առաջնեկները:
Կուսակցության Ստալինյան շրջկոմի քսանիննամյա քարտուղար Մամիկոն Գեղամյանի աշխատանքը բարձր գնահատվեց, և նա 1947թ. հուլիսին ընտրվեց Հայաստանի Կոմկուսի Արթիկի շրջկոմի առաջին քարտուղար: Համաձայնեք, որ այդքան երիտասարդ տարիքում այնպիսի շրջան ղեկավարելը, որը հանրապետությանը մատակարարում էր շինարարական քարի (խոսքն Արթիկտուֆի մասին է) գրեթե 90%-ը, և միաժամանակ գյուղատնտեսությունը ոտքի կանգնեցնելը, բնակարաններ կառուցելն ու զորացրված արթիկցիների տնտեսությունները կարգավորելը հեշտ գործ չէր: Կես դար անց, ընտրարշավների ընթացքում` ՀՀ նախագահի և Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, հորս մասին շատ բարի խոսքեր լսեցի արթիկցի աշխատավորներից: Այս ամենն, անշուշտ, ինձ ավելի վճռական էր դարձնում և էլ ավելի սաստկացնում ցանկությունս` նմանվել հորս, որպեսզի այս կյանքում, ինչպես նա, բարի հետք և լավ հիշատակ թողնեմ: Մանավանդ որ հայկական միջավայրում հիշողությունը հայերի, մեր ժողովրդի բուն էության մասն է, նրա գոյատևման միջոցը հինգհազարամյա պատմության ընթացքում:
Ներկայացնեմ իմ հոր` արթիկյան աշխատանքային գործունեության ժամանակվա հուշերից մեկը: Հայաստանի Կոմկուսի շրջկոմի ամենաերիտասարդ քարտուղար լինելը, իսկ հայրս այդ ժամանակ ընդամենը 29 տարեկան էր, ոչ միայն մեծ պատիվ էր, այլև մեծ պատասխանատվություն, մանավանդ երբ հանրապետության կուսակցական ակտիվը քեզ ընդունում է որպես Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգորի Արտեմևիչ Արուտինովի (Հարությունյան) երաշխավորած անձի: Արթիկի շրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնում աշխատանքի առաջին իսկ ամիսներին, աշնանային բերքահավաքի ժամանակ, անձամբ շրջան է այցելում Կենտկոմի առաջին քարտուղարը: Ինչպես հետո պատմում էր հայրս, Գրիգորի Արտեմևիչն ուղիղ գնացել է դաշտ` կոլտնտեսականների մոտ: Այդ տարիներին խնդիրներ և հարցեր շատ կային, մանավանդ գյուղացիների համար: Չէ՞ որ անասելի դժվարին աշխատանքի գնով էին նրանք վերամշակում Շիրակի հարթավայրի մոլախոտով պատված երբեմնի բերրի վարելահողերը: Պատերազմի տարիներին աշխատող ձեռքերի պակասի պատճառով (բոլոր տղամարդիկ ռազմաճակատում էին) երբեմնի բերրի հողերն անպիտան էին դարձել: Գրիգորի Արտեմևիչի հարցին, թե` ո՞րն է ամենակարևոր խնդիրը, որն անհապաղ լուծում է պահանջում, հետևում է դաժան, բայց անկեղծ պատասխանը. մեր երեխաները կիսաքաղցած են: ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարն անթաքույց վրդովմունքով և հանդիմանանքով լի հայացքով նայում է իր առաջադրած մարդուն` Մամիկոն Գեղամյանին, որը, անմեղ մեղավորի վիճակում հայտնված, աչքերը վայր է իջեցնում: Այ, հենց այստեղ էլ արթիկցիները սկսում են պաշտպանել իրենց ղեկավարին` ասելով, որ Մամիկոն Գեղամյանն ինքն էլ` կնոջ և նորածին դստեր` Լիլյայի հետ միասին, կիսաքաղց վիճակում է: Այն տարիներին շրջանների ղեկավարները և նրանց ընտանիքները յոթ փականով ամուր փակված դղյակներում չէին ապրում: Նրանց տների դռները միշտ բաց էին, և ոչ միայն հարևանների առջև: Գրիգորի Արտեմևիչի փորձառու հայացքը չէր կարող չորսալ ամենագլխավորը, այն, որ կուսակցության շրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնում իր աշխատանքի հաշված ամիսների ընթացքում Մամիկոն Գեղամյանն արթիկցիների կողմից ընդունվում է որպես հարազատ մարդ, որին նեղացնել թույլ չեն տա: Տեսնելով խամուխոպան դարձած հողը մշակելու կոլտնտեսականների վճռականությունն ու նրանց բարյացակամ, անկեղծ խոսքուզրույցը լսելով` Գրիգորի Արտեմևիչը չկարողացավ մերժել և լավաշ-պանիր կիսեց նրանց հետ, որ կոլտնտեսականները հանել էին կապոցներից ու հենց խոտի վրա էլ փռել: Գրիգորի Արտեմևիչը ձայն է տալիս իր մշտական վարորդին` փորձառու ուստա Ատոմին (Ատոմ Հովսեփյան)` ասելով, որ հետը մեքենայի բեռնախցիկից տնական չոր կարմիր գինու շիշը բերի: Ընդ որում, Կենտկոմի առաջին քարտուղարն ասաց, որ գինին սկզբում լցնեն Հայկական ԽՍՀ պետանվտանգության փոխնախարար Գուրգեն Գևորգյանին, որն ուղեկցում էր իրեն: Ո՛չ, ոչ թե գինու` օգտագործման համար պիտանի լինելը ստուգելու համար, այլ որպեսզի խուսափի Մոսկվա` իր բարձրագույն ղեկավարությանը զեկույց գրելու գայթակղությունից առ այն, որ աշխատանքի ժամանակ Կենտկոմի առաջին քարտուղարը կոլտնտեսականների հետ ոգելից խմիչք էր խմում... Այս զարմանալի պատմությունն առաջին անգամ հորիցս լսել եմ դեռ դպրոցական տարիներին: Իսկ հիշողությունների առիթ հանդիսացավ շատ հուզիչ մի դեպք:
1953թ. նոյեմբերին Գրիգորի Արտեմևիչ Արուտինովը միանգամայն հանիրավի ազատվում է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից և որոշ ժամանակ անց նշանակվում կոլտնտեսության նախագահ: Եվ ահա, արդեն պաշտոնաթող լինելով` Գրիգորի Արտեմևիչը 1954թ. գարնանը տիկնոջ հետ գալիս է «Նաիրի» կինոթատրոն, որը նոր-նոր գրանցում էր ստացել Լենինի պողոտա 50 հասցեում: Ծնողներս այդ օրը նույնպես, ըստ երևույթին Նախախնամության կամքով, այդ նույն սեանսի ժամանակ կինոթատրոնում են գտնվելիս եղել: Ֆիլմի ցուցադրությունից հետո, երբ կինոդահլիճի լույսերը վառվում են, բոլոր հանդիսատեսները ոտքի են ելնում, բայց ոչ ոք դուրս չի գալիս: Դահլիճում քար լռություն է տիրում: Կինոդիտողները, Գրիգորի Արտեմևիչին և նրա տիկնոջը` Նինային տեսնելով, ասես քարացել էին: Այդ ժամանակ հայրս, համարձակություն հավաքելով, մոտենում է իր կուռքին և կիսաձայն ասում, որ մարդիկ կինոդահլիճից կհեռանան այն ժամանակ, երբ ինքը` Գրիգորի Արտեմևիչը դուրս գա այնտեղից: Իր խորին հարգանքն այս անզուգական մարդու հանդեպ ժողովուրդն արտահայտում է այս կերպ: Հարյուրավոր կինոդիտողների հիացական և, միևնույն ժամանակ, թախծոտ հայացքի ներքո Արուտինովների զույգը դուրս է գալիս դահլիճից: Այս անմոռանալի հիշողության տպավորությամբ էլ հայրս հիշեց Արթիկի շրջանում նրա հետ հանդիպման մասին: Եվ զարմանալի է, որ այդ պատմությունները դրոշմվել են իմ` հնգամյա տղայիս հիշողության մեջ: Տարիներ անց քանիցս խնդրել եմ հորս նորից պատմել այդ պատմությունները: Այդ հանդիպումից հաշված ամիսներ հետո` 1954թ. օգոստոսին, Մամիկոն Գեղամյանն ազատվում է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի պատասխանատու կազմակերպչի պաշտոնից: Ազատման ֆորմալ պատրվակ էր դարձել Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի նոյեմբերյան (1953թ.) պլենումում նրա արած ակնարկը, երբ հանրապետության որոշ ղեկավարներ սկսել էին քարկոծել Գրիգորի Արտեմևիչին: Այդ ժամանակ Հայաստանի Կոմկուսի Լենինականի օկրուգային կոմիտեի երկրորդ քարտուղար Մամիկոն Գեղամյանը տեղից բարձրաձայն ընդհատում է ելույթ ունեցողին (ՀԿԿ Կենտկոմի քարտուղարներից մեկին)` ասելով, որպեսզի սա իր մերկապարանոց մեղադրանքները հաստատի կոնկրետ փաստերով` նրան հանդիմանելով, որ դեռևս մեկ ամիս առաջ այս նույն ամբիոնից գովաբանում էր ընկեր Արուտինովին: Ելույթ ունեցողի արձագանքը խիստ հիվանդագին էր: Տառացիորեն մի քանի օր հետո հայրս, որ ՀԿԿ Լենինականի օկրուգային կոմիտեի երկրորդ քարտուղարի պաշտոնում դեռ երկու տարի չէր աշխատել, տեղափոխվում է այլ աշխատանքի ՀԿԿ Կենտկոմի ապարատում, իսկ ևս մի քանի ամիս անց` 1954թ. հուլիսին, ուղարկվում է աշխատանքի որպես Հայկական ԽՍՀ մշակույթի նախարարության կադրերի բաժնի վարիչ: Անպայման ցանկանում էի խոսել այս մասին, որպեսզի շնորհակալություն հայտնեմ Հայաստանի Կոմկուսի Լենինականի օկրուգային կոմիտեի նրա գործընկերներին, ովքեր ոչ միայն երես չթեքեցին իրենց ընկերոջից` Մամիկոն Արտաշեսովիչից, այլև ամեն կերպ բարոյապես նեցուկ եղան ծնողներիս, հորս` 36-ամյա պաշտոնաթող կուսակցական աշխատողին: Օգտվելով առիթից` ցանկանում եմ 63 տարի անց նորից ու նորից երախտագիտություն հայտնել Հայաստանի Կոմկուսի Լենինականի օկրուգային կոմիտեի առաջին քարտուղար Գեղամ Բագրատի Ալեքյանի, օկրուգկոմի կազմակերպչա-կուսակցական աշխատանքի բաժնի վարիչ Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյանի, պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ Հրաչիկ Սիմոնի Իկիլիկյանի և, իհարկե, Լենինականի աշխատավորների պատգամավորների օկրուգային խորհրդի նախագահ Անուշավան Գեղամի Մարդոյանի հարազատներին և մերձավորներին:
Հիանալի է, չէ՞, երբ գործընկերոջդ խիզախ արարքը չի մոռացվում: 1961թ. օգոստոսի 22-ին Մամիկոն Արտաշեսի Գեղամյանը Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի Բյուրոյի երաշխավորությամբ ընտրվում է Հայաստանի Կոմկուսի Ապարանի շրջկոմի առաջին քարտուղար: Չեմ պատմի այն տարիների աշխատանքային ծանր առօրյայի մասին, որպեսզի չձանձրացնեմ ընթերցողներին: Այլ կպատմեմ լոկ որոշ հետաքրքրական պատմություններ: Եվ այսպես, 1965թ. մարտին սկսվեց լիամասշտաբ պատերազմը Վիետնամում: Խորհրդային Միությունում ամենուրեք վիետնամցի ժողովրդի հետ համերաշխության հանրահավաքներ էին անցկացվում: Բնականաբար, Հայկական ԽՍՀ աշխատավորները նույնպես անմասն չմնացին և իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ ագրեսորի (ԱՄՆ-ի) ու իրենց համերաշխությունը հայտնեցին Վիետնամի ժողովրդին: Կուսակցության Ապարանի շրջկոմի առաջին քարտուղար Մամիկոն Գեղամյանի աշխատասենյակում առավոտ կանուխ հեռախոսազանգ է ստացվում ՀԿԿ Կենտկոմի ապարատից` Ապարանի շրջկենտրոնում և գյուղերում եղբայրական վիետնամական ժողովրդի հետ համերաշխության հանրահավաք կազմակերպելու համառ խնդրանքով: Գարնանային դաշտային աշխատանքների եռուն ժամանակն էր, և ուրիշ էլ ով, եթե ոչ շրջկոմի առաջին քարտուղարը բոլորից լավ կիմանար, որ յուրաքանչյուր կորսված օր կարող է թանկ նստել գյուղացիների վրա, ու ոչ մի կերպ չպետք է նրանց այդ օրերին կտրել աշխատանքից: Երեք-չորս ժամ չանցած` ՀԿԿ Կենտկոմի ապարատի պատասխանատու աշխատողը, չսպասելով անցկացված հանրահավաքների մասին զեկույցին, զանգահարում է Մ.Գեղամյանին: Եվ ուղղակի ասենք` «հիասթափվում» է, որ այդքան փորձառու կուսակցական աշխատողը արդարանալու պատճառներ է փնտրում` խոստանալով Ապարանի ամբողջ շրջանում համերաշխության հանրահավաքները կազմակերպել միայն աշխատանքային օրվա ավարտից հետո: Եվ ահա, տասնհինգ-քսան րոպե չանցած` այդ նույն մարդն արդեն հոխորտալով ասում է, որ Կենտկոմի պրոպագանդայի բաժնի ղեկավարությունը և Կենտկոմի նրանց կուրատոր քարտուղարը տարակուսած են Մ.Գեղամյանի իներտ պահվածքից և նրանից զեկույց են սպասում: Անցնում է ևս մեկուկես ժամ, և նորից հեռախոսազանգ այդ նույն մարդուց ու նույն հարցով: Հիմա արդեն Ապարանի շրջկոմի առաջին քարտուղար Մամիկոն Գեղամյանն է սկսում կշտամբել Կենտկոմի աշխատողին, որ սա իր գլխին մեծ փորձանք է բերել, այն է. շրջանում ամենուրեք Վիետնամի ժողովրդի հետ համերաշխության հանրահավաքներ են անցկացվել, և հիմա մարդիկ ողջ շրջանից գնում են դեպի շրջկենտրոն` պահանջելով զինել իրենց և ուղարկել վիետնամական ռազմաճակատ: Ընդ որում, նախազգուշացնում է Մ.Գեղամյանը, նրանց պահանջները համառ են և չկատարվելու դեպքում կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Լսածից խիստ թևաթափ եղած սույն գործիչը, իր անմիջական ղեկավարության «գլխի վրայից թռչելով», այդ մասին անհապաղ զեկուցում է ՀԿԿ Կենտկոմի գաղափարախոսության գծով քարտուղար, հումորի նուրբ զգացողության տեր, խորագիտակ Ռոբերտ Հրաչի Խաչատրյանին: ՀԿԿ Կենտկոմի քարտուղարի հեռախոսազանգը հորս «գտնում» է կոլտնտեսային դաշտերից մեկում, դեպի ուր շնչակտուր վազ էր տվել կապի տեղի բաժանմունքի վարիչը` ասելով, որ գծի մյուս ծայրում Կենտկոմի քարտուղարն է: Կապավորները Ռոբերտ Հրաչևիչին միացնում են Մ.Գեղամյանի հետ: Նա հորիցս հետաքրքրվում է, թե ինչպես են ընթանում գարնանային դաշտային աշխատանքները, ինչո՞վ կարող է Կենտկոմն օգտակար լինել: Լսելով հորս պատասխանները` Ռոբերտ Հրաչևիչը խոսակցության ավարտին հպանցիկ ասում է. Մամիկոն ջան, խնդրում եմ, աշխատանքից հետո միտինգներ կազմակերպիր և վերջ տուր մեր երիտասարդ աշխատողներին ծաղրելուն: Այն ժամանակ դեռ փակ հեռախոսակապ չկար, և Կենտկոմի քարտուղարի զրույցը լսում են Ապարանի շրջանի կապի բաժանմունքների բոլոր վարիչներն ու հեռախոսավարուհիները: Նույն օրը երեկոյան շրջկենտրոնում կազմակերպվում է Վիետնամի մարտնչող ժողովրդի հետ համերաշխության հանրահավաք, որի մասնակիցներից շատերն իրոք խնդրում էին իրենց կամավոր գրել և ուղարկել կռվելու վիետնամական ռազմաճակատում:
ՀԿԿ Կենտկոմի քարտուղարի` հորս ուղղված հանդիմանությունը` «չծաղրել» Կենտկոմի շատ կամակոր հրահանգիչներին, հիմքեր ուներ: Մի քանի ամիս առաջ` 1964թ. աշնանը, բերքահավաքի թունդ պահին, ՀԿԿ Կենտկոմի գյուղբաժնի ղեկավարներից մեկը «հանձնարարում» է կուսակցության Ապարանի շրջկոմի առաջին քարտուղարին օրը երկու անգամ զեկուցել հավաքված բերքի մասին: Այս հրահանգը շրջկոմի առաջին քարտուղարին ստիպում է կտրվել տեղերում իրականացվող բերքահավաքից, վերադառնալ աշխատասենյակ և տեղեկացնել Կենտկոմի «անհաջող» պատասխանատու աշխատողին, որն օրը երկու անգամ հետաքրքրվում է խնդիրներով և Կենտկոմի կողմից հնարավոր օգնության հարցով: Այդ աշխատողն, ըստ երևույթին, վերջում զզվեցրել էր հորս իր պնդաճակատությամբ, և այն հարցին, թե ինչով կարող է Կենտկոմն օգտակար լինել, Մամիկոն Արտաշեսովիչը տրտնջացել էր, թե կրծողների պատճառով բերքի մի մասը կորչում է: Անմիջապես հաջորդում է հարցը. իսկ կուսակցական ակտիվն ի՞նչ գործողություններ է ձեռնարկում կրծողների դեմ պայքարում: Հայրիկիս պատասխանն սպասել չի տալիս. կուսակտիվը հավաքագրել է շրջանի գործունակ բոլոր կատուներին և կազմակերպչական կարգով նրանց առավոտվանից դաշտեր ուղարկել: Հեռախոսի մյուս ծայրում հնչում են խրախուսիչ խոսքեր և հարց. ուրեմն, բանն ի՞նչ է: Մամիկոն Արտաշեսովիչը դժգոհում է, որ առկա կատուները գործը գլուխ բերել չեն կարողանում սակավաթվության պատճառով, իսկ, ա՛յ, հարևան Աշտարակի շրջանում կուսակցության շրջկոմի առաջին քարտուղար Հրաչիկ Սիմոնի Իկիլիկյանը չի ցանկանում իրենց տալ ավելցուկ կատուներին: Գյուղբաժնի վարիչի տեղակալը, նախ, հեռախոսով արդեն ամրագրում է տեղայնության դրսևորման փաստը Հ.Իկիլիկյանի կողմից, և երկրորդ` հետաքրքրվում է, թե որտեղից է Աշտարակի շրջանում կրծողների դեմ մարտնչողների ավելցուկ գոյացել: «Դե, նրանք կատուներ բուծող ֆերմա ունեն»,- հակադարձում է Մամիկոն Արտաշեսովիչը: Իր հեռախոսազրույցի մասին նա անմիջապես պատմում է Հրաչիկ Սիմոնովիչին, որին նույնպես զզվեցրել էր այդ նույն մարդը: Սակայն Կենտկոմի գյուղբաժնի վարիչի տեղակալն օպերատիվությամբ չէր զիջում, և անմիջապես զանգահարում է կուսակցության Աշտարակի շրջկոմի առաջին քարտուղար Հ.Իկիլիկյանին` համառ պահանջով. կատուներ տալ հարևան Ապարանի շրջանին: Հրաչիկ Սիմոնովիչից չոր մերժում ստանալով` սույն պարզմիտ գործիչն իր հեռախոսազրույցների մասին անմիջապես զեկուցում է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար, գյուղատնտեսության լավագույն և տաղանդավոր կազմակերպիչ Մհեր Սեմյոնի Մելքոնյանին: Լավ ճանաչելով հորս և Հրաչիկ Սիմոնովիչին` Մհեր Սեմյոնովիչը սահմանափակվում է մի երկու խոսքով, որոնց բովանդակությունը հանգում էր նրան, որպեսզի այդ «տխմարն» էլ չզանգահարի ոչ Գեղամյանին, ոչ Իկիլիկյանին: Այս լուրը հաշված ժամերի ընթացքում տարածվում է Հայաստանի Կոմկուսի բոլոր շրջկոմներում, որոնց առաջին քարտուղարները նույնպես հիացած չէին Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի ապարատի` ամեն տեսակ վիճակագրություն հավաքողների անպտուղ հեռախոսազանգերով:
Տարիներ հետո հայրս և Հրաչիկ Սիմոնովիչը ծիծաղում էին` հիշելով, թե ինչպես էին գվվում իրենց հեռախոսները գործընկերների զանգերից, ովքեր ձգտում էին հայտնվել հատկապես Աշտարակի շրջանում` կատվաբուծական ֆերմայի աշխատանքին ծանոթանալու նպատակով, կամ էլ Ապարանի շրջանում, որպեսզի ծանոթանան ապարանցիների` կրծողների դեմ պայքարում կատուների հավաքագրման փորձին:
Հորս` կուսակցության Ապարանի շրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնում աշխատած տարիներին (1961-1966թթ.) շրջանում կառուցվել է էլեկտրատեխնիկական իրերի արտադրության ՆԻԳ գործարանը, սկսվել և գրեթե ավարտին է հասցվել Ապարանի ջրամբարի շինարարությունը, ինչը թույլ տվեց հավելյալ տասնյակ հազարավոր հեկտար հողեր մշակել և դրանք վարելահողերի վերածել: Իսկ ամենակարևորն այն է, որ հասարակ մարդիկ Մամիկոն Արտաշեսովիչին հիշում են որպես յուրային, որն ամբողջ սրտով ցավում էր Ապարանի շրջանի համար: Ժողովրդի մեջ շրջում էր Մամիկոն Գեղամյանի բարի համբավը` որպես կուսակցության շրջկոմի ազնվագույն առաջին քարտուղար, ով ինչպես «կիրզայե սապոգներով աշխատանքի էր եկել շրջան, այդպես էլ կիրզայե սապոգներով աշխատանքի տեղափոխվեց Երևան»` իրենից հետո տասնյակ ու տասնյակ լավ գործեր, և որ գլխավորն է` կուռ կուսակցական ակտիվ թողնելով:
1966թ. հոկտեմբերի 1-ից Մամիկոն Գեղամյանը նշանակվում է աշխատավորների դեպուտատների Մյասնիկյանի շրջխորհրդի գործկոմի նախագահ` այդ շրջանի կազմավորման առաջին իսկ օրվանից: Այս պաշտոնում հայրիկիս աշխատանքի տարիները հագեցած ու լի էին մեր մայրաքաղաքի` Երևանի կյանքում կարևոր շատ իրադարձություններով: Սկսվել էր վիթխարի բնակելի զանգվածի` Նոր Նորքի շինարարությունը: Հիշում եմ, թե ինչպես հայրս ամեն Աստծո օր աշխատանքից երեկոյան ժամը 9-ից շուտ չէր վերադառնում, հոգնած էր, բայց և միաժամանակ ոգեշնչված: Չէ՞ որ բնակարաններ էին կառուցվում հազարավոր երևանցիների համար, իսկ դա չէր կարող չուրախացնել: Արդեն այդ տարիներին ես հատուկ ակնածանք ունեի Բադալ Մուրադյանի, Լյուդվիգ Ղարիբջանյանի, Գրիգոր Հասրաթյանի, Կարեն Դեմիրճյանի հանդեպ: Լինելով Մինիստրների խորհրդի նախագահ, կուսակցության Երևանի քաղկոմի առաջին քարտուղար, աշխատավորների դեպուտատների Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ, Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղար` նրանք ամենասևեռուն ուշադրությունն էին հատկացնում Նոր Նորքի կառուցմանը: Իսկ հայրս նրանց կողմից օժտվել էր իրավունքով` ցանկացած պահի ցանկացած հարցով դիմել իրենց, որպեսզի օժանդակություն ստանա քաղաքի մեջ նոր քաղաքի կառուցման ընթացքում առաջ եկող բազմաթիվ խնդիրների լուծման գործում: Ընդամենը մի դեպքի մասին պատմեմ, որն այլևս երբեք չեմ մոռանա: 1966թ. դեկտեմբերի վերջն էր: Պատրաստվում էի քննաշրջանի ստուգարքները հանձնել, երբ մայրս խնդրեց ինձ մառանից տնական ամենատարբեր պահածոներ` այսպես կոչված «զակատներ» բերել: Տարակուսած հարցրի, թե` ժամը տասն է, գուցե վաղն առավոտյա՞ն բերեմ դրանք, ինչին կարճ պատասխան ստացա. այ, հենց հիմա հայրդ կգա, իրեն էլ ասա դա: Ինչպես պարզվեց տառացիորեն մի քանի ժամ հետո, այդ օրը կուսակցության Երևանի քաղկոմի Բյուրոյում քննարկվել էր Երևան քաղաքում շինաշխատանքների ընթացքի հարցը: Բանավեճերը շատ սուր էին ընթացել: Բավականաչափ բողոքներ էին հնչել և՛ շինարարների, և՛ գործադիր իշխանության տեղական մարմինների հասցեին: Նիստի վերջում, հորս խոսքերով, բոլորն ասես ճնշված էին: Մամիկոն Արտաշեսովիչը նիստի ավարտին խոսք է խնդրել և ասել, որ շրջխորհուրդների գործկոմների մակարդակով նշված բոլոր թերությունները հնարավորինս կարճ ժամկետում կվերացվեն: Ինչո՞ւ է հենց հայրս հանդես եկել իր գործընկերների անունից. հավանաբար այն պատճառով, որ տարիքով մի փոքր ավելի մեծ էր և անցած աշխատանքային ճանապարհով էլ ավելի փորձառու էր: Նա հիշում էր, որ այդ օրը գործընկերների հետ միասին շատ էին ցավել իրենց շեֆի` Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ Գրիգոր Հասրաթյանի համար, որն ամբողջ քննադատությունն ուղղված շրջխորհուրդների գործադիր կոմիտեների հասցեին իր վրա էր վերցրել` չթողնելով, որ նեղացնեն իր ենթականերից և ոչ մեկին: Եվ այդ իրադրությունում հայրս բոլոր ներկաներին հրավիրում է մեր տուն` թեյ խմելու, քանի որ այդպիսի ճնշված հոգեվիճակով կարելի չէր լինի հաջորդ օրը մարտական տրամադրվածությամբ դուրս գալ աշխատանքի: Եվ ահա, հազիվ 15 րոպե անցած` Երևան քաղաքի շուրջ քսանհինգ պատասխանատու աշխատողներ, այդ թվում` Լյուդվիգ Ղարիբջանյանը, Գրիգոր Հասրաթյանը, Կարեն Դեմիրճյանը, Սպարտակ Բաղդասարյանը, Միքայել Մինասյանը և նրանց գործընկերները, մեր տանն էին: Մայրս քույրերիս` Լիլյայի և Հասմիկի հետ, ոչ առանց իմ մասնակցության, մի պատվական սեղան էր գցել: Եթե մեր հյուրերն այս «թեյխումի» լրիվ հանպատրաստից կազմակերպման վկաները չլինեին, երբեք չէին հավատա, որ այդքան ճոխ սեղանը` լի ամենատարբեր «զակատներով» ու թթուներով, գցվել էր 15 րոպեում: Ի՞նչն է դրոշմվել հիշողությանս մեջ. նրանց փոխհարաբերությունների մաքրությունը, այն, որ անգամ իսկ շատ բուռն և սուր բանավեճից հետո էլ թաքուն և ոչ մի չարակամություն չկար...
Երեք տարի հետո Մամիկոն Արտաշեսի Գեղամյանը ՀԿԿ Կենտկոմի Բյուրոյի որոշմամբ հաստատվում է Հայկոոպի կադրերի գծով վարչության փոխնախագահի պաշտոնում, որտեղ աշխատում է ավելի քան 15 տարի: Այս նշանակումը բնավ պատահական չէր. խնդիր էր դրված արմատապես թարմացնել սպառողական կոոպերացիայի միջին շրջանային օղակի կադրային կազմը, ինչը պահանջում էր Հայկոոպի ղեկավարության սերտ աշխատանք Հայաստանի Կոմկուսի շրջկոմների առաջին քարտուղարների հետ: Մամիկոն Գեղամյանի փորձն ու համբավը, առանց չափազանցության, անբասիր էին և խիստ պահանջված: Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի և ԽՍՀՄ «Ցենտրոսոյուզի» ղեկավարության հույսերը` Մամիկոն Գեղամյանի հետ կապված, արդարացան, ինչի ապացույցն են բազմաթիվ կառավարական պարգևներն ու շնորհակալագրերը: Եվ միանգամայն սպասելի էր, որ տարիքի բերումով թոշակի անցնելուց հետո Հայկոոպի ղեկավարությունը «բաց չթողեց» Մամիկոն Արտաշեսովիչին, և նա շարունակեց աշխատել Հայկոոպի վարչության նախագահների անմիջական ղեկավարության ներքո:
Հոդվածը գրելու գաղափարը մտահղացա ս.թ. հոկտեմբերի 13-ին, ընդ որում` շատ անսպասելի: Մեր հանրահայտ հայրենակիցներ Արտավազդ Փելեշյանի, Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Նարա Շլեպչյանի հետ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մոտ հրավիրված անմոռանալի երեկոյի ժամանակ Տիգրան Մանսուրյանն ինձ մի զարմանալի պատմություն պատմեց իր մանկությունից: 1947թ. մեր տաղանդավոր կոմպոզիտորի ընտանիքը Լիբանանից Հայաստան է հայրենադարձվում, Արթիկ քաղաք: Մանսուրյանների ընտանիքը, ինչպես և բնակչության ճնշող մեծամասնությունը, հետպատերազմյան առաջին տարիներին աղքատ էր ապրում: Ինչպես այդ տարիների մասին հիշում է Տիգրան Եղիայի Մանսուրյանը, նա ուրիշի հնամաշ հագուստ էր կրում: Հարևանները գլխի են գցում շնորհաշատ տղային դիմել շրջանի ղեկավարությանը և իր ընտանիքի համար նյութական օգնություն խնդրել: Մի քիչ մտորելուց հետո նա այդպես էլ անում է: Արթիկի շրջանի ղեկավարն ընդունում է 9-ամյա տղային, ուշադիր լսում նրա խնդրանքը, աշխատասենյակ է հրավիրում իր ծառայակցին և կարգադրում սոցիալական ապահովության համապատասխան ֆոնդից նյութական օգնություն հատկացնել: Ընդ որում, նա հատուկ կարգադրում է, որպեսզի խնայդրամարկղում փողը ստանա հենց Տիգրան Մանսուրյանը: Այն դժվարին տարիներին 150 ռուբլին, Տ.Մանսուրյանի խոսքերով, մեծ բան էր նշանակում: Բայց ինձ թվաց, որ նա, հիշելով 70-ամյա վաղեմության այս պատմությունը, այժմ փոքր-ինչ այլ կերպ է գնահատում կատարվածը: Շրջանի ղեկավարը, իհարկե, չէր կարող չիմանալ, թե ինչպես և ինչով են ապրում հայրենադարձները, բայց այս պարագայում առանձին վերցրած մարդու ցավն ընկալել է որպես իր անձնական ցավ: Եվ կարևոր է, որ նա օգտվել է այդ պահին իր ունեցած հնարավորությունից` գոնե ինչ-որ բանով օգտակար լինելու: Ես մաեստրոյին նորից հարցրի. շրջանի ո՞ր ղեկավարին եք դիմել: «Ամենագլխավորին»,- հետևեց պատասխանը: Այդ ամենագլխավոր ղեկավարը հայրս է եղել, ով այդ տարիներին Հայաստանի Կոմկուսի Արթիկի շրջկոմի առաջին քարտուղարն էր: Մաեստրո Տ.Մանսուրյանը, խիստ զգայուն և չափազանց կիրթ մտավորական մարդ լինելով հաճելիորեն զարմացավ, լայնորեն ժպտաց այդ նորությունը լսելով և շարունակեց իր պատմությունը` ասելով, որ մեծագույն ջերմությամբ է հիշում Արթիկում անցկացրած իր մանկության տարիները:
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ. 1970թ. մայիսի 9-ին, երեկոյին մոտ, Օրթոպեդիայի և վնասվածքաբանության հիվանդանոց (որն այն ժամանակ գտնվում էր Ամիրյան փողոցում) է ընդունվում ծանր վիրավոր մի երիտասարդ` ընկերոջ ուղեկցությամբ: Երբ հերթապահ բժիշկը, նրա բաճկոնի կոճակներն արձակելով, տեսնում է մարմնին կպած արնաշաղախ վերնաշապիկը, անմիջապես պառկեցնում է նրան պատգարակին և վազում դեպի վիրահատարան: Սակայն վիրահատել ոչ նա, ոչ էլ տոնական այդ օրը (Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 25-ամյակի օրը) հերթապահ վիրաբույժները չեն համարձակվում: Միակ բանը, ինչն արվում է առաջին երկու ժամում վիրահատարանում, արյան փոխներարկումն է լինում: Բոլորը սպասում էին վիրաբուժական բաժանմունքի վարիչ Աբրահամ Շաքարյանի գալուն: Վիրահատարան մտնելուն պես նա առաջին հերթին հետաքրքրվեց հիվանդի դանակի վերքերի մանրամասներով: Մոտեցավ վիրահատական սեղանին, լայն ժպտաց ինձ, հարցրեց անունս, հետո, կրկնելով այն, ասաց, որ չեմ էլ հասցնի մինչև տասը հաշվել և թմբիրի մեջ կընկնեմ, իսկ երբ արթնանամ` առողջ մարդ կլինեմ: Ավելի լավ կիրառման արժանի համառությամբ հաշվեցի մինչև տասնյոթը և... Երեք ժամ հետո ուշքի եկա թեթև ապտակներից: Աչքերս բացելով տեսա կյանքս փրկած այդ բարեհոգի ղարաբաղցի մարդու ժպտուն դեմքը, իսկ նրա կողքին` արցունքից թաց աչքերով հորս, որի կողքին էին Գրիգոր Հովհաննեսի (Իվանի) Հասրաթյանը, Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյանը և Բորիս Գևորգի Էլոյանը (հայրիկիս գործընկերը): Հորս կողքին նրա համար այդ ծանր պահերին Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյանի և Գրիգոր Հովհաննեսի (Իվանի) Հասրաթյանի ներկայությունը, նրանց սրտացավությունը, նրանց աչքերում հազիվ նշմարվող ուրախությունն ու հանդիմանանքը, թերևս, երբեք չեմ մոռանա: Ինչպես և չեմ կարող ներել ինձ այն ցավի համար, որ ակամա պատճառել եմ ծնողներիս, ավաղ` ոչ մեկ անգամ, անզուսպ էներգիայիս արդյունքում, որը վատնում էի երևանյան փողոցներում մղած «ասպետական» կռիվներում ու գոտեմարտերում:
Գրում եմ այս տողերը և մտաբերում նորանոր հուշեր: Կարծում եմ, որ այդ ամենի մասին դեռ կգրեմ: Իսկ հիմա կցանկանայի ասել. ծնունդդ շնորհավոր, հայրի՛կ:
Հուշերս ավարտելով` ցանկանում եմ կրկին ու կրկին շնորհակալություն հայտնել ծնողներիս ամեն ինչի համար, ասել նրանց` ներեցե՛ք...

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ,
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ
www.amiab.am

***

ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության Նախագահ Անաստաս Հովհաննեսի Միկոյանը, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի Առաջին քարտուղար Անտոն Երվանդի Քոչինյանը, ՀԽՍՀ մելիորացիայի եւ ջրային տնտեսության նախարար Գրիգոր Ալեքսանդրի Բաղրամյանը, Հայաստանի Կոմկուսի Ապարանի շրջկոմի առաջին քարտուղար Մամիկոն Արտաշեսի Գեղամյանը:
Հայկական ԽՍՀ,  Ապարանի շրջան (Ապարանի ջրամբարի շինարարությունում), 1966 թ. մայիս

****
Երեւան քաղաքի կուսակցական-խորհրդային ակտիվի ներկայացուցիչները. Կարեն Դեմիրճյանը, Մամիկոն Գեղամյանը, Լիտվին Ղազարյանը, Լեոնիդ Ներսեսյանը, Աշոտ Յախշիբեկյանը, Ջեյմս Հովհաննիսյանը, Անդրանիկ Սարգսյանը եւ այլոք:
Հայկական ԽՍՀ, Երեւան, 7 նոյեմբերի 1967 թ.



Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода