«Փաստ». Միրզոյանը Բլինքենին հասկացրել է, որ պետք է ընդգրկել «Արցախ» ձևակերպումը
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Միրզոյանն ու Բայրամովը մտքեր են փոխանակել «հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն»։
Կողմերը պայմանավորվել են «թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում»: «Փաստ» թերթի տեղեկություններով, Վաշինգտոնում Միրզոյանը փորձել է Բլինքենին բացատրել, որ հայ-ադրբեջանական հնարավոր պայմանագրի, այսպես կոչված, «բրյուսելյան փաթեթում» ցանկալի է, որ ինչ-որ կերպ ներառված լինի Արցախի հետ առնչող որևէ դրույթ։
ԱԳՆ-ի մեր աղբյուրի պնդմամբ, Արարատ Միրզոյանը նշել է, թե Արցախի վերաբերյալ ամենափոքր ակնարկն անգամ հնարավոր է շրջադարձային նշանակություն ունենա պայմանագրի արևմտյան տարբերակի օգտին։ Ամերիկյան կողմը, մեր ունեցած տեղեկություններով, վերջնական պատասխան չի տվել և հարցն առայժմ թողել է օդում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում