Հորդորում ենք մեր բոլոր գործընկերներին՝ ավագանին ԱԺ չդարձնել. Արտակ Գալստյան
Ներքաղաքական«Հանրային ձայն» կուսակցության նախագահ, Երեւանի ավագանու համանուն խմբակցության ավագանու անդամ ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆՆ անդրադարձել է երեկ ավագանու նիստին տեղի ունեցածին:
- «Հանրային Ձայնը» բոյկոտեց Երեւանի ավագանու նիստը: Ինչո՞վ էր այն պայմանավորված եւ որքանո՞վ էր արդարացված:
- Բոյկոտն ուներ երկու պատճառ. առաջինն այն էր, որ երեկ որոշվում էր մեր կուսակցության երկու անդամի խափանման միջոցի հարցը, եւ մենք հանդես էինք գալիս դատարանում՝ որպես երաշխավոր։ Ցավոք սրտի, կալանքի ժամկետն ապօրինի կերպով կրկին երկարացվեց։ Երկրորդն այն էր, որ մեր ընդդիմադիր գործընկերներից ստացել էինք առաջարկ առ այն, որ իրենք նույնպես բոյկոտում են նիստը։ Բայց նաեւ հավաստի աղբյուրից ունեինք տեղեկություն, որ մեր ընդդիմադիր գործընկերները հենց համոզվեին, որ մենք բոյկոտել ենք նիստը, մեղմ ասած, խախտելու են պայմանը եւ իրենք են ներկայանալու նիստին՝ այդ կերպ փորձելով ցույց տալ հանրությանը եւ կոալիցիային, որ «Հանրային ձայնն» այլեւս որոշիչ չէ ավագանիում։ Այսինքն՝ մենք վստահ էինք, որ նիստը կայանալու է՝ անկախ նրանից մենք կգանք, թե՝ ոչ, եւ մեր չներկայանալը վնաս չէր տա քաղաքի բնականոն գործունեությանը։ Չեմ ցանկանում ընդհանրացնել, չեմ բացառում, որ մեր ընդդիմադիր գործընկերների մեծ մասը նաեւ տեղյակ չի եղել մեր հետ բանակցությունների բովանդակությունից։ Հավանաբար, որոշակի խումբ որոշել է այդ կերպ ազատվել «Հանրային ձայնից»: Դա է վկայում նաեւ այն մեդիա արշավը, որ իրականացվում է նույն խմբի կողմից մեր դեմ՝ ընդհուպ մինչեւ հասել են նրան, որ մամուլով լուրեր են տարածում, թե իբր քաղաքապետը քրեական գործ է հարուցել մեր ֆրակցիայի նկատմամբ մեր մասնագիտական լիազորություններն իրականացնելու պատճառով: Ցավում եմ, բայց մեզ թվում էր՝ արդեն իսկ ապացուցել ենք, որ հետապնդումները մեզ չեն կանգնեցնում եւ ամենակարեւորը չեն զրկում ադեկվատությունից, այլ կերպ ասած՝ մենք երբեք չենք առաջնորդվում թույնով, այլ միայն հստակ գիտակցությամբ։ Կարծում եմ, որ քաղաքապետի կողմից մեր դեմ իրավապահներին դիմելու մասին լուրերի տարածմամբ այդ խումբը փորձել է ապահովել բարենպաստ պայմաններ երեկվա բոյկոտի մեջ մեզ ներգրավելու համար։ Իսկ երեկվա բոյկոտն արդարացված էր մեզ համար այնքանով, որ օգտակար եղանք մեր կալանավորված ընկերներին եւ ցույց տվեցինք հասարակությանը, որ «Հանրային Ձայնի» կողմից բոյկոտին միանալու դեպքում անգամ, մյուս ընդդիմադիրները բոյկոտի չեն գնա եւ կապահովեն նիստի քվորումը։
- Հավանաբար, տեղյակ եք, որ Երեւանի ավագանու նիստն ուղեկցվեց միմյանց վրա ջուր շփելով եւ հայոյանքներով: Ինչպե՞ս եք վերաբերում տեղի ունեցածին:
- Երեկվա նիստին, օգտագործվեց այնպիսի լեքսիկոն, որը ցնցել է անգամ Վարդան Ղուկասյանին: Այդ պատճառով էլ, որքան էլ տարօրինակ կհնչի, ապա օգտվելով առիթից իմ, Վարդան Ղուկասյանի, եւ մեր ֆրակցիայի անունից հորդորում ենք մեր բոլոր գործընկերներին՝ ավագանին ԱԺ չդարձնել, անձնական հարցերը լուծել այս դահլիճից եւ շենքից դուրս, լավ կլինի, որ կնճռոտ հարցերը լուծվեն օրենքով սահմանված ընթացակարգերով, քավ լիցի ավագանու լիազորություններն այդ առումով բավականին լայն են։
- Անկախ այս աղմուկից` փաստացի հիմա էլ «Ազգային առաջընթացն» ու «Մայր Հայաստանն» ապահովեցին քվորում եւ Տիգրան Ավինյանի նիստը կայացավ: Սա նշանակո՞ւմ է, որ այլեւս «Հանրային Ձայնին» չեն կարող մեղադրել քվորում ապահովելու մեջ:
- «Հանրային Ձայնը» երբեւիցե չի զբաղվել քվորում ապահովելով։ Երեւանցին մեզ տվել է քվե, որպեսզի գործենք ի շահ իրենց, որն էլ կատարում ենք։ Ինչ վերաբերում է մեզ մեղադրելուն, ապա կասեմ, որ մեր ընդդիմադիր գործընկերների կողմից երեկվա պայմանի խախտումը, որը կանխատեսելի էր, այն է մեր բոյկոտ հայտարարելուց հետո նրանց նիստի ներկայանալը մեզ մոտ հավաստի կասկած է առաջացնում առ այն, որ եթե մենք դիցուք որոշեինք եւ միանայինք քաղաքապետի ընտրության բոյկոտին, ապա կունենաինք նույն պատկերը։ Երկու ընդդիմադիր ֆրակցիաները կապահովեին քվորումը, նորից կլիներ վիճաբանություն, դրանով կշեղեին հանրությանը եւ Ավինյանը կընտրվեր քաղաքապետ։ Տա Աստված, սխալվեմ, բայց ինձ մոտ տպավորություն է, որ ընդդիմադիր երկու ֆրակցիաներն ամեն կերպ փորձում են իրենց ծառայությունը առաջարկել ՔՊ-ին, իսկ վերջիններս էլ այն չեն ընդունում եւ, չգիտես ինչու, նրանց թվում է, թե ՔՊ-ի հետ նրանց «ամուսնության» միակ խոչընդոտը «Հանրային Ձայնն» է։ Եթե կա այդպիսի խնդիր, ապա կհորդորեմ եւ ՔՊ-ին, եւ «Հանրապետությանը» իրենց կոալիցիա ընդգրկեն նաեւ ընդդիմադիր երկու ֆրակցիաներին եւ սրանով այս, մեղմ ասած, խանդի տեսարանները վերացնեն։ «Հանրային Ձայնը» հանգիստ միայնակ կիրականացնի իր ընդդիմադիր գործունեությունը օրենքներին եւ լիազորություններին համապատասխան, ամենակարեւորն՝ առանց խանդի տեսարանների։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ