Շիրինյան-Սաֆարյան «միջնորդական առաքելությունն» ավարտվել է ֆիասկոյով
ՆերքաղաքականՔանի որ Նիկոլ Փաշինյանն անգամ պատերազմի հնարավոր ահով չկարողացավ համոզել Տավուշի սահմանապահ գյուղերի բնակիչներին, որ իրենց տները պետք է դելիմիտացիա-դեմարկացիայի «փայ» դառնան, հիմա էլ բնակիչների հետ բանակցելու է ուղարկել իր «գրպանային» քաղաքագետներին՝ Ստյոպա Սաֆարյանին եւ Լեւոն Շիրինյանին: Սակայն, «Իրավունք»-ի տեղեկություններով՝ Ոսկեպարում նրանք եւս արժանացել են տավուշցիների ոչ բարյացակամ վերաբերմունքին: Թեպետ Ս. Սաֆարյանն ամեն կերպ փորձել է ներկայանալ որպես յուրային տավուշցի տղա, այդուհանդերձ, տավուշցիները նրան ուղարկել են… իր բրյուսելները՝ նրանից չստանալով հարցի պատասխանը, թե որ եկել է, ինչով կարող է օգնել:
«Ավելի լավ է թուրքի շուն լինեմ» արտահայտությամբ հայտնի Լեւոն Շիրինյանն էլ լավ օրի չի եղել Ոսկեպարում: Նրան անհարմար հարցեր են տվել, թե ինչու չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչու է Արման Բաբաջանյանի հետ դաշինք կնքել եւ ինչու է սատարում Արցախը հանձնողներին: Այսպիսով՝ Շիրինյան-Սաֆարյան «միջնորդական առաքելությունն» ավարտվել է ֆիասկոյով:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարում էր, որ՝ «Եվրամիությունը ճանաչել է ՀՀ ինքնիշխան տարածքը, եւ նաեւ դա է պատճառը, որ ԵՄ-ն դիտորդներ ունի Հայաաստանի Հանրապետությունում»: Մինչդեռ Ն. Փաշինյանի քաղաքագիտական հենարան Ստյոպա Սաֆարյանը Ոսկեպարում, անդրադառնալով Ֆրանսիայի հնարավոր դերակատարությանը գյուղը պաշտպանելու հարցում, տվել է ուշագրավ պատասխան. «Եթե ես իմանայի, թե Էմանուել Մակրոնի համար որտեղից է սկսվում Հայաստանը՝ կոնկրետ այս հատվածում, միգուցե կպատասխանեի: Բայց չգիտեմ՝ Մակրոնի համար Հայաստանը սկսվում է 6-րդ դարի Աստվածածին եկեղեցուց, թե գետից այս կամ այն կողմ, դրա համար իմ պատասխանը շատ տարբեր կլինի: Շատ գնահատում եմ Ֆրանսիայի աջակցությունը, բայց ես նաեւ ուզում եմ իրատես լինել եւ հասկանալ՝ որտե՞ղ են իմ պաշտպանության եղանակները, եւ կոնկրետ որ երկիրն իմ պաշտպանության հարցում ինչ է անելու»:
Այս պատասախանից հարց է ծագում՝ եթե իշխանության մտքի «տիտան» եւ բրյուսելներ գնացող-եկող Ստյոպա Սաֆարյանն է անկեղծանում, որ չգիտի, թե ԵՄ անդամ Ֆրանսիայի համար որն է ՀՀ ինքնիշխան տարածքը, ապա ինչպե՞ս է Փաշինյանը պնդում, որ Եվրամիությունը ճանաչել է ՀՀ ինքնիշխան տարածքը, եւ Հայաստանն էլ այնքան գոհ է այդ ճանաչումից, որ եվրադիտորդներն ավելի ընդունելի են դարձել, քան` ՀԱՊԿ-ը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ