Մեր խմբագրական ինքնիշխանության գինը ես և ռադիոյի գործընկերներս վճարում ենք հաճույքով և արժանապատվորեն.Գարեգին Խումարյան
ՀանդիպումՀանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան գրառումներից մեկում անդրադառնալով իր հետագա պաշտոնավարմանը մասնավորապես գրել էր. «Մի ամսից պայմանագիրս ավարտվում է, ու, թեև մամուլի մեր գործընկերներին մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ կուզեի մնալ, անկեղծ ասած, ապագաս ինձ համար փոքր-ինչ մշուշոտ էր: Հատկապես վերջին շրջանում հաճախ եմ լսում «բա հետո ի՞նչ ես անելու» հարցը: Այսօր այդ հարցի պատասխանը վերջնականապես և անտարընթերցելիորեն ստացել եմ գործընկերներիցս: Փակ գաղտնի քվեարկությամբ «փրայմերիզի» պես մի բան էինք արել, որի ընթացքում ընկերության աշխատակիցների 99,3%-ն ասել է «պիտի մասնակցես և հաղթես» հաջորդ 5 տարին այստեղ աշխատելու համար շուտով հայտարարվելիք մրցույթում»:
Հաշվի առնելով Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի անձի շուրջ իշխանությունների դրսեւորած վարքագիծը արդյո՞ք կարելի է ակնկալել արդար ընտրություններ հարցի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ անձամբ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանից, ով նկատեց.
-Ցանկացած ընտրության արդար լինել-չլինելը, կարծում եմ, մեծապես կախված է նաև ընտրությունների մասնակիցների դրսևորած վճռականությունից և հետևողականությունից: Այս դեպքում Հանրային ռադիոընկերության տնօրենի աշխատանքի համար հայտարարվելիք մրցույթի արդարացիության առաջնային շահառուն ես եմ, և ինչպես նշված էր Ձեր հարցում, ընկերության աշխատակիցների 99,3%-ը: Չընկըղմվելով մանրամասների մեջ, ասեմ, որ որպես գործընթացի մասնակից առավելագույն ջանք եմ գործադրելու, որպեսզի մրցույթն անցնի արդար և թափանցիկ:
-Պարոն Խումարյան, Ձեր հայտնի գրառումից հետո Ձեր դեմ մեծ արշավ սկսվեց, Ձեզ մեղադրեցին քաղաքականացված լինելու մեջ: Այդ «մեղադրանքները» ի՞նչ կերպ անդրադարձան Ձեզ վրա եւ արդյո՞ք ճնշումները Ձեզ վրա մինչ օրս շարունակական բնույթ են կրում:
-Հանրային լրատվամիջոցի ղեկավարի հաստիքը, որպես այդպիսին, ենթադրում է աշխատանք այս կամ այն աստիճանի պերմանենտ դիմադրության պայմաններում: Այնպես որ, հոդվածիցս հետո ստեղծված իրավիճակի մեջ որևէ նոր կամ արտասովոր բան չկա: Աշխատանքիս մի մասն է: Մեր խմբագրական ինքնիշխանության գինը, եթե կուզեք: Եվ այդ գինը ես և ռադիոյի գործընկերներս վճարում ենք հաճույքով և, կարծում եմ, արժանապատվորեն: