Տղանե՛ր ջան, ձեր ցավը տանեմ. «Արմմոնոն» մեկնարկեց հայ զինվորով եւ ավարտվում է պահանջով՝ «Ապրե՛լ»
Մշակութային
Հնգօրյա թատերական տոնն ավարտվեց Երեւանում՝ օրեր անց տեղափոխվելով Աբովյան եւ Գյումրի: «Արմմոնո» միջազգային թատերական 21-րդ փառատոնը կայացավ Երեւանում: Այս տարի փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Լեհաստանից, Վրաստանից ժամանած առաջատար թատրոնների 20 մոնոներկայացում: Այդ շարքում ծրագրում ներառված էին մոնոօպերա, մոնոդրամա, մոնոդոկ:
«Արմմոնոյի» տեղական ծրագիրը մեկնարկեց «Վարեչկա» մոնոներկայացմամբ: Թատրոնի առեղծվածային աշխարհը կյանքի արտացոլանքն է` դաժան, հոգին մերկացնող, հանուն գեղեցիկ մի ակնթարթի ճակատագրեր խեղող ու հավերժության վերածվող… Խոհափիլիսոփայական այս գաղափարն էր հանդիսատեսի դատին հանձնված «Վարեչկա» (ըստ Գրիգորի Կոնստանտինոպոլսկու նովելի) մոնոներկայացման հիմքում: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհիներ Ելենա Վարդանյանի ռեժիսուրայով եւ Լիլյա Մուկուչյանի դերակատարմամբ երբեմնի բալետի պարուհու մասին այս ներկայացումը փառատոնի շրջանակում արժանացավ առաջին հերթին հայ զինվորների բուռն ծափերին:
«Տղանե՛ր ջան, ձեր ցավը տանեմ, ինչքա՛ն ուրախ եմ, որ դուք կաք, ձեզ քաջառողջություն, հաջողություն եմ մաղթում, անփորձանք եղեք: Բոլորիս խաղաղություն եմ ցանկանում, որ դուք էլ միշտ գաք եւ ներկայացումներ դիտեք», - այսպես ողջունեց փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ հայրենիքի պաշտպաններին, որոնք դարձան 21-րդ «Արմմոնոյի» առաջին եւ գլխավոր հանդիսատեսը:
«Չեմ կարող ասել, թե մոնոներկայացման ժանրն ինձ ինչ-որ առումով գրավում է, ավելի շուտ հակառակը՝ վախեցնում է: Բայց «Վարեչկայի» դեպքում հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին: Ճիշտն ասած, որոշել էի այլեւս չխաղալ մոնոժանրում, բայց հենց նյութն էր, որ ինձ համոզեց հակառակում: Ելենա Վարդանյանն ամենադժվարն արեց, նա զարմանալի տաղանդավոր մարդ է եւ կարողացավ հավաքել մի ներկայացում, որը զուտ արտաքուստ առանձնապես նման էլ չէ մոնոներկայացման իր ձեւով: Ելենային հաջողվեց ներկայացումը ծավալուն դարձնել: Կարծում եմ՝ իմ կերտած հերոսուհին բացարձակապես տարբերվում է այն բոլոր դերերից, որոնք եղել են եւ կան իմ խաղացանկում: Ինձ թվում է՝ Վարեչկան իմ հերոսուհիներից ամենահասունն է, ամենաիսկականը», - շեշտեց Լիլյա Մուկուչյանը:
Տեղական ծրագրում «Վարեչկային» հաջորդեց Վարսենիկ Ավանյանի դերակատարմամբ՝ «Սպասումը», Արմեն Քուշքյանի` «Համլետի երազները», Մարիամ Մանոյի՝ «Ապրե՛լը», որը, ի դեպ, փառատոնի երեւանյան ներկայացումների շարքում վերջինն էր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



