«Ժողովուրդ». 20 զինծառայողների ծնողներ ցուցմունք են տվել Ջալալ Հարությունյանի դեմ
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք են տվել նաեւ Ցորի զորամասում ծառայած ժամկետային զինծառայողների ծնողները:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելուց առաջ հարցաքննվել են զորամասի զոհված զինծառայողների 20 ծնողներ եւ կոնկրետ ցուցմունքներ տվել Ջալալ Հարությունյանի դեմ: Ծնողները մանրամասնել են, թե ովքեր են պատասխանատուները իրենց երեխաների մահվան հարցում:
44-օրյա պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած ու այդ պատճառով պաշտոնից ազատված 47-ամյա Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մյուս դրվագի համաձայն՝ հենց նրա գործողությունների հետեւանքով են հոկտեմբերի 7-ին՝ հակահարձակման ժամանակ, հայկական ստորաբաժանումները մարդկային մեծաքանակ ուժի ու զինտեխնիկայի կորուստ կրել, պահեստային ստորաբաժանումները դարձել են ոչ մարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ:
Ի դեպ, Ցորի զորամասի զինվորների մահվան դեպքով կա կալանավորված. վերջինս ՊԲ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր Գեւորգ Գեւորգյանն է, որի գործն արդեն դատարանում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում