Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ) Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ) Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգեր Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Օրվա խորհուրդ Ֆրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո Նիկոլյանի Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆ–2015. ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԿԱՄ ԱՆԱՆՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄ, ԿԱՄ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆ–2015. ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԿԱՄ ԱՆԱՆՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄ, ԿԱՄ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ

 

Օրերս կարդացի Իզբորսկյան ակումբում ներկայացված մի զեկուցում` «Նոր 1968 թվական. 2.0 հեղափոխությունների աշխարհայացքային բովանդակությունը եւ մեխանիզմները» վերնագրով (հեղինակներ` Կոնստանտին Չերեմնիխ, Մարինե Ոսկանյան): Խորանալով այս լուրջ, հրատապ հետազոտության հեղինակների բավական համոզիչ եզրահանգումներում` ակամա ինձ բռնեցի այն մտքի վրա, որ այն ամենը, ինչ գրված է այնտեղ (այսուհետ` Զեկուցում), ինձ շատ ծանոթ է: Եվ դա ամենեւին էլ մոլորություն չէ: Այսօր Հայաստանում ակնհայտ է հայկական պետականության հանդեպ կիրառվող փլուզման արդի տեխնոլոգիաների իրագործման փորձ, ընդ որում` արդեն նկատվում են կործանման ճարտարապետների գլխավոր խնդրի ընձյուղները, եւ դա հայ ժողովրդի քրիստոնեական քաղաքակրթական հարացույցի փոփոխումն է: Ի պաշտպանություն այս թեզի` կարելի է ներկայացնել բազմաթիվ փաստեր մեր առօրյայից: Սահմանափակվեմ լոկ դրանցից մի քանիսը ներկայացնելով:

Հայաստանի Հանրապետության, համաշխարհային հայության համար 1915թ. ապրիլի 24-ը սրբազան նշանակություն ունի: Այս օրվա հետ է ասոցացվում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սկիզբը: Այս տարի հայ ժողովուրդը շատ ու շատ երկրների հարյուր միլիոնավոր մարդկանց հետ նշեց այդ ողբերգության` մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Եվ ահա, այդ ողբերգական իրադարձություններին նվիրված հիշատակի միջոցառումների նախօրեին` ս.թ. մարտի 26-ին, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավարներից մեկը` Ժիրայր Սէֆիլյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է շարժումը պատկերացնում իշխանափոխությունը, ասել է. «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակիցները կդիմեն բռնի գործողությունների, եթե իշխանությունները զենք կիրառեն... տասնյակ հազարավոր մարդիկ կհավաքվեն քաղաքում մի ինչ-որ տեղ... Կարծում եմ` օրեցօր հոսքը կավելանա»:
Փորձենք հասկանալ, թե ինչ է թաքնված այս ամենի հետեւում, որոնք են ուղերձները եւ ում են հասցեագրված այս հայտնությունները: Սկզբից եւեթ նշենք, որ գործող իշխանության անգամ ամենաանհաշտ ընդդիմախոսները, Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունները, ի պատիվ իրենց, որեւէ գործողություն չձեռնարկեցին, որը կարող էր գոնե ինչ-որ կերպ ստվեր գցել հիշատակի միջոցառումների վրա` անմեղ զոհերի հիշատակի այդ մեծ օրերին: Արդեն կես տարի է անցել, եւ կարելի է վստահաբար ասել, որ 100 տարի առաջ մեր ժողովրդին պատուհասած ողբերգությունն այսօր էլ է համախմբում տասնմեկմիլիոնանոց հայությանը` հանուն պատմական արդարության պայքարի հաղթանակի, հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման: Այսինքն` հայերի ճնշող մեծամասնության մեջ գենետիկ մակարդակում է դրված իրենց քրիստոնեական քաղաքակրթական հարացույցին հետեւելու անհրաժեշտության գիտակցումը, հանգուցյալների հիշատակը հարգելը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը քրիստոնեաբար հարգելը հայ ժողովրդի, մեր ազգային ինքնության պահպանման գրավականներից մեկն է: «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման կողմնակիցները փորձեցին իրենց գործողություններով ոչ միայն «ռեժիմը» սասանել, այլեւ նրանց գլխավոր նպատակն էր` սասանել յուրաքանչյուրի քրիստոնեական քաղաքակրթական հարացույցը: Եթե դա նրանց հաջողվեր, մեր պետականության կործանումը վաղուց արդեն փորձարկված տեխնոլոգիաների թիրախը կդառնար: Այդ նույն օրերին աչքի էր զարնում նաեւ լայնորեն տարածված տեղեկատվությունն այդ նույն Սէֆիլյանի հայտարարության մասին. «Հայտարարում եմ բոլոր «մտահոգվածներին», որ ապրիլի 24-ին մենք չենք պատրաստվում խախտել կարգը, խանգարել միջոցառումների անցկացմանը: Ավելին, մենք եւ մեր շրջապատի մարդիկ պատրաստվում ենք մասնակցել տարբեր միջոցառումների: Մենք ընդամենը հայտարարում ենք, որ ապրիլի 24-ին, սկսած երեկոյան 6-ից, հավաքվելու ենք Էրեբունի թանգարանի մոտ: Եվ այդ պահից սկսելու ենք մոբիլիզացիան: Անհանգստության առիթ չկա: Ժամանակը ցույց կտա, թե ինչ գործողություններ կձեռնարկենք քաղաքացիական անհնազանդության շրջանակում ամսի 25-ին կամ 26-ին»:
Հիմա, երբ մենք բոլորս հիշատակի գլխավոր միջոցառումների ավարտի վկաները դարձանք, որոնք համայն աշխարհին ի ցույց դրեցին հայկական հնագույն քրիստոնեական քաղաքակրթական մարդասիրական էությունը, երբ հիշատակի այդ օրերին հայ ժողովրդի ցավը, նրա անմոռանալի պատմական հիշողությունն իրենց ներկայությամբ պատվեցին Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի եւ Կիպրոսի նախագահները, Հունաստանի Սենատի նախագահը, երբ 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում սուրբ պատարագի ժամանակ կարդացած քարոզում Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինը Թուրքիայի տարածքում հայերի սպանություններն անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» եւ այնուհետեւ ընդգծեց. «Հայոց ցեղասպանությունը նախորդեց այն սարսափներին, որոնք մարդկությանն սպասում էին հաջորդ հարյուրամյակում», երբ Բեռլինի Մայր տաճարում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագից հետո ԳԴՀ նախագահ Յոահիմ Գաուկն ասաց. «Մենք` գերմանացիներս, պետք է զբաղվենք անցյալի վերիմաստավորմամբ, երբ խոսքը վերաբերում է պատասխանատվությունը կիսելուն եւ հայերի ցեղասպանության մեջ ունեցած մասնակի մեղքին», կարելի կլիներ նաեւ առհասարակ չհիշել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման պարագլուխների գործողությունների մասին: Բայց դա ճիշտ չէր լինի, եւ ահա թե ինչու:
Ս.թ. հունվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի քան 100 հրավեր ուղարկեց պետությունների եւ կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին` 2015թ. ապրիլի 24-ին մասնակցելու Չանաքկալեի (Դարդանելի) ճակատամարտի հաղթանակի 100-ամյակի տոնակատարություններին: Շատ երկրների ղեկավարներ (մանավանդ այն երկրներինը, որտեղ դեռեւս պահպանվել է քրիստոնեական քաղաքակրթական հարացույցը), նման հրավեր ստանալով, հայտնվեցին երկակի դրության մեջ. եթե նրանք ընդունեին Էրդողանի հրավերը` մասնակցելու Թուրքիայում նախատեսվող հանդիսություններին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 մլն քրիստոնյա հայերի հիշատակի օրը, դա կնշանակեր, առաջին հերթին, նահանջ իրենց քրիստոնեական քաղաքակրթական հարացույցից` հօգուտ աշխարհաքաղաքական նկատառումների: Մանավանդ Էրդողանի հրավերը սկզբից եւեթ սատանայական էր. չէ՞ որ մինչ այդ Թուրքիայում Չանաքկալեի ճակատամարտում տարած հաղթանակի առիթով իրականացվող հանդիսությունները երբեք ապրիլի 24-ին չէին նշվել: Չանաքկալեի ճակատամարտին նվիրված հանդիսություններն ապրիլի 24-ին տեղափոխելն արդարացնելու համար Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց հետեւյալը. «Մենք այդ տոնը նշում էինք մարտի 18-ին, իսկ Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի բանակը` ապրիլի 24-ին: Եվ մենք այդ օրն ընտրեցինք միայն այն բանի համար, որպեսզի միասին տոնենք այն»: Սրա հետ մեկտեղ, հատկապես ադրբեջանական եւ թուրքական էլեկտրոնային պարբերականներում լայնորեն տարածվեց տեղեկատվություն այն մասին, թե հիշատակի միջոցառումների նախօրեին Հայաստանում պատրաստվում են լայնամասշտաբ բողոքի միջոցառումներ, եւ որ դրանց բարձրակետը լինելու է հենց 2015թ. ապրիլի 24-ին: Բացի այդ, եթե դա տեղի ունենար, ապա իր նողկալի դրոշմը կդներ մեր ժողովրդի պատմության մեջ այդ սրբազան օրվա նշանակության վրա: Ավելին, լավ առիթ կհանդիսանար մեր հրավերին չարձագանքողների համար իրենց դեմքը պահպանելու եւ այդ միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան չգալու համար` մեր երկրում իրենց գտնվելն անվտանգ չհամարելով: Այս փաստարկները դավադրության տեսության ոլորտից չեն. մեր երկրի համար, որն ահա արդեն 23 տարի շրջափակման է ենթարկվում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից եւ գտնվում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման վտանգի առջեւ, այդ փաստարկներին ուշադրություն չդարձնելն անհոգության չարդարացված դրսեւորում կլիներ:
Սակայն կրկին դիմենք Զեկուցմանը, որտեղ հիմնական գաղափարախոսական դրույթների թվում, որոնք դեր են խաղում «2.0 հեղափոխությունների» նախաձեռնման, ասել է թե` պետությունների կործանման հարցում, հիմնավորվում է թեզն այն մասին, որ «բողոքող զանգվածների աշխարհայացքային ստերեոտիպի բաղկացուցիչ մասերն են` անարխիզմը, էկոլոգիզմը, նացիոնալիզմը, գենդերային փոքրամասնությունների եւ պրիմիտիվ մշակույթների պաշտպանությունը, հակակղերականությունը, ինֆորմացիոն թափանցիկությունը: Քարոզելով հեղինակություններից (պետական, ռազմական, կրոնական) լիովին ազատագրվելու դեղատոմսերը` «2.0 հեղափոխությունների» մասնակիցները, թեեւ իրենց համարում են ժողովուրդների ազատարարներ, բայց գործնականում իրականացնում են էկոլոգիական եւ մշակութային ստրկացնողների նեղ գլոբալ ծրագիրը»: Եվ ահա, հոկտեմբերի 17-ին եւ 18-ին Հայաստանի Լոռու մարզում տեղի ունեցավ ԼԳԲՏ հանրույթի` երկրում առաջին համաժողովը` «Ծիածան» խորհրդանշական անվանմամբ: Միջոցառումն անցկացվում էր ԼԳԲՏ հանրույթի ամրապնդման համար: «Մեր հանդիպման արդյունքը դարձավ մեկ տարվա միջոցառումների պլանը հանրույթի մոբիլիզացիայի եւ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ հասարակության հետ ընդհանրապես փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ»,- «Գեյ ալյանս Ուկրաինա»-ին ասել է համաժողովի ակտիվիստ եւ մասնակից Արմեն Բուոնարոտին: Վիրավորականն այն է, որ այս կասկածելի սուբյեկտն իրեն է վերագրել Վերածննդի դարաշրջանի մեծագույն վարպետ Միքելանջելո Բուոնարոտիի անունը: Միաժամանակ խորհելու տեղիք է տալիս ԼԳԲՏ-ականների նպատակային ուղղվածությունը. «ընդլայնել փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ»: Հենց ուղղակի ասես Զեկուցումից է գալիս:
Վերլուծելով Հայաստանում վերջին ժամանակվա բողոքի շարժումը` կապված ս.թ. օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 16%-ով բարձրացնելու` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման հետ, որն անցկացվում էր «Ոչ թալանին» կարգախոսով, Զեկուցման լույսի ներքո նորից ուշադրություն դարձրի գործնականում պետական հիմքերի խարխլմանն ուղղված հանձնարարականներում ընդհանուր հայտանիշների առկայությանը, որոնք վեր են հանված Իզբորսկյան ակումբի Զեկուցման մեջ: Այսպես, վերոնշյալ բողոքի շարժումն ուներ Զեկուցման եզրահանգումներին լիովին համընկնող հայտանիշներ, այն է` բողոքների աշխարհագրության աննախադեպ արագ տարածում, դրանց կազմակերպիչների կողմից սոցիալական ցանցերի լայն օգտագործում, հիերարխիայի բացակայություն, այսինքն` «առանց առաջնորդների հեղափոխության» առկայության փաստ (ի հաստատումն ասվածի` հիշեցնեմ, որ երբ «Ոչ թալանին» շարժման ղեկավարներից մեկը, առաջնորդվելով բանականությամբ, հանդես եկավ Երեւան քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի` Բաղրամյան պողոտայի բանուկ հատվածն ազատելու նախաձեռնությամբ, այս սթափ նախաձեռնությունն անհետեւանք չանցավ. նա «շնորհազրկվեց»: Պատճառն այն էր, որ նա ինքնուրույնություն էր հանդես բերել, որը չի տեղավորվում «հեղափոխություն առանց առաջնորդների» իդեոլոգեմում, ինչը հստակ նշված է պետության քանդման ծրագրում), հանրապետությունում հայտնի մարդկանց, խորհրդարանականների ներգրավում բողոքի շարժմանը (այս առնչությամբ բավական է հիշել այդ ակցիաներին ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչների, Ազգային ժողովի պատգամավորների, տարբեր տրամագծի քաղաքական գործիչների ներկայությունը):
Ուշագրավ է հայկական իրականության մեջ որպես զանգվածային ակտիվության խթանման գործոն` մեդիա միջավայրում ջերմոցային սենսացիաների տարածումը` հաշվարկված այն բանի վրա, որ հարուցվի հասարակ քաղաքացիների «արդարացի ցասումը»: Այս միջոցների զինանոցում այն գործողություններն են, որոնք հաշվարկված են սոցիալական նախանձ հարուցելու վրա (վարկածներ թիրախ հանդիսացող առաջնորդի, նրա ընտանիքի, շրջապատի եւ իշխող քաղաքական էլիտայի անհամար հարստության մասին): Հենց դա էլ մենք տեսնում ենք Ազգային ժողովի ամեն մի նստաշրջանի ընթացքում, երբ, անկախ քննարկվող հարցի բնույթից, առանձին պատգամավորներ նախանձելի հետեւողականությամբ, որն արժանի է ավելի լավ կիրառության, սկսում են մրոտել հանրապետության ղեկավարությանը, կառավարող Հանրապետական կուսակցությանը: Այնուհետեւ նրանց մրոտումն աննախադեպ արագությամբ տարածվում է:
Հայաստանում բողոքի շարժման եւս մեկ բնութագրական հայտանիշ էր «2.0 հեղափոխությունների» հեղինակների` ռեժիմի («բռնաճնշումների մեքենայի») հենակետային ինստիտուտների հանդեպ ատելություն սերմանելու հանձնարարականին անշեղորեն հետեւելը: Հիշո՞ւմ եք ինչ տիեզերական աղմուկ բարձրացվեց այսպես կոչված լիբերալ ԶԼՄ-ներում ոստիկանության կողմից Բաղրամյան պողոտան` Երեւանի գլխավոր մայրուղիներից մեկը բացելու գործողությունների հետ կապված: Ընդ որում` նշենք, որ ոստիկանությունը նախապես տեղեկացրել էր ակցիայի մասնակիցներին օրենքով սահմանված կարգով հատուկ միջոցներ կիրառելու իր իրավունքի մասին, եթե ակցիայի մասնակիցները հրաժարվեին ազատել պողոտայի բանուկ մասը: Ավելին, ակցիայի մասնակիցներին առաջարկվեցին այլ տարածքներ քաղաքի կենտրոնում, որտեղ նրանք կարող էին շարունակել իրենց միջոցառումը: Ցուցարարները մերժեցին եւ քշվեցին ջրնետ մեքենաներով: Հետո ով չալարեց` խարանեց ոստիկանության գործողությունները, իբր ոչ համամասնական ուժ կիրառելու, մարմնական վնասվածքներ հասցնելու համար եւ այլն, եւ այլն: Այս միջադեպի շուրջ տեղական եւ հայտնի արտասահմանյան լրատվամիջոցներում ավելի պակաս աղմուկ չբարձրացվեց, քան մարդկային զոհերով ուղեկցված արտասահմանյան բողոքի շարժումները լուսաբանելիս: Նպատակը մեկն էր` «ատելության հրահրում ռեժիմի («բռնաճնշումների մեքենայի») հենակետային ինստիտուտների հանդեպ»:
Զեկուցման մեջ նկարագրված բողոքի շարժումների հաջորդ բնութագրական հայտանիշն այսպես կոչված «կապակցված խորհրդանշանների» կիրառումն է, որոնք հակառակորդին սպառնում են անորոշությամբ (հարձակվող կողմի անանունությամբ եւ նրա գործողությունների անկանխատեսելիությամբ). Գայ Ֆոքսի դիմակը, հարցական նշանը դեմքի փոխարեն: Տառացիորեն օրերս Հայաստանի լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ ս.թ. նոյեմբերի 5-ին Երեւանում տեղի կունենա «անոնիմուսների քայլերթ»: Այս առնչությամբ հետաքրքիր դիտարկում է արել Հայաստանում պոպուլյար «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիրն իր հոկտեմբերի 23-ի «Մեր քաղաքական դաշտի «անոնիմուսները» հոդվածում: Ահա թե ինչ է գրում նա. «Ի տարբերություն նախորդ տարվա մասկարադի, որի ժամանակ դիմակավորներից ամենաագրեսիվներին ոստիկանությունը պարզապես հավաքեց տարավ, հիմա իրավիճակն այլ է: Հանկարծ ինչ-որ հրաշքով Շանթ Հարությունյանի ու մյուսների (Երեւանի կենտրոնում նախանցած տարվա անկարգությունների պաշտպան «անոնիմուսների») բողոքը Եվրադատարանը 15-օրյա ժամկետում վարույթ է ընդունել: Այս դեպքում, ըստ երեւույթին, ընդունվել է քաղաքական որոշում` գործն արագ քննելու վերաբերյալ, եւ չպետք է բացառել, որ մինչեւ նոյեմբերի 5-ը նույնիսկ կհասցնեն Շանթ Հարությունյանին արդարացնող վճիռ կայացնել»: Այդ նույն հոդվածում Հովհաննես Գալաջյանն արդարացիորեն նկատում է. «...ու ինչքան ասես «քաղբանտարկյալ» անվանված կալանավոր ենք ունեցել մեր նորագույն պատմությունում, սակայն ոչ ոքի համար Եվրադատարանը որոշում չէր ընդունում` հավար-հավար գործը քննելու: Շատերի վրա Եվրոպայում պարզապես թքած ունեին»:
Կարելի է շարունակել Զեկուցման մեջ նկարագրված «2.0 հեղափոխությունների» ընդհանուր հայտանիշների համապատասխանությունը Հայաստանի քաղաքական իրողություններին` սահմանադրական բարեփոխման համազգային հանրաքվեի նախօրեին, որը տեղի է ունենալու 2015թ. դեկտեմբերի 6-ին: Բայց կարծում եմ, որ վերը ներկայացվածը թույլ է տալիս անել միանգամայն որոշակի եզրահանգում. այն է` Հայաստանի Հանրապետությունում համակարգային աշխատանք է ծավալված մեր պետության քանդման ուղղությամբ: Թե ով է այս նողկալի մտահղացման պատվիրատուն` այլ հոդվածի թեմա է: Կարեւորն այլ բան է, այն, որ հայտնի են դրա կատարողները, որոնք կոռուպցիայի, անպատժելիության դեմ պայքարի հարմար պատրվակով գիտակցաբար կամ իրենք էլ այդ մասին չիմանալով` հանդես են գալիս որպես հայկական պետականությունը կործանելու բութ գործիքներ: Ընդ որում` արտասահմանցի տիկնիկավարներն իրենց զինանոցում ունեն լավագույն տեսական մշակումների գործնական իրականացման գործիքանին` կառավարելի քաոսի տեսության, ցանցակենտրոն պատերազմների, պետությունների կործանման նորագույն տեխնոլոգիաների ոլորտում: Օրինակի համար վերցնենք վերը նշված ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչների եւ նրանց կողմնակիցների խառնաժողովը Լոռիում: Եթե 10-15 տարի առաջ նման խառնաժողովի հնարավորության մասին որեւէ մեկը ծպտուն հաներ Հայաստանում, առավելեւս` լոյալ վերաբերմունք արտահայտեր նման միջոցառմանը, հաստատ հիվանդանոցում կհայտնվեր (հոգեբուժարանում կամ վնասվածքաբանականում): Իսկ հիմա դրանց կազմակերպիչներն այս թեմայով հարցազրույցներ են տալիս, իրենց նպատակների, ապագայի ծրագրերի մասին են խոսում, պայքարում են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու եւ մերձենալու համար: Սա հնարավոր է դարձել շնորհիվ արդեն ոչ առաջին տարին Հայաստանում կիրառվող PR տեխնոլոգիաների, հանրային գիտակցությունը մանիպուլացնելու մոդելի, որը հետմահու անվանվել է Օվերտոնի պատուհան (այս մոդելի հեղինակ Ջոզեֆ Օվերտոնը զոհվել է ավիավթարից 2003թ.): Ըստ Օվերտոնի` կարծիքների շարժն անցնում է ընկալման հետեւյալ փուլերը. աներեւակայելի, արմատական, ընդունելի, իմաստուն, պոպուլյար, պաշտոնական քաղաքականություն: Հենց Օվերտոնի մոդելը կիրառելով էլ կարող ենք ասել, որ տառացիորեն մի քանի տասնամյակում համասեռամոլության հանդեպ վերաբերմունքը Հայաստանում անցել է հետեւյալ փուլերը: Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանում գոյություն ուներ քրեական հետապնդում համասեռամոլական հարաբերությունների համար, այն վերացվեց 20-րդ դարի 90-ական թթ.: Համասեռամոլների քրեական հետապնդման շրջանը կարելի է, ըստ Օվերտոնի մոդելի, դասել «աներեւակայելի» փուլին: Քրեական հետապնդման վերացմամբ համասեռամոլական հարաբերությունները սկսեցին ընդունվել որպես թույլատրելի, թեեւ արտաքո կարգի մի բան: Ավելին, «գիտնականների, արվեստի գործիչների» մի որոշակի մաս ընդունելի էր համարում համասեռամոլական հարաբերությունները: Բայցեւայնպես, այդ հարաբերությունների մասին խոսելն անվայել էր համարվում «պարկեշտ հասարակությունում», քանի որ այդ հարաբերությունները վերաբերում էին «արմատական» կարգին: Վերջին 10-20 տարում Հայաստանում տեղի է ունեցել նման հարաբերությունների որոշ ինստիտուցիոնալացում, երբ գենդերային հավասարության համար պայքարի հարմար պատրվակով արտասահմանից շռայլորեն ֆինանսավորվող զանազան հասարակական կազմակերպությունները հայկական լրատվամիջոցների էջերում ծավալել են բանավեճ` ի պաշտպանություն չարդարացված ձեւով վարկաբեկվող ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչների: Այսինքն` այն, ինչի մասին առաջ անհնար էր խոսել, հիմա դարձել է «ընդունելի» թեմա` լայն քննարկման համար: Այնուհետեւ մենք պետք է սպասենք, որ Օվերտոնի մոդելին համապատասխան` զանգվածային լրատվամիջոցներով մեր քաղաքացիների հանրային գիտակցության մեջ սերմանվելու է միտքն այն մասին, որ ԼԳՏԲ հանրույթի ներկայացուցիչները` ոչ այնքան սովորական մարդիկ, տաղանդավոր են բոլոր առումներով, բարձր IQ-ով, նրանց մեջ շատ են արտասովոր անձնավորությունները: Օրինակի համար կներկայացվեն հայտնի արտասովոր անձանց անուններ, որոնք ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեն: Հետո ավելի հետաքրքիր է: Բայց սա այս հոդվածի թեման չէ:
Կարեւոր է այլ բան, այն, որ արդեն չի կարելի թաքցնել, որ Հայաստանի Հանրապետությունն այսուհետ եւս ենթարկվելու է դրսից շռայլորեն ֆինանսավորվող ուժերի չթուլացող փորձերին, որոնք հետապնդում են ներսից հայկական պետականության հիմքերը խարխլելու նպատակ: Այս վտանգավոր միտման գիտակցումը մեծ պատասխանատվություն է դնում քաղաքական գործիչների վրա` ժամանակին կասեցնելու ցանկացած ապակառուցողական գործողություն երկրի գործող սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվեի անցկացման նախօրեին:
Վերջաբանի փոխարեն. ս.թ. հոկտեմբերի 21-ին Երեւանում ներկայացվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ծրագիրը: Դրա հիմնական նպատակներն են երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը եւ սահմանադրական բարեփոխումների անցկացումից հրաժարումը: «Ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելն անհնար է, դրան կարելի է հասնել միայն ժողովրդի ապստամբությամբ: Շարժումը մտադիր չէ նահանջել, եւ իր նպատակի իրագործման համար կգնա մինչեւ վերջ: Եթե իշխանություններն այս անգամ համարձակվեն բռնություն կիրառել խաղաղ պայքարի դուրս եկած ժողովրդի դեմ, ապա նրանք պետք է ստանան համարժեք պատասխան մեր բոլորի կողմից»,- Ժ. Սէֆիլյանին մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Եվ այսպես, մեզ առաջարկում են կամ անանուն պատերազմ, կամ ապստամբություն:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Հանրապետական կուսակցությունից,
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում
Հայաստանի խորհրդարանական
պատվիրակության ղեկավար,
«Ազգային միաբանություն»
կուսակցության նախագահ



Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода