Ինտրիգ մի փնտրեք, շարունակում եմ մնալ ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ. Գեւորգ Գորգիսյան
Ներքաղաքական«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նիստում նախկին պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը վայր է դրել կուսակցության փոխնախագահի լիազորությունները:Նիստի ընթացքում առաջադրվել է Երեւանի ավագանու նախորդ գումարման «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի թեկնածությունը փոխնախագահի կարգավիճակում, ով ընտրվել է միաձայն: Թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը, «Իրավունք»-ը հետաքրքրվեց ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԻՑ:
— Դուք նշել եք, որ երկար եք մտածել այս որոշումը կայացնելուց առաջ եւ ընդգծել, որ` «եկել էր ժամանակը…»: Սակայն, պատճառներին չեք անդրադարձել, ի վերջո, ինչո՞ւ վայր դրեցիք կուսակցության փոխնախագահի լիազորությունները:
— Այստեղ ինտրիգ մի փնտրեք: Հիմնական պատճառն իմ աշխատանքային զբաղվածությունն է: Բավարար չափով չեմ կարողանում կուսակցական գործունեությամբ զբաղվել, ինչը կուսակցության փոխնախագահի անմիջական պարտականություններից է: Այդ իսկ պատճառով որոշեցի, որ ժամանակն է տեղը զիջել նրանց, ովքեր իրենց էներգիայով, էնտուզիազմով եւ ներշնչանքով ավելի են պատրաստ` այդ բեռը կրել:
— Այս փուլում կուսակցության ներսում նման վերադասավորումները պայմանավորվա՞ծ են նրանով, որ քաղաքական կուլիսներում ակտիվ շրջանառվում են խոսակցություններ Երեւանի ավագանու եւ խորհրդարանական հնարավոր արտահերթ ընտրությունների մասին:
— Երեւանի ավագանու ընտրություններն արդեն եղել եւ վերջացել են, իսկ առաջիկա ԱԺ ընտրություններին դեռ երեք տարի կա` 2026 թվականին: Այս ընթացքում պետք է զբաղվել կուսակցաշինական աշխատանքով:
— Այդուհանդերձ, ներդաշնա՞կ եք «Լուսավոր Հայաստան» կուսակցության այսօրվա վարած քաղաքականության հետ:
— Ես շարունակում եմ մնալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ