Լրագրողից փոխմարզպետ. ինչ կենսագրություն ունի Շիրակի մարզպետի նոր տեղակալը
ՆերքաղաքականՍտորջրյա հնագիտությամբ հետաքրքրված հայտնի լրագրող ԱՆՆԱ ՄԱՐՏԻԿՅԱՆԸ որոշել է խորասուզվել քաղաքականության մեջ: Նա նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ: Այս մասին Մարտիկյանը գրառում է կատարել սոցցանցում՝ մասնավորապես ընդգծելով. «Մեծարգո՛ վարչապետ, հարգարժա՛ն մարզպետ, խորին շնորհակալություն վստահության համար: Հուսով եմ կարդարացնեմ Ձեր եւ բոլոր ինձ ճանաչողների սպասելիքները: Ի գոր՛ծ»:
Նշենք, որ Աննա Մարտիկյանը 2000-2007 թթ.-երին աշխատել է գովազդային մենեջեր՝ «Նոյեմի» (այնուհետ՝ «Գալա») հեռուստատեսությունում: 2007-2009 թթ.-երին աշխատել է Շիրակ հանրային հեռուստառադիոընկերությունում՝ որպես պրոդյուսեր, 2009-2014 թթ.-երին եղել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ստուդիայի պրոդյուսերը եւ ղեկավարը: 2014-2017 թթ.-երին եղել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը: 2017- 2018 թթ.-երին Շիրակի պետական համալսարանում աշխատել է՝ որպես առաջատար մասնագետ: 2010-2020 թթ.-երին եղել է Հայաստանի հանրային հեռուստատեսության Շիրակի մարզի թղթակիցը: 2011 թվականից մինչեւ օրս Հայաստանի հանրային ռադիոյի Շիրակի մարզի թղթակիցն է: 2018 թվականին հիմնադրել է «Light Production» ընկերությունը: