Փրկիչները շատ են` առաջարկությունները քիչ
ՆերքաղաքականՕրերս Տավուշի դեպքերի հետ կապված բազմաթիվ ընդդիմադիր կուսակցություններ, խմբեր, խմբավորումներ եւ պարզապես քաղաքացիներ անհանգստացած եւ վրդովված գործողություններ են կատարում, ելույթներ ունենում, խոսք ասում: Սակայն ծրագիր կամ առաջարկ ինչպես դուրս գալ այս ստեղծված իրավիճակից այդպես էլ չի հնչում: Եվ, եթե շարքային քաղաքացիների պարագայում դա հասկանալի է, ապա քաղաքականությամբ պրոֆեսիոնալ կարգով զբաղվող պատգամավորներից, կուսակցությունների ղեկավարներից պահանջվում են ոչ թե հուզիչ խոսքեր կամ ճարահատյալ գործողություններ, այլ երկիրը կործանումից փրկելու կոնկրետ ծրագրեր, որոնք պարունակում են քաղաքականապես հիմնավորված ու հաշվարկված քայլերի հաջորդականություն: Հակառակ դեպքում այդ ամենը մնում է որպես օդի տատանում ու անիմաստ տեղաշարժումներ:
Կարելի է հիշել տխրահռչակ «Հայաքվեին», որը ծախսեց հսկայական ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ, որպեսզի ստորագրահավաք անի իբր Արցախի փրկության համար: Բոլոր սթափ մտածող մարդիիկ հասկանում էին, որ ստորագրահավաքով հող չեն պահում, սակայն հայաքվեն խաղաց հույզերի վրա եւ տեսանք, թե ինչպես փրկեց Արցախը: Իրականում բաց թողեց գոլորշին եւ քաղաքական առումով վնասեց Արցախի հարցը: Այսօր նույն հայաքվեն ինչ-որ անհասկանալի շարժումներ է անում Տավուշում: Արդյունքը լինելու է նույնը:
Բացի «Հայաքվեից» այլ քաղաքական դեմքեր ու իրենց կուսակցություն անվանողները, չգիտես ինչու, ակտիվորեն փակում են ճանապարհները Տավուշում: Որպես բողոք դա հասկանալի է, սակայն Նիկոլը թքած ունի նման բողոքների վրա: Իսկ Ալիեւը թքած ունի ե՛ւ Նիկոլի, ե՛ւ առավել եւս նման բողոքների վրա: Արդեն հինգերորդ տարին անընդմեջ իր տարածքները կորցնող ու զիջող Հայաստանին այսպիսի բողոքներով չես օգնի: Եվ եթե փողոց փակողները Տավուշի հեռու գյուղերում լինելով իրենց ասելով քաղաքական գործիչներ դա չեն հասկանում, ուրեմն վայ մեզ, որ մեր քաղաքական ընդդիմությունը սա է:
Մի այլ տեսակի գործընթացներ իրականացվում են խորհրդարանական գլխավոր ընդդիմություն կոչեցյալի կողմից: Այս ճակատագրական պահին ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորները զբաղված են ՀՀ մարզերում պատգամավորների ընտրողների հետ հանդիպումների կազմակերպմամբ: Օրերս նրանք Սիսիանում էին: Բողոքեցին իշխանություններից, ասացին, որ շատ կարեւոր են նման հանդիպումները, որ գյուղ կանգնի գերան կկոտրի եւ ընդհանրապես այդ քննարկումները շատ օգտակար են: Այսպես, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը շատ կարեւորեց կադրային ճիշտ քաղաքականությունը եւ նշեց, որ պետք է արժանի մարդկանց նշանակել համապատասխան կարեւոր պաշտոնների: Լեւոն Քոչարյանը արդարանում էր, թե ինչով են նրանք զբաղված խորհրդարանում, նշում էր, որ Աժ հարթակը օգտագործում են այն «նպատակով, որ մարդիկ իմանան» եւ խոստովանեց, որ «դա անում ենք միգուցե ոչ այնքան արդյունավետ միգուցե չգիտեմ շատ ավելի կամ սուր պետք է լինեն հարցերը, կամ ուրիշ ձեւ լինեն հարցերը»: Դե, եթե Լեւոն Քոչարյանը չգիտի ինչ եւ ինչպես անել ԱԺ-ում, գուցե ճիշտ կլիներ վերջապես հրաժարվել այդ մանդատներից: Եվ վերջապես ժողովրդին առաջարկեն կոնկրետ ծրագիր: Դահլիճից Լեւոնին արձագանքեցին, որ հավաքվածները իրազեկ են այն ամեն ինչից, ինչ որ խոսում են հռետորները: «Դուք ամենա խելոքները չեք»: Եվ առաջարկները լսվում էին ոչ թե բեմում նստած պատգամավորներից, այլ դահլիճից հանդիպմանը եկած քաղաքացիներից:
Աղվան Վարդանյանը ներկայացնում էր իր փիլիսոփայական տեսակետը «զինվորի եւ բանաստեղծի» կարեւորության մասին ժողովրդի կյանքում: « Մեր նպատակն է փոխել էս չարիք իշխանությունը, ձեւավորել իսկապես ուժեղ, պրոֆեսիոնալ, ազգի պետության նվիրված իշխանություն...»: Թե ի՞նչ է անելու այդ իշխանությունը, ի՞նչ ճանապարհով է տանելու Հայաստանը, ինչպե՞ս է ապահովելու անվտանգությունը կամ տնտեսության զարգացումը Աղվան Վարդանյանը չասաց: Հավանաբար նա ենթադրում է, որ իր նշած ազգին ու պետությանը նվիրված իշխանությունը երեւի հենց «Հայաստան» դաշինքն է, որի մեծ մասը աջակցել է Նիկոլի հեղաշրջմանը, համագործակցել Նիկոլի հետ, դառնալով Նիկոլի կառավարության մաս: Ի պատիվ Աղվան Վարդանյանի պետք է ասել, որ նա միակն էր ՀՀ ԱԺ Դաշնակցական խմբակցությունից, ով դեմ դուրս եկավ Նիկոլին, որի համար հեռացվեց իր իսկ կուսակցությունից: Հիմա, եթե նորից պետք է դաշնակները գան իշխանության ու իրենք իրենց անվանեն ուժեղ, պրոֆեսիոնալ ու հայրենասեր իշխանություն, ապա դժվար թե այդպիսի պայծառ ապագան մեծ ոգեւորություն առաջացնի հայ ժողովրդի մեջ: Առավել եւս, որ «Հայաստան» դաշինքի ղեկավարը` Ռոբերտ Քոչարյանը երկար ժամանակ պահպանում էլռության ուխտը, իր համար հանգիստ նստած է Եվրոպայում եւ ոչ մի բանի մեջ չի խառնվում: Եթե այսպիսին է լինելու ուժեղ, պրոֆեսիոնալ եւ հայրենասեր ապագա իշխանությունը, ապա այստեղ հարցերը ավելի շատ են, քան պատասխանները: Առավել եւս, որ այդ պրոֆեսիոնալները այդպես էլ չեն բացահայտում, թե ինչ ծրագրով են գալիս իշխանության:
Ոչ մի առաձնապես բանով չտարբերվեց նաեւ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթը: Նա խոսում էր, որ կարելի էր «արագ տեմպերով վերականգնել բանակը»: Այնուհետեւ նա խոսեց սխրագործությունների եւ քաջագործությունների մասին, որը պետք է ցուցադրի մեր բանակը «բազմաթիվ անգամ գերակշռող թշնամու դեմ մարտնչելիս»:
Մի խոսքով հանդիպման իմաստը հետեւյալն էր` Նիկոլը վատն է (ինչի հետ կարելի է համաձյանվել, թեեւ շատ մեղմ է ասված) դաշնակները եւ քոչարյանականները ուժեղ, պրոֆեսիոնալ հայրենասերներ են (ինչի վերաբերյալ կարելի է երկար բանավիճել) եւ վերջապես, հավատացեք մեզ եւ ամեն ինչ լավ կլինի (այդ դասը մենք վաղուց անցել ենք): Ահա այսպիսի անմխիթար վիճակում է հայկական ընդդիմադիր քաղաքական շերտը:
Սիսիան-Երեւան