ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԼԱՎ ՆՎԵՐ ՀԱՄԱՐԵՑ
Արխիվ 12-16ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ
ԹՈՒՐՔԵՐԻՆ ԼԱՎ ՆՎԵՐ ՀԱՄԱՐԵՑ
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանն այսօր առաջարկեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին հանձնաժողովի նիստի օրակարգի երրորդ հարցը քննարկել դռնփակ:
Երրորդ հարցը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախագիծն է` Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին:
Ըստ Ֆարմանյանի` նախագծում կան պատմագիտական վտագավոր դրույթներ, որոնք հրապարակայնացնելը մեծ վնաս կհասցնի մեր արտաքին քաղաքականությանը, բացի այդ` քարոզչական լավ գործիք կդառնա մեր հարեւան Թուրքիայի ձեռքին: «Ի վերջո, պրն Զաքարյան, մենք հո կրակը չենք ընկել»,- զսպված զայրույթով հավելեց պատգամավորը:
Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ պետք է դռնբաց անցկացնել նիստը, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի խնդրի մասին, առավել եւս այն, ինչի մասին խոսելու է ինքը, հրապարակվել է գրքույկի տեսքով:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւս կողմ էր նիստերի դռնբաց անցկացմանը` փակ նիստերի նախադեպերը համարելով վատ պրակտիկա:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանն էլ ասաց, որ փակ պետք է անել նիստը, քանի որ իրենք կոշտ գնահատականներ հնչեցնելիս կաշկանդված կլինեն. «Չեմ ցանկանում, որ կրակն ընկածի կարգավիճակում հայտնվենք»,- ասաց Արզումանյանը:
Ի դեպ, երբ հանձնաժողովի անդամները ներկայացնում էին իրենց դիրքորոշումները, տիկին Փոստանջյանը այդ գրքույկները բաժանեց ներկաներին:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւս կողմ էր քննարկումը փակ անցկացնելուն, քանի որ արտաքին քաղաքականությունը նրբություններ է պարունակում:
ՀՀԿ պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը եւս համամիտ էր Սամվել Ֆարմանյանի հետ: «Եթե դռնբաց անցկացվի նիստը, ապա սրանից ավելի լավ նվեր Թուրքիայի նախագահ Էրդողանին մենք չենք անի: Դռնբաց անցկացնելով նիստը եւ Սեւրի դաշնագիրը քննարկելով` մենք Թուրքիային ցույց կտանք, որ կողմ ենք պատմական հարցի (նկատի ունի Հայոց ցեղասպանության խնդիրը-խմբ.) համար հանձնաժողով ստեղծելուն եւ տեղավորվում ենք թուրքերի սցենարում»,- հիմնավորեց Գեղամյանը:
ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի կարծիքով էլ էական չէ` Փոստանջյանի նախագիծը բաց թե փակ կքննարկվի:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով էլ ընդհանրապես պետք է քննարկում չանել, քանի որ որքանով ինքը հիշում է, այս հարցը մի անգամ քննարկվել է եւ որոշվել` ընդհանրապես այս հարցը չդնել քվեարկության: «Ես հարգում եմ տիկին Փոստանջյանին, բայց համաձայն չեմ այս նախագծի հետ»,- ասաց Մարուքյանը:
Ի պատասխան Փոստանջյանը հիշեցրեց` նախագիծը երբեք չի քննարկվել, ապա Մարուքյանի դիրքորոշումը համարեց արհամարհանք: «Ես ձեզ չեմ համարում, այլ արհարմարում եմ ձեր նախագիծը»,- հստակեցրեց Մարուքյանը, ապա ասաց` բոյկոտում է նախագծի քննարկումը:
«Լավ եք անում, արհամարհե՛ք»,- հակադարձեց «Ժառանգության» պատգամավորոևւհին:
Ալեքսանդր Արզումանյանը եւս միացավ Մարուքյանին, քանի որ Զարուհի Փոստանջյանը խեղաթյուրեց «թուրք երեխաներին սպանելու» իր խոսքը: «Ես հայտարարում եմ, որ ես պակաս հայրենասեր եմ, քանի որ չեմ պահանջում Թուրքիայի կեսը, ի տարբերություն Զարուհու Փոստանջյանից»,- հեգնանքով ու զայրույթով եզրափակեց Արզումանյանը:
Ի վերջո, ձայների մեծամասնությամբ նախագիծը քննարկվեց դռփակ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ