Բալես, դու գիտես ինչի համար է իմ պայքարը. Իսայանը նստացույցը շարունակում է անգամ դստեր «Վերջին զանգին»
ՆերքաղաքականԱրմավիրի Նալբանդյան գյուղում այսօր իր համադասարանցիների հետ իր «Վերջին զանգը» կտոնի նաեւ ԴԻԱՆԱ ԻՍԱՅԱՆԸ: Իհարկե, նա էլ կցանկանար, որ հիշարժան այս օրը հայրիկն իր կողքին լիներ, ուրախանար ու հուզվեր՝ դստեր մուտքով դեպի կյանքի նոր փուլ: Բայց շրջափակված Արցախն ու շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախահայության փրկության հույսը ժամ առ ժամ մաշվում է եւ անգամ դստեր համար կարեւոր այս օրը «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, ազգությամբ եզդի իրավապաշտպան ԱՅՍԵՐ ԻՍԱՅԱՆԸ չդադարեցրեց Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված հուշակոթողի մոտ իրականացվող շուրջօրյա նստացույցը՝ շարունակելով պնդել, որ Արցախի հարցի պահանջատերն է եւ արցախցին երբեք յաթաղանահպատակ չի եղել ու չի լինի:
«Բնականաբար, ինչպես բոլոր աղջիկները, իմ դուստրն էլ ցանկանում էր, որ այս օրն իր հայրիկը լիներ իր կողքին: Բայց ես նրան ընդամենը մեկ նախադասություն ասացի՝ բալես, Արցախում հարյուրավոր երեխաներ «Վերջին զանգ» անելու հնարավորություն չունեն եւ դու գիտես ինչի համար է իմ պայքարը: Ասաց՝ պապ ջան, դու մնա այստեղ, ես Վերջին զանգին կհասկանամ, որ դու իմ կողքին ես, որովհետեւ իմ նման հարյուրավոր երեխաների վերջին զանգի կողքին ես, թեկուզեւ չեն լսվում նրանց զանգերի ձայները», - «Իրավունքի» հետ զրույցում պատմեց Այսեր Իսայանը:
Մեզ մնում է շնորհավորել Դիանա Իսայանին, մաղթել, որ կյանքի մնացյալ բոլոր հիշարժան օրերը հայրիկն իր գլխից անպակաս լինի: Իսկ բոլոր շրջանավարտներին ցանկանում ենք՝ կամք, սթափություն, սրտացավություն եւ, իհարկե, քաղաքացիական գիտակցություն կամ, պարզապես, եղեք Դիանայի պես:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ