Քաղաքապետարանի որոշումը իրավաչափ եմ համարում, բայց իրավաչափ չեմ համարում նման տոտալ գործողությունները ՀՀ քաղաքացիների նկատմամբ.Հայտնի փաստաբանը Նորքում տեղի ունեցողի մասին
ԻրավականԵրևանի քաղաքապետի հրամանով այսօր քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները: Ըստ բնակիչների, իրենց քանդման մասին նախօրոք չեն ծանուցել, տվել են երկու օր՝ տարածքն ազատելու համար: Որքանո՞վ են իրավաչափ քաղաքապետարանի գործողությունները փորձել ենք հետաքրքրվել «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐԱՅԱՆԻՑ, ով փաստեց.
-Այն, որ Երեւանը շնչահեղձ է լինում ինքնակամ շինություններով դա հանրահայտ փաստ է, այն որ փոքր կենտրոնի համար ժամանակին ինքս եմ առաջարկել օրենք գրվի, որպեսզի ընդհանրապես արգելվի շինարարությունը դա եւս կարծում եմ արդիական է: Ինչ վերաբերում է ինքնակամ շինություններին եւ դրանց հետ կապված գործառույթներին, ես միանշանակ գտնում եմ, որ ցանկացած անօրինության դեմ պետք է տոտալ ձեւով պայքարել եւ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու պարզապես պետք է հասկանալ, թե որն է պատճառը, որ քաղաքացիները տարիներ շարունակ ինքնակամ շինություններ են տնօրինում, որտեղ էին նայում պատասխանատունները:
Միեւնույն ժամանակ գտնում եմ, որ քաղաքացիները պետք է նախապես ծանուցվեին, ինչու ոչ քր, գործեր հարուցվեին, որպեսզի հասկանային պատճառը, թե որն է պատճառը, որ մարդը տարիներ շարունակ քարը քարին է դրել, բայց ոչ ոք մատ-մատին չի տվել այդ մարդկանց բերել օրենքի դաշտ: Այնպես որ քաղաքապետարանի որոշումը իրավաչափ եմ համարում, պարզապես իրավաչափ չեմ համարում նման տոտալ գործողությունները ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
-Պարոն Բաղդասարյան, հանրային լայն քննարկման, ինչու ոչ զարմանքի առիթ հանդիսացավ, թե ինչպես է ստացվում, որ սոցիալական ծանր պայմաններում գտնվող երկրում ամբողջությամբ զրոներով պետհամարանիշը վաճառվել է շուրջ 121 մլն դրամով՝ 300 հազար դոլար: Ձեր գնահատականն ենք խնդրում:
-Եթե նորմալ երկրներում համարանիշը ձեռք է բերում ճանաչված երգիչը, շոումենը, բժիժկը, իրավապաշտպանը, դա դիտվում է նորմալ: Պետք է նայել տեսենել, թե ով է դա ձեռք բերել, եթե ձեռք է բերել ինչ-որ պաշտոնյաի հարեւանը սա արդեն խնդիր է, ինչ վերաբերում է դրա զուտ տնտեսական կարգավորման, ապա ես ողջունում եմ, որովհետեւ գումարը երկրի բյուջե է մտնում: Այլ խնդիր է արդյոք տվյալ համարանիշը գնողը ձեռք է բերել դրա իրավունքը, սա է այն մշակույթը, որ պետք է երկում ձեւավորել: