Մարդը հանելուկ է, ինչպես հանելուկ են «Կանացի կերպարանքներ»-ի հերոսները. առաջնախաղ՝ «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում
ՄշակութայինԵրեք կանայք հայտնվում են նույն բարում` մեկը` մկնդեղով, մյուսը` դանակով, իսկ երրորդը` հարսի շորով: Նրանք ունեն տարբեր ճակատագրեր, բայց նրանց միավորում է փախուստն իրականությունից: Էլ ոչինչ չի մնում անել, քան անձնական դառը պատմությունները խեղդել խմիչքի մեջ եւ վայելել լավ երաժշտություն` հընթացս ընդմիջելով հուզիչ դրվագներով: Միեւնույն ժամանակ ծիծաղ ու տխրություն պարգեւող ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Սերժ Սանդորի պիեսը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահի բեմ բարձրացավ` թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ: «Կանացի կերպարանքներ»-ի առաջնախաղը հանդիսատեսի կողմից ընդունվեց հոտնկայս ծափերով ու բրավոներով: Այն կհամալրի թատրոնի խաղացանկը:
«ՍԵՐԺ ՍԱՆԴՈՐԸ ՉԷՐ ՍՊԱՍՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐ ՊԻԵՍԸ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻ ՁԵՌՔԸ ԿԸՆԿՆԻ, ԵՎ ԿԲԵՄԱԴՐԻ»
«Իրավունքի» հետ զրույցում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ պատմեց, թե ինչպես ծնվեց ներկայացումը, խոսեց կանանցից, իսկ խորհուրդներ տվեց տղամարդկանց:
— Պարոն Ղազանչյան, ինչպե՞ս ծնվեց «Կանացի կերպարանքներ»-ը բեմադրելու գաղափարը:
— Այս պիեսը երեք տարի առաջ կարդացի ռուսերենով, ինձ շատ դուր եկավ, որովհետեւ լավ թարգմանություն էր ու ազդեցիկ: Ծրագրեցի, որ պետք է բեմադրեմ, բայց անընդհատ հետ էր ընկնում: Ի վերջո, հիմա այն կյանքի կոչվեց: Ի դեպ, սոցցանցի միջոցով կապ հաստատեցի պիեսի հեղինակի` Սերժ Սանդորի հետ, եւ նա եկավ ու դիտեց ներկայացումը: Իրականում առաջնախաղն ավելի շուտ պետք է լիներ, բայց բոլորիս հայտնի վերջին ցավալի իրադարձությունները ստիպեցին հետաձգել: Դերասաններն այն ժամանակ խաղացին միայն Սերժ Սանդորի համար: Նա շատ տպավորված գնաց, զարմացած էր, չէր սպասում, որ Հայաստանում իր պիեսը ինչ-որ մեկի ձեռքը կընկնի, եւ կբեմադրի: Ի դեպ, ներկայացումը պատրաստել ենք ամռան արձակուրդի ընթացքում: Օգոստոս ամսին ես պահեցի դերասաններին եւ, ըստ էության, արդեն օգոստոսի 30-ին, այն պատրաստ էր:
— Ներկայացումը ծիծաղ ու ժպիտ է պարգեւում, միեւնույն ժամանակ,լրջանալու ու խորը մտածմունքների տեղիք է տալիս: Դուք ի՞նչ կասեք պիեսի բովանդակության մասին:
— Պիեսն ավելի կատակերգական ժանրում է գրված, բայց ես ավելի դրամա տեսա այդ կանանց պատմությունների մեջ, ու ինձ հենց այդ պահը հետաքրքրեց: Նրանք տարբեր են իրենց ճակատագրերով, տեսակով, բնույթով, եւ բոլորն էլ փախչում են ինչ-որ տեղից ու հանկարծ հայտնվում են բարում: Ինչ-որ տեղ մեղքերի թողության, հոգեկան լիովին ազատագրման կատարսիս կա այստեղ: Ընդհուպ ողբերգության հասնող իրենց ճակատագրերով կանայք արդյունքում գտնում են միմյանց եւ, կարծես, կառչում են մեկը մյուսից: Եվ այստեղ նոր կյանք սկսելու, նորից վերածնվելու գաղափարը կա:
«ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ՏԱՆԵԼԻ ՉԷ, ԱՅՆՔԱՆ ՏՂԱՄԱՐԴ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՍ, ՈՐ ՔԵԶ ԶՍՊԵՍ»
— Իսկ ի՞նչ ուղերձ ունի «Կանացի կերպարանքներ» ներկայացումը տղամարդկանց համար:
— Առաջին հերթին այն, որ կինն ընդհանրապես իր չէ, ուղղակի կահույք չէ կամ շնչավոր արարած, այլ մարդ է, որի հետ պետք է հաշվի նստես, որի հույզերը, ինչու ոչ, եթե նույնիսկ տանելի չէ, այնքան տղամարդ պետք է լինես, որ քեզ զսպես ու հարմարվես, եթե որոշել ես նրա հետ կյանքդ կապել ու անցկացնել: Այն ստորացուցիչ վիճակը, որում հայտնվել են կերպարներից յուրաքանչյուրը, նրանց ուրիշ բան չէր մնում անել, քան փախչել: Այն, որ ներկայացման ժամանակ երեք կանայք միասին բղավում են, հենց այդ պոռթկումն էր, որ` բավակա՛ն է:
— Անդրադառնանք նաեւ դերակատարներին, որոնցից մեկն էլ Ձեր կինն է…
— Ասեմ, որ շատ գոհ եմ դերասաններից, շատ պրոֆեսիոնալ են: Ինչ վերաբերում է Լարիսային, նա Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի է, բայց իրեն հրավիրեցինք, որովհետեւ արձակուրդում էր: Այսպես, թե այնպես դերասանական կազմը ամռան ամսին չէր հավաքվում, թատրոնից ովքեր պոտենցիալ ունեին այդ դերը կերտելու համար` բոլորը նետվեցին հանգստանալու: Հետո շատ էի ուզում իր հետ աշխատել եւ առաջարկեցի նրան` միեւնույնն է, ես էլ տեղ չէի գնալու հանգստանալու: Նա էլ շատ ուրախացավ եւ մեծ հաճույքով աշխատեց:
— Ի վերջո, ո՞ր տարիքում է տղամարդը հասկանում, թե ինչ է ուզում կինը, եւ արդյոք Դուք արդեն բացահայտել եք:
— Ընդհանրապես գտնում եմ, որ մարդը հանելուկ է` լինի տղամարդ, թե` կին, այդպես էլ չես հասկանում: Թվում է` 50 տարվա ընկեր ունես, մեկ էլ այնպիսի բնավորության գծեր են հայտնվում, որ ապշում ես, թե ինչպես այսքան ժամանակ չէիր նկատել: Բայց հանգամանքներն ու կյանքն է մարդկանց դարձնում այնպիսին, ինչպիսին իրենք կան: Դրա համար ես տարիքային առումով չէի ցանկանա կոնկրետանալ, առհասարակ կարծում եմ` որ մարդը հանելուկ է, ինչպես հանելուկ են «Կանացի կերպարանքներ»-ի հերոսները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ