«Ժողովուրդ». Մանդատից զրկել չհաջողվեց՝ փորձում են իրավական գործընթաց սկսել․ Զարուհի Փոստանջյանին կանչել են ՔԿ
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած հայտարարությունների համար:
ArmLur.am-ը գրել էր, որ դեռ երեկ Զարուհի Փոստանջյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե:
Այս հայտարարությունների առթիվ Հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում Զարուհի Փոստանջյանը հրավիրվել էր հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու եւ բացատրություններ տալու:
Դատարանը վճիռ էր կայացրել՝ պահանջելով Փոստանջյանից հերքմամբ հանդես գալ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Զարուհի Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 507-րդ հոդվածով, այն է՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը:
Փոստանջյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ երկրից չհեռանալը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ պատրաստվում է բողոքարել իրեն առաջադրված մեղադրանքը, քանի որ դատարանն այնպիսի պահանջ է ներկայացրել, որ կատարելն անհնար է.
«Դատարանը պահանջել է 5000 տպաքանակ ունեցող մամուլում հերքմամբ հանդես գալ, բայց Հայաստանում այդքան տպաքանակ ունեցող թերթ չկա. ես հետաքրքրվել եմ, ինչպե՞ս կատարեմ այս պահանջը»:
Ստացվում է՝ ՔՊ-ին չհաջողվեց ավագանու ընդդիմադիր անդամին մանդատից զրկել, հիմա փորձում են նրա նկատմամբ իրավական գործընթացներ սկսել:
Ուշագրավ է նաեւ, որ իրավապահ համակարգը հերթական անգամ կողմնակալ մոտեցում է ցուցաբերում.օրինակ, երբ ՔՊ-ական Լենա Նազարյանն է հրաժարվում կատարել դատարանի վճիռը ու ներողություն խնդրել ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանից նրան վիրավորելու համար, իշխանական պատգամավորը չի պատժվում դատարանի վճիռն արհամարհելու համար, մինչդեռ ընդդիմադիրների դեպքում իրավապահներն անմիջապես պատժամիջոցներ են կիրառում:
Կարող ենք արձանագրել նաեւ, որ հերթական անգամ գործ ունենք ընտրովի արդարադատության հետ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում