Որոշեցի հաղթանակս նվիրել այս աղետի անմեղ զոհերի պայծառ հիշատակին
ՍպորտՕգոստոսի 14-ին, Երևանի «Դինամո» մարզական համալիրում կայացել է Հայաստանի մարտական սամբոյի առաջնությունը։ Հայաստանի մարզերի և Արցախի լավագույն մարզիկները իրենց ուժերը չափեցին տղամարդկանց 58, 64,71,79,88,98,+98կգ և կանանց 50,54,59,65,72,80,+80կգ քաշային կարգերում և մարտական սամբոյի 58,64,71,79,88,98,+98 կգ քաշային կարգերում։ Հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են համապատասխան կարգի մեդալներով, դիպլոմներով և դրամական պարգևներով։
Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականների նախնական կազմը, որոնք նոյեմբերին կմասնակցեն Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնությանը։ Եվ ահա, փայլուն հաղթանակ է տոնել և Սամբոյի Հայաստանի չեմպիոնի տիտղոսին է արժանացել պրոֆեսիոնալ մարզիկ, մարզիչ, խառը մենամարտերի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ծնունդով Երևանից ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։
«Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել Սարգսի հետ ու բացառիկ զրույց ունենալ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.
«Ես հանդես եկա 79կգ քաշային կարգում, լինելով պրոֆեսիոնալ մարզիկ, խառը մենամարտերի չեմպիոն, մասնակցում եմ նաև սամբոյի առաջնություններին, ասեմ, որ սա առաջին անգամը չէր, էլի էի մասնակցել, սակայն առաջին տեղը չէի գրավել և ահա շատ ուրախ եմ, որ իմ տքնաջան պարապմունքները տվեցին իրենց արդյունքը ու ես հաղթեցի, չորս գոտեմարտ ունեցա, չորսն էլ հաղթեցի ու հռչակվեցի Սամբոյի Հայաստանի չեմպիոն:
Քանի որ հենց նույն այդ օրը, օգոստոսի 14֊ին կայացավ առաջնությունը ու շատ մեծ ցավով տեղեկացա «Սուրմալու» տոնավաճառում կատարված հզոր պայթյունի մասին, ուստի որոշեցի այս հաղթանակս նվիրել այս աղետի անմեղ զոհերի պայծառ հիշատակին, իսկապես շատ մեծ ցավ ապրեցի։
Նշեմ, որ վերջերս իմ կյանքում մի կարևոր իրադարձություն էլ տեղի ունեցավ, կարմիր դիպլոմով ավարտեցի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը և այժմ էլ ընդունվել եմ մագիստրատուրա։ Ցանկանում եմ, որ մեր հայ ազգը չտեսնի ոչ մի դառնություն, ցավում եմ շատ այս անմեղ զոհերի համար, վիրավորներին էլ մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ