Իրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, ոչինչ չկա, բայց մարդն ազատազրկված է. Տիգրան Աթանեսյան
ՏեսանյութերՀակակոռուպցիոն դատարանում շարունակվում են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստերը: Բազմահատոր գործի տակ ճկռած դատավոր Վահե Դոլմազյանը անվրդով նիստեր է անցկացնում, մինչդեռ Ա. Աշոտյանի խափանման միջոց կալանքը շարունակում է մնալ անփոփոխ` նույնիսկ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների երաշխավորությունից հետո: Ստեղծված իրավիճակի մասին զրուցել ենք Ա. Աշոտյանի պաշտպաններից փաստաբան ՏԻԳՐԱՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ հետ:
— Ի՞նչ փուլում է Արմեն Աշոտյանի գործով դատավարությունը, եւ ի՞նչ սպասել դատարանից` ընդդիմադիր պատգամավորների երաշխավորությունը մերժելուց հետո:
— Դատական նիստերի այս փուլը կոչվում է այլ վերաբերելի հարցեր: Անձամբ ես որեւէ ասելիք չունեմ, բայց կոլեգաներս ունեն` կապված նյութեր պահանջելու, գույքի արգելանքի եւ այլ հարցերով: Ինչ վերաբերում է ընդհանուր նախնական դատալսումներին, ապա իմ կարծիքով` արդեն չի քննարկվում, որ գործ ունենք կլասիկ քաղաքական հետապնդման հետ` իրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, ոչինչ չկա, բայց մարդն ազատազրկված է: Մնացածն, ինչպես ասում են, քաղաքական գործիչների դաշտում է:
— Պարոն Աթանեսյան, պաշտպանների հետ զրույցում ի՞նչ է այսօր տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ասում Արմեն Աշոտյանը:
— Գրաքննությանը չի ենթարկվում, չեմ կարող պատասխանել: Բոլորս հասկանում ենք, որ այս ազգն իր գլխին աղետ է բերել: Ճիշտն ասած, հասկանալի է դառնում, որ պատմության ընթացքում միշտ էլ այդպես է եղել: Չգիտեմ` այս անգամ հրաշք կլինի՞, որ պրծնենք այս աղետից, թե` ոչ:
— Որքանո՞վ են համարժեք միջազգային կառույցների արձագանքները` հայաստանյան իրավապահ եւ դատական համակարգում առկա իրավիճակի վերաբերյալ:
— Միջազգային կառույցներին պետք է վերաբերվել ադեկվատ: Իրենց ամպագոռգոռ բոլոր խոսքերը` քաղաքացիական հասարակություն, ժողովրդավարություն, արդարություն, սուտ է: Ոչ մեկի ուշքը չի գնացել Հայաստանի նման մի անտեր երկրի տիրություն անել: Սա նեոկոլոնյալիզմի տեսակ է` զավթելու, իշխելու, կառավարելու, վերահսկելու ինչ-որ տարածքներ: Հիմա Հայաստանը դժվար է պետություն անվանել, ընդամենը տարածք է: Գիտեք, մեր իրավապահ համակարգը` Հայկ Նահապետից մինչեւ օրս սպասարկել է երկրի ղեկավարին` կլինի խան, թե` թագավոր: Ոչինչ չի փոխվել: Որոշակիորեն ինչ-որ համակարգի տեսք այն ստացավ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք, բայց դա էլ վերացրին: Այնպես որ, ես շատ ադեկվատ եմ վերաբերվում այն ամենին, ինչ կատարվում է, ու ոչ մի հրաշքի չեմ սպասում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ