«ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՑ ԷԼ ՔԻՉ է, ԲԱՅՑ ԴԱՐՁԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԸՐԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍպորտՎերջերս Երևանի «Դինամո» մարզական համալիրում կայացել են բռնցքամարտի այս տարվա մեծահասակների և երիտասարդների առաջնությունները։ Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել բռնցքամարտիկ, կաշվե ձեռնոցի մարտիկ, մեծահասակների Հայաստանի նորընծա չեմպիոն, Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի մասնակից ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց.
«Հանդես եմ եկել 86 կգ քաշային կարգում։ Երկու մենամարտ ունեցա ։Առաջին մենամարտի ավարտից 10 վայրկյան առաջ տեխնիկական նոկաուտի ենթարկեցի մրցակցիս ու այդպես հաղթեցի, իսկ երկրորդ մենամարտում հաղթել եմ 2։1 հաշվով։ Շատ ուրախ եմ, որ կարողացա Հայաստանի չեմպիոն դառնալ, սա առաջին անգամ էր։ Երկու տարուց էլ քիչ ժամանակ է, ինչ ես բռնցքամարտով եմ պարապում, ու այսքան կարճ ժամանակում դառնալ Հայաստանի չեմպիոն, իսկապես շատ մեծ նվաճում եմ համարում։ Դա իմ ու անձնական մարզչիս Արթուր Քիրաջյանի տքնաջան աշխատանքի արդյունքն էր։ Նշեմ, որ վնասվածք էլ ունեի, սակայն կարողացա հաղթել։ Շնորհակալ եմ նաև Բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանին ու երկրորդ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանին։ Անցած տարի էլ Հայաստանի փոխչեմպիոն էի դարձել։ Նշեմ, որ ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում մասնակցել եմ ուսանողական Աշխարհի առաջնությանը ու նվաճել բրոնզե մեդալ։ Դա շատ հիշարժան էր, որովհետև առաջին անգամն էր միջազգային հարթակում։ Ես սրանով Հայաստանի չեմպիոնի տիտղոսով չեմ բավարարվելու, պիտի ձգտեմ հասնել Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական չեմպիոնի տիտղոսներին»։
- Համլետ, տեղյակ եմ, որ մասնակցել ես նաև Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմին։
- Կամավոր էի մեկնել իմ մանկության 10 ընկերների հետ միասին, Մարտակերտում ենք եղել պատերազմի ժամանակ։ Ցավոք, այդքան շատ զոհեր, վիրավորներ ունեցանք ու կորցրինք այդքան տարածքներ ու անցած տարի էլ ողջ Արցախը, շատ ափսոս։ Ուժ ու տոկունություն պիտի ունենանք, որպեսզի կարողանանք հաղթահարել ամեն մի դժվարություն։
- Շնորհակալություն, Համլետ, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ