Երբ պատերազմ է տեսնում երկիրը, նոր հասկանում ես խաղաղության գինը. Թեհմինա Վարդանյան
ՆերքաղաքականԵրեւանի ավագանու ընդդիմադիր անդամ ԹԵՀՄԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ակնկալիքները 2023 թվականից ապաքաղաքական են: «Իրավունքի» հետ զրույցում նա ասաց, որ մասնավորապես վերջին երեք տարիներին ինչպես բոլորի, այնպես էլ իր համար առաջնայինը խաղաղությունն է:
- Սա չեմ ասում՝ որպես պաթոս, չեմ ասում՝ զուտ ասելու համար, երբ պատերազմ է տեսնում երկիրը, հետագայում նոր հասկանում ես խաղաղության գինը: 90-ականների պատերազմին փոքր եմ եղել, լավ չեմ հիշում, եւ այն կենացները, մաղթանքները, որոնք միշտ լսել եմ, չէի վերապրում այնպես, ինչքան պատերազմից հետո: «Խաղաղություն» բառի էությունն իրապես հասկացել եմ վերջին երեք տարիների ընթացքում: Ուստի՝ առաջին հերթին եւ անկեղծորեն բոլորիս մաղթում եմ խաղաղություն, որոշներին՝ հոգու հանգստություն, որոշներին՝ երջանկություն, որոշներին՝ կայունություն եւ խոհեմություն, այսպես տարբեր խմբերի կբաժանեի մաղթանքներս… Եվ ինչպես խաղաղության գինն ենք վերջերս վերարժեվորել, այնպես էլ քովիդից հետո հասկացանք առողջության գինը: Թերեւս այսօր ամենակարեւորն է խաղաղությունն ու առողջությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ