Քըլըչդարօղլուի ընտրվելու դեպքում կարող ենք ընդամենը ժամանակ շահել. Հովհաննիսյան
ՄիջազգայինՀաջորդ կիրակի տեղի կունենա Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը` գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջեւ: Ի վերջո, թե այս թեկնածուներից որի ընտրությունն է Հայաստանի համար ավելի քիչ վտանգավոր, «Իրավունքը» պարզեց թուրք-քրդական հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ տեսակետը:
— Թուրքը մնում է թուրք, նույնն է` լինի կրթված ու գրագետ, եվրոպացի, թե ասիացի: Բայց դեպքերի զարգացման արագության ընթացքի վրա կարող է ազդեցություն ունենալ Էրդողանի չընտրվելը: Այն, որ քեմալիստները ցանկանում են իշխանության գալ ամեն գնով, ակնհայտ է, եւ նույնքան ակնհայտ է, որ քեմալիստներին ուզում է ԱՄՆ-ն իշխանության բերել: Սակայն Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, վերջերս մի քարտեզ ի ցույց դնելով, պարզ եւ հստակ ասաց, որ Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ նկրտումներ չունի: Ի տարբերություն Էրդողանի պատկերացրած ճանապարհի` այդ քարտեզով նա ճանապարհ Է պատկերացնում` ոչ թե «Զանգեզուրյան» տխրահռչակ միջանցքով, այլ պարզապես` Իրանի տարածքով: Այս դեպքում` կարող եմ ասել, որ մեզ համար որոշակի բարվոք իրավիճակ կարող է լինել Քըլըչդարօղլուի ընտրվելը: Բայց սա ընդամենը ժամանակ շահելու համար, ավել` ոչինչ, որովհետեւ եթե մտածում ենք, թե իշխանափոխությունը Թուրքիայում կարող է ինչ-որ բանի բերել, ապա պետք է հիշեցնեմ, որ երիտթուրքերը եկան փոխարինեցին այն իշխանությանը, որին նաեւ հայերը փորձում էին տապալել, ու տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ