Ադրբեջանը ոտնատակ է անում հին քարտեզը ու պատրաստում նորը․Քարտեզագետը փակագծեր է բացում
Հանդիպում
Նիկոլ Փաշինյանը մշտապես շեշտում է 29800 քառակուսի կիլոմետրի մասին, որպես ՀՀ տարածք։ Տեղ գյուղում Ադրբեջանական այս առաջխաղացումներից հետո այդ թիվը փոփոխվե՞լ է, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ արտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանից, ով փաստեց․
– Իհարկե փոփոխվել է՝ նվազել է, որովհետև նրանք մտել են նաև այդտեղ, շուրջ 150-240 քառակուսի կիլոմետր գրավել են, այսինքն՝ 29800-ից պակասեցրել են։ Ադրբեջանը ոտնատակ է անում հին քարտեզը ու պատրաստում նորը, Սև լճի շրջանում արել են դա, բայց մեր ՊՆ-ն ունի 91 թվականի քարտեզները, դրանից առաջ էլ՝ 69-70 թվականներին նույնպես երկկողմ հաստատված էին այդ սահմանները, որոնք չփոխվեցին մինչև 1991 թվականը, ու այդ քարտեզում անճշտություն չկա։ Տեղ գյուղի հյուսիսում, որ դրանք առաջ են եկել, մեր տարածքում է ու վտանգավոր է գյուղացիների համար, որովհետև մարդիկ չեն կարող իրենց դաշտեր գնալ, ներս են մտել ՀՀ սուվերեն տարածք, ինչպես մյուս տեղերում են արել մինչև հիմա, ու մենք ոչինչ չենք արել դրա դեմն առնելու համար, քանի որ «չենք ցանկացել, որ էսկալացիա լինի»։
– Իսկ այդ բանակցությունները, որ հայկական կողմը վարում է, ի՞նչ արդյունք կապահովեն։
– Ի՞նչ բանակցություններ․ գնում ասում են՝ քարտեզը սա է, պետք է վերադառնաք ձեր հողի վրա, նրանք էլ ասում են՝ այո, բայց չեն անում։ Միայն ուժը կհաղթի դրանց կամ էլ օտարների պատժամիջոցները, որ չեն անում ու չեն էլ անելու, հավանաբար։ Այդ տեսանկյունից մեկ բարեկամ ունենք՝ Իրանը։ Ադրբեջանն ասել է, չէ՞, որ Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է։ Նրանք 1919 թվականին Ազգերի լիգային քարտեզ են ներկայացրել, որը տարածվում էր Բաքվից մինչև Սև ծով, իհարկե Ազգերի լիգան դա մերժեց, բայց նրանց նկրտումները պարզ են։
Մենք պետք է վերադառնանք այն քարտեզներին, որն ունեցել ենք նախքան այս պատերազմի ավարտը, ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որում առկա որևէ կետ Ադրբեջանը չի կատարել։ Եթե չէ՝ պետք է ուժով կարգավորել հարցը։ Պետք է մեր բանակի ներուժն ու կարողություններն ավելացնել։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ