Ֆինլանդիայի Էսպո քաղաքում տեղի է ունեցել խաչքարի օրհնության եւ օծման արարողություն
ՀասարակությունԿենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավյան երկրների Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը օգոստոսի 18-20-ը հովվական այցով գտնվել է Ֆինլանդիայի Հանրապետությունում։
Օգոստոսի 19-ին Ֆինլանդիայի Էսպո քաղաքում ձեռամբ Տիրան Սրբազանի տեղի է ունեցել հայկական Խաչքարի օրհնության և օծման արարողություն։ Խաչքարի բացման արարողությանը ներկա էին Սկանդինավյան երկրներում ՀՀ փոխդեսպան Հայարփի Դրմեյանը, Կովկասյան երկրներում Ֆինլանդիայի դեսպան Քրիստի Նարինեն, Հելսինկիի եւ համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոս Լեո Մակոնեն, Լյութերական եկեղեցու հոգևոր հովիվ Տիմո Ռիքվիստը, հայ համայնքի անդամներ։ Խաչքարը կանգնեցվել է Էսպո քաղաքի Սուրբ Հերման Ալիասկացի եկեղեցու բակում։ Այն առաջին Խաչքարն է, որ կանգնեցվում է Ֆինլանդիայում, եւ նվիրված է հայ֊ֆինական բարեկամությանը։
Օգոստոսի 20-ին, Հելսինկիի Սուրբ Հակոբ և Սուրբ Կատարինե ուղղափառ եկեղեցում հանդիսապետությամբ Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Տ․ Տիրան եպս. Պետրոսյանի Սուրբ եւ Անմահ Պատարագ է մատուցել Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը։ Ս. Պատարագին ներկա էր նաեւ Հելսինկիի եւ համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոս Լեո Մակոնեն, եկեղեցու հոգեւոր հովիվ Իսա Պաառը։
Աղբյուրը՝ Armchurchnews