Առաջարկություն՝ «Արտավազդ»-ի բեմից. ռուսական թատրոնի նախկին տնօրենը ներկային ծրարն էլ հանձնեց
ՏեսանյութերԹատրոնի միջազգային օրը կայացած ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանը, որը վերջերս էր նշել 60-ամյա հոբելյանն, արժանացավ Արմեն Ջիգարխանյանի անվան «Մեծ Արտավազդ» հատուկ մրցանակի:
Նշենք, որ «Արտավազդ»-ին եւս երկու մրցանակ ռուսական թատրոնինն էր: «Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում մրցանակի արժանացավ Կարեն Գրիգորյանը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի կողմից բեմադրված «Փոքրիկ ողբերգություններ» ներկայացման համար: «Լավագույն զգեստների նկարիչ» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Մերի Սարգսյանը եւ Իզաբելլա Սաֆրոնովան՝ կրկին «Փոքրիկ ողբերգություններ» ներկայացման համար:
Ընդգծենք նաեւ, որ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության բեմում երեկոյի ամենատպավորիչ ելույթը ռուսական թատրոնի նախկին ու ներկա տնօրեններինն էր:
«Շնորհավո՛ր տոնդ թատրոն, շնորհավոր սիրելի գործընկերներ, Մարիաննա հիանալի տեսք ունեք, չե՞ք ցանկանում վերադառնալ Ձեր հիմնական մասնագիտությանը», - ասաց ռուսական թատրոնի տնօրենի Ժ/Պ ՍՈՒՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ՝ դիմելով թատրոնի նախկին տնօրեն, դերասանուհի Մարիաննա Մխիթարյանին, ապա առաջարկեց. «Թագուհի Մարգո, կխաղա՞ք»:
Նրբորեն մերժելով առաջարկը՝ Մ. Մխիթարյանը կատակեց՝ Ս. Շահվերդյանին փոխանցելով այն ծրարը, որը բացելով պետք է հայտարարեին իրենց բաժին հասած անվանակարգում հաղթողին. «Իսկ այժմ, պարոն տնօրեն, թույլ տվեք Ձեզ հանձնել նաե՛ւ ծրարը»: Սուրեն Շահվերդյանն էլ շարունակեց նույն ոճով. «Տիկին տնօրեն, խնդրում եմ՝ Դուք բացեք… «Արմմոնո» փառատոնի տնօրեն»:
Այնուհանդերձ, կարեւոր գործը Մ. Մխիթարյանը թողեց Ս. Շահվերդյանին՝ բացված ծրարը կրկին փոխանցելով նրան, որպեսզի հայտարարի Լավագույն տղամարդ դերակատարի անուն-ազգանունը: Ի վերջո, նախկին ու ներկա տնօրեններով եկան կոմպրոմիսի՝ անունը մեկը հայտարարեց, ազգանունը՝ մյուսը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ