Զորավար Անդրանիկի հիշատակի մեծարման միջոցառում՝ թանգարանում
ՄշակութայինՄեծն Անդրանիկ Զորավարի (Օզանյան) մահվան օրը, ինչպես միշտ, Զորավար Անդրանիկի թանգարանում տեղի ունեցավ հիշատակի մեծարման միջոցառում, որտեղ ներկա էին ազատամարտիկներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ աշակերտներ, որոնք մեծ ոգեւորութամբ կատարեցին հայրենասիրական երգեր:
«Իրավունքի» հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ ասաց, որ Անդրանիկ Զորավարին արժանի այս թանգարանի հիմնադիրն է մեծ հայրենասեր եւ բարերար Իլիչ Բեգլարյանը, ով նաեւ արցախյան առաջին պատերազմի ժամանակ ստեղծեց եւ հովանավորեց «Անդրանիկ Զորավար» ջոկատը:
«Մեծ է Իլիչ Բեգլարյանի կատարած հայրենասիրական գործը, քանզի նա ապագա սերունդների համար ստեղծեց մի օջախ, ուր տարիներ շարունակ հայրենասիրությամբ դաստիարակվում է մեր մատաղ սերունդը: Ցավոք, Իլիչ Բեգլարյանը մեզ հետ չէ, սակայն նրա մեծ գործը պատվով եւ արժանապատվությամբ շարունակում է նրա պատվարժան տիկինը՝ Ժորժետա Առաքելյանը: Մնում է ցանկանալ այդ հայրենանվեր գործին հավերժ ճանապարհ», - ասաց Գ. Ներսիսյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ