Կարծես թե, ավելի արագ ենք կարողանում ապաքինվել «գունավոր հեղափոխության» վիրուսից. Գագիկ Մինասյան
ՆերքաղաքականՀՀԿ ԳՄ անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ հիշեցնում է, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության գլխավոր կարգախոսներից մեկը կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարն էր:
— Կա մեծ գրականություն այն մասին, թե ինչ է տեղի ունենում գունավոր հեղափոխություններ անցած երկրներում: Վրաստանում, հիմա նաեւ Հայաստանում ժողովուրդը մտածում է, թե այստեղ կոռուպցիան պակասել է: Դա էլիտար կոռուպցիան է: Այսինքն` ցածր մակարդակներում, որտեղ ապրում է ժողովուրդը, կոռուպցիան նվազում է: Սակայն այն բարձրանում է բարձր մակարդակում: Այնտեղ արդեն համակարգված կոռուպցիա է: Չտիրապետելով այդ օրինաչափությանը` անհնար է փորձել հասկանալ, թե Հայաստանում ինչ է տեղի ունենում: Հայաստանում տեղի է ունենում այն ամենը, ինչ գունավոր հեղափոխությունների հետեւանքով եղել է Ուկրաինայում եւ Վրաստանում: Կոռուպցիան հեռացել է ժողովրդի աչքից, բայց ավելի խորացել է, դարձել է համակարգային, միեւնույն ժամանակ, կորցրել են տարածքներ, կորցրել են իրենց պետականության հիմնասյուները: Հիշեք՝ ինչ արեց այս մարդը, երբ եկավ իշխանության: Առաջին հերթին քանդեց եկեղեցին, բանակը, դպրոցը, ընտանիքը: Նույն ճանապարհով անցել են նշածս երկու երկրները` Վրաստանը եւ Ուկրաինան: Ցավոք, շատ կայուն է հիվանդության այն բացիլը, որ գունավոր հեղափոխությունները ներարկում են ժողովուրդների մեջ: Ես չգիտեմ, թե կորոնավիրուսն ինչքան է տեւում, բայց այս բացիլը տեւում է մի քանի տարի: Մենք, կարծես թե, ավելի արագ ենք կարողանում ապաքինվել: