ԱՄՆ-ում որեւէ տուն, բնակարան, անշարժ գույք չունենք եւ երբեք էլ չենք ունեցել, ոչ ես, ոչ կինս, ոչ որեւէ ուրիշ մեկը մեր ընտանիքից. Քոչարյան
Ներքաղաքական«Տեսա, որ հերթական անգամ մեր մասին սուտ եւ կեղծիք է գրել ծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու համար դատված Արման Բաբաջանյանը:
Մեջբերում եմ. «ԱՄՆ պատկան մարմինների խնդրանքով ինձ հետ հանդիպման ժամանակ պարզ դարձավ օրինակ, որ Գլենդելի ամենաբանուկ եւ ամենաթանկ «Ամերիկանա» կոչվող կենտրոնում հայաստանցի նախկին պաշտոնյաները՝ այդ թվում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, մի քանի միլիոն դոլարի հասնող բնակարանների սեփականատերեր են, որոնց մեծ մասը տրված է վարձակալությամբ»:
Մի քանի անգամ սա հերքել ենք, հիմա էլ հատուկ դասալիքի համար եմ կրկնում՝ ԱՄՆ-ում որեւէ տուն, բնակարան, անշարժ գույք չունենք եւ երբեք էլ չենք ունեցել, ոչ ես, ոչ կինս, ոչ որեւէ ուրիշ մեկը մեր ընտանիքից կամ թեկուզ միջնորդավորված ինչ-որ մեկը:
1-2 տարի տեւող դատական նիստերից խուսափելու համար, առաջարկում եւ պահանջում եմ, որ սույն պարոնը հերքի իր տարածած ստահոդ տեղեկատվությունը եւ ներողություն խնդրի: ԱՄՆ դեսպանատունը կարծում եմ՝ պետք է պարզաբանում պահանջի սույն անձից, քանի որ իր կեղծիքին արժանահավատություն տալու համար, նա հղում է անում ԱՄՆ ինչ-որ պատկան մարմիններին, ովքեր իբր խնդրել են հանդիպել իրեն ու մի բան էլ սուտ բան ասել: ՀՀ ԱԱԾ, ՀՀ դատախազություն, առաջարկում եմ ձեզ էլ զբաղվել այս ստախոսով, հարցումներ անել ԱՄՆ եւ տեղեկացնել հանրությանը», - գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ: