ՆՈՒՅՆ ՓՈՑԽԸ ԵՐԻՑՍ ՏՐՈՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
ՎերլուծությունԵվ այսպես, հաճելի չէ, բայց փաստ` ԱԺ արտահերթ ընտրությունները դարձել են հանրային խոսույթ (նարատիվ): Տելեգրամ ալիքները ներկայացնում են մռայլ սցենար, որի համար էլ Նիկոլին պետք են արտահերթ ընտրությունները, այն է` Փաշինյանը այլընտրանք է տեսնում նոր պատերազմի մեջ՝ պարտադիր կորստով, նոր նվաստացուցիչ համաձայնագիր՝ տարածքների հանձնումով, Արցախի գրավոր ճանաչումը Ադրբեջանի կազմում, երկրի բոլոր ճանապարհների բացումն ու փաստացի փոխանցումը ադրբեջանցիներին, կարգավորումը. 300 հազար ադրբեջանցիներ՝ իրենց անվտանգությունը պաշտպանելու Ադրբեջանի իրավունքով:
ԻՆՉՈ՞Ւ ԱԼԱՎԵՐԴԻՆ
Եթե առաջ ՔՊ–ն ընտրված ընդդիմադիր կամ առնվազն ոչ ՔՊ–ական համայնքապետերին «կոտրում» էր, կաշառում կամ բանտարկում, ապա Ալավերդի քաղաքում գործարկվեց իշխանությունը ընտրված քաղաքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցչից բիրտ ուժով խլելու սցենար, ներգրավելով հսկայական ոստիկանական ուժեր և սեփական խաժամուժին:
Սակայն հարց է ծագում` իսկ ինչո՞վ էր Նիկոլին խանգարում հարմարվող, ոչ ագրեսիվ, «կառուցողական» կուսակցության քաղաքապետությունը: Դեռ նոյեմբերի 24-ին սկանդալային Արամ Գաբրիելյանովը գրել էր. «Դավաճանների թիմը սկսեց թպրտալ, և Փաշինյանին անհրաժեշտ էր միավորող թեմա ստեղծել: Ընտրություններ՝ դավաճանների կյանքը փրկելու համար, իսկականն է: Նիկոլի համար ամեն ինչ վատ է: Նրա ամենավտանգավոր թշնամին Բաքվի բանտում է։ Փաշինյանն ու նրա հետ աշխատողները հասկանում են, որ եթե Վարդանյանը ազատ արձակվի բանտից ընտրությունների հայտարարումից մեկ շաբաթ առաջ, ժողովուրդը նրան իշխանության կբերի»։ Ստո՛պ, արդյո՞ք ՔՊ–ն դա չի ընկալել որպես հուշարարություն (ճիշտ թե սխալ` այլ հարց է), ու այդ պատճառով էլ «ամենավտանգավոր թշնամի» Ռուբեն Վարդանյանի կուսակիցներին «ապահովության» համար զրկել Ալավերդու քաղաքապետի լծակներից, այն էլ` արագ և բիրտ:
Խոշոր հաշվով ցանկացած ոչ ՔՊ-ական կարող է համարվել պոտենցիալ վտանգ պարանոիկ կասկածամտության հասած Նիկոլի համար, չէ՞ որ ծագումով ՀԱԿ-ի թիմից «դեկորատիվ» Վահագն Խաչատուրյանին չի ուզում թողել անգամ ֆորմալ մասնակցություն ԱԱԾ տնօրենի և տեղակալների նշանակման գործում: Երևի թե, նաև մտադիր է անձամբ զբաղվել ԱԱԾ-ի «զտումով»:
Ինչպես արձանագրում է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը. «2018–ից հետո Փաշինյանի իշխանությունը խարսխված է ստի վրա, բայց 44-օրյա պատերազմից հետո միայն ստով պահել իշխանությունը՝ չի ստացվի, եւ նիկոլական իշխանությունները փորձում են աճեցնել ու հենվել երկրորդ ոտքի՝ վախի մթնոլորտի վրա, մանավանդ որ Արեւմուտքն այս փուլում համարժեք չի արձագանքում Հայաստանում մոլեգնող հակադեմոկրատական տեռորին, քանզի Փաշինյանն իրականացնում է իրենց գեոպոլիտիկ շահերից բխող քայլեր։ Այսինքն, նա քարտ–բլանշ ունի՝ ներսում անելու ինչ ուզում է, քանի դրսում անում է` ինչ իրենց պետք է։ Սակայն սա էլ է ժամանակավոր։ Զելենսկու օրոք ուկրաինական կոռուպցիայի ու ժողովրդավարական հետընթացի մասին արեւմտյան մամուլի շատացող հրապարակումները՝ վկա։ Միակ արդյունավետ միջոցը՝ բռնաճնշումներին դիմակայելու, չվախենալն է»։ Հավելենք, որ վախ սերմանելու կարևոր բաղադրիչներից է նաև մշտապես պատերազմով վախեցնելը: Այդ վախը հանրային գիտակցությունից արմատախիլ անելը դառնում է ավելի ու ավելի կարևոր:
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎԵՐԱՖՈՐՄԱՏԱՎՈՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
Արմեն Աշոտյանը նաև զգուշացնում է. «Ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունն առկա օրակարգով եւ մեթոդաբանությամբ վաղուց հասել է իր մաքսիմումին։ Մշտապես անելով նույնը՝ հնարավոր չէ ակնկալել այլ արդյունք։ Ներքաղաքական պայքարը կարիք ունի նոր դեմքերի, նոր գաղափարների, նոր մեթոդաբանության։ Երեւանի վերջին ընտրություններն ապացուցում են, որ եթե ազգային ուժերը այս խնդիրն ինքնուրույն չլուծեն, որակով եւ հնարավորինս արագ, քաղաքական դաշտում կամրապնդվեն նիկոլական լաբորատորիաներում բուծված, նույնքան մանկուրտ գրպանային խոսող գլուխներ։ Հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին սկիզբ առած իշխանամետ խոսակցություններն այդ մասին են»:
Նիկոլաբույծ կադրերին արդեն տեսնում ենք նաև փողոցում, էլ չասենք` Երևանի ավագանին: Իսկ «Հայաստան» դաշինքը, ավաղ, կարծես թե խանդավառ վազում է երրորդ արտահերթ ընտրությանը նույն հին ձևերով, նույն փոցխը երրորդ անգամ տրորելու: Տեսանք` ինչ ստացվեց 2021-ին, տեսանք, թե ինչպիսի ձախողակ նախագիծ էր «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու ընտրություններին և դրանցից հետո, հիմա էլ ՀՀ երկրորդ նախագահի կողմնակիցները խոսում են ԱԺ արտահերթ ընըրություններին մասնակցելու մասին, ընդ որում` պարտադիր Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:
Պրոպագանդիստ Բորիս Մուրազին արդեն խոսում է, որ միակ հույսը Ռոբերտ Քոչարյանն է: Ընդ որում, այդ ամբողջ ճամբարը չլսելու է տալիս տրամաբանական հարցադրումը` ընտրության ուզում եք գնալ Նիկոլին հեռացնելո՞ւ, թե մանդատ ստանալու համար: Ի դեպ, այնքան էլ պոզիտիվ նշան չէ, որ «կառուցողականության» հակումներ է դրսևորում և Լևոն Քոչարյանը. «Այս պահին ընդդիմության օրակարգում իշխանության, կառավարության սխալները վեր հանելն է: Մեր բնակչության մեծ մասը պրոցեսներից լավ տեղյակ չէ, ընդդիմության խնդիրն է այդ ամենն ավելի ակնառու դարձնելը»,– ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Նրա խոսքով` բնակչության զգալի հատված շատ կտրուկ գործողությունները կարող է այնքան լավ չի ընդունում, ուզում են խոսք, փաստարկված մոտեցում ու բանավեճեր տեսնել:
«Արդյունավետությունը ժամանակի մեջ է։ Իհարկե, եթե ես ասեմ բավարարված եմ այն աշխատանքով, որ ընդդիմությունն է անում է, անկեղծ ու ճիշտ չի լինի, բայց դա չի նշանակում, որ չպետք է փորձել սեփական սխալներն ընդունելով` ավելի ճիշտ շարժվել առաջ»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Նա նաև չշրջանցեց ՀՀ երկրորդ նախագահի հարցը: Լևոն Քոչարյանն ասաց, որ հայրը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «ձեռքերը չի լվացել, մի կողմ քաշվել: Նա ակտիվ է, եթե խոսքը գնում է հանրային ակտիվության մասին, իր որոշումն է ներկա փուլում։ Չափազանց ծանր է նրա համար այն իրողությունը, որն ունեցանք վերջին տարիներին` հաշվի առնելով իր ներդրումը` ազատագրական պայքարի, մեր հաղթանակների հետ կապված»,– նշեց Լևոն Քոչարյանը: Նա ասաց, որ հայրը հանդիպումներ, քննարկումներ է ունենում, իսկ երբ ճիշտ համարի, երևի թե հանրային կխոսի:
Ի դեպ, դեպի «նախընտրական փոցխ» է շարժվում և ձախողակ «Ազգային կոմիտեի» այնպիսի դեմք, ինչպիսին է Ավետիք Չալաբյանը: ԱԺ-ում «Հայաքվեի» տապալման ընթացքում նա ոչ այնքան խոսեց ՀՀ քաղաքացիների ստորագրություններին տեր կանգնելու, որքան «խորհրդարանը լուծարելու» մասին:
Իսկ կապիտուլյանտ Փաշինյանը խորհրդակցությանը ևս մեկ անգամ կարևորել է Ոստիկանության ոլորտում իրականացվող «բարեփոխումները» և ընդգծել Ոստիկանության գվարդիան ժամանակակից տեխնիկայով համալրելու անհրաժեշտությունը: Թերևս հիմնովին պատրաստվում է ցանկացած ընդվզում արյան մեջ խեղդելուն...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ